Անձնական թշնամանք չունի

03/10/2007

«Կփորձեմ շատ սիրել, գուրգուրել ճիշտ այն մարդկանց, ովքեր վիրավորել են «Ազգային Միաբանություն» կուսակցությանը եւ անձամբ ինձ, այն է` հին ու նոր իշխանություններին»,- շաբաթ օրը տեղի ունեցած «Ազգային Միաբանության» տասնամյա գործունեությանը նվիրված կոնֆերանսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: «Ես անձնական թշնամանք չունեմ ոչ Սերժ Սարգսյանի եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ, ուստի բոլորին եմ ասել` եկեք խելք խելքի տանք, հանենք երկիրն այս իրավիճակից»,- ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչների դժգոհություններին, թե Ա. Գեղամյանը ցանկանում է ընդդիմության քննարկումներին մասնակից դարձնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ասել է Գեղամյանը: Կոնֆերանսի ընթացքում Ա. Գեղամյանը չտվեց այն հարցի պատասխանը, թե արդյոք ինքն առաջադրվելո՞ւ է նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Ա. Գեղամյանը վստահեցրեց, որ այդ հարցի պատասխանը ինքը կտա նոյեմբեր ամսին` կուսակցության նախագահության նիստից հետո: «Չգիտեմ` ում ինչ է պետք, մեզ պետք է մեծ, անվտանգ Հայաստան»,- կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արտաշես Գեղամյանը: Իսկ հարցին, թե մեծ Հայաստան ունենալու ճանապարհին հնարավո՞ր է արդյոք՝ «ԱՄ»-ն որոշում կայացնի պաշտպանել, օրինակ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը, «ԱՄ» նախագահը պատասխանել է. «Մեծ Հայաստան ունենալու ճանապարհը պայմանավորված չէ այս կամ այն անձի իշխանության գալով, պայմանավորված է ազգային միաբանությամբ: Ցանկացած քաղաքացի, որը համոզի մեզ, որ՝ այո, ինքն է այդ գաղափարը կրողը` բնականաբար»: