ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ Սիներիկ Հայրապետյանը վաղուց լեզու չի գտնում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ: Պրոֆեսորը կարծում է, որ ԳԱԱ-ն անիմաստ կառույց է եւ վաղուց սպառել է իրեն:
Սիներիկ Հայրապետյանն իր ասածների ճշմարտացիության մեջ համոզելու համար վարչապետ Սերժ Սարգսյանին առաջարկել է մի մասնագիտական «քննություն» կազմակերպել ԳԱԱ-ի համար: Հայրապետյանն ԳԱԱ-ին առաջարկել է 2008-ի աշնանը կազմակերպել գիտնականների համահայկական կոնֆերանս: «Այս կոնֆերանսը նախ հնարավորություն կտար համախմբել աշխարհում ամենահայտնի հայ գիտնականներին, որի արդյունքում էլ գիտական միտքը թերեւս կարող է պատասխան տալ, թե որոնք են լինելու Հայաստանի զարգացման գերակա ճյուղերը: Իմ աշակերտներից 37-ն աշխատում են դրսում, եւ մենք արտերկրում երիտասարդ գիտնականների մեծ ներուժ ունենք: Սակայն այս կարգի գիտնականները Հայաստանում կոնֆերանսների մասնակցելու ժամանակ չունեն, եւ նրանց Հայաստան բերելու համար ավելի հիմնավոր պատճառներ են պետք: Ես առաջարկել եմ ԳԱԱ-ին, որ իր առաջատար ակադեմիկոսներից յուրաքանչյուրը Հայաստան հրավիրի իր ոլորտում աշխարհում հայտնի գիտնականի` սեմինար-քննարկում անցկացնելու նպատակով: Եթե Հայաստան ժամանեն տարբեր բնագավառների աշխարհի առաջատար մասնագետները, ապա մեր գիտնականների մասնակցությունն ապահովված կլինի, որից հետո էլ հնարավոր կլինի անցկացնել գիտնականների համահայկական համաժողով»,- իր առաջարկը հիմնավորում է Սիներիկ Հայրապետյանը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այս գաղափարի իրագործումը բավականին աշխատատար գործընթաց է համարել եւ առաջարկել է սահմանափակվել եկող տարի Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված՝ ֆիզիկայի բնագավառում նման գիտաժողովի անցկացմամբ: Մեր զրուցակիցը նշում է, որ այս գիտաժողովի շրջանակներում պարզ կդառնար, թե մեր ակադեմիկներից ովքե՞ր ունեն միջազգային ճանաչում, եւ ո՞ւմ են դրսում իսկապես մասնագետ համարում: «Դրսի առաջատար մասնագետներին հրավիրելու եւ սեկցիաների տեսքով քննարկումներ կազմակերպելու համար՝ մեր ակադեմիկոսները պետք է կարողանան միջազգային ֆոնդերից ֆինանսավորում ստանալ: Նրանցից ովքեր կֆինանսավորվեին միջազգային կազմակերպություններից, պետության համար կարող են ցուցանիշ լինել, որ նրանց վրա կարելի է հույս դնել: Այս ծրագիրը կարող էր մի մեծ «մաղ» լինել հավերժ պետական ֆինանսավորում պահանջող մեր ակադեմիկոսների համար, եւ համոզված եմ, որ նրանցից քչերին էր հաջողվելու մաղի վրա մնալ: Բնականաբար, ԳԱԱ-ն չէր կարող ընդունել այս ծրագիրը, որովհետեւ նրանց 80 տոկոսն անտեղյակ է ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացից»,- ասում է պրոֆեսորը: 2008-ի աշնանը գիտնականների համահայկական համաժողով անցկացնելու գաղափարն օրակարգային է մնացել միայն կենսագետների համար, եւ Ս. Հայրապետյանը վստահեցնում է, որ ոլորտի աշխարհի առաջատարներն ընդունել են իր հրավերը, ու գտնվել են նաեւ ֆինանսական միջոցները:
Իսկ առայժմ գիտնականը նշում է, որ իրենք տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարված գիտություն-տնտեսություն կապի ճանապարհին առաջարկությունների մի ցանկ են ներկայացրել Կառավարությանը, որով Հայաստանում կարելի է կազմակերպել մի շարք ապրանքների արտադրություններ: Իսկ ընդհանուր առմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի պատվիրատուներն օտարերկրյա կազմակերպություններ են, իսկ վերջին երկու հետազոտությունները կատարվել են ԱՄՆ Պաշտպանության նախարարության պատվերով: «Մենք ԱՄՆ ՊՆ-ի պատվերով մի նյութ ենք ստեղծել, որով եթե պատում ենք շապիկը (պլյոնկա)՝ թռչող օբյեկտները (օդանավերը, հրթիռները) անտեսանելի են դառնում: Այս նույն շապիկն օգտագործվում է բջջային հեռախոսների, համակարգիչների մոնիտորների ճառագայթումը չեզոքացնելու համար: Մեր կառավարությունը կարող է դառնալ այս հեղուկի արտադրողը, սակայն տիրություն չեն անում: ԱՄՆ Ծովային նավատորմի տրամադրած դրամաշնորհով էլ նախատեսված է ուսումնասիրել ինֆրաձայների ուսումնասիրությունը ջրի հատկությունների վրա: Ինֆրաձայներն ամենահզոր զենքն են հանդիսանում` սպանելու առումով: Այս մեթոդը ցույցեր ցրելու համար կիրառվել է Ֆրանսիայում, որն էլ արգելվել է ՄԱԿ-ի կողմից: Ձայնն ազդում է մարդու ներվային համակարգի վրա, եւ անգամ կարող է մարդու սիրտը պայթել»,- գիտական նորարարությունների մասին պատմում է պրոֆեսորը: Ըստ նրա, այս ոլորտի մասնագետները Գերմանիայի եւ Ռուսաստանի պատվերով կատարելագործելու են «դետենզոր» սարքը, որի շնորհիվ հնարավոր կդառնա ողնուղեղի վնասվածքները բուժել նոր մեթոդներով: «Սրանք բավականին լուրջ ծրագրեր են: Սրանով անմիջապես հետաքրքրված է ՌԴ նախագահի առողջությունը վերահսկող հանձնաժողովի անդամ Օլգա Բելակիրովան եւ Գերմանիայի համապատասխան կենտրոնի առաջատար մասնագետ Կուրտ Քինլայնը: Հայաստանը որպես երկրաշարժ եւ պատերազմ ապրած երկիր՝ բավականին շատ հաշմանդամներ ունի: Եթե «դետենզոր» ծրագիրը մենք կատարելագործենք, ապա կարող ենք նախ՝ այդ սարքի արտադրությունը տեղում կազմակերպել, եւ հետո էլ՝ իրականացնել ողնուղեղի վնասվածքների բուժումը` դառնալով տարածաշրջանում եզակի կենտրոն»,- ասում է Ս. Հայրապետյանը: Ամբիոնի կատարած որոշ նորարարություններ Հայաստանում կիրառում են գտել գյուղատնտեսության ոլորտում: Սերմնահեղուկի ակտիվացման մեթոդի փորձարկումը հաջող է անցել խոզերի եւ կովերի մոտ, եւ հաջորդ փուլում նախատեսվում է կիրառել մարդկանց անպտղությունը բուժելու նպատակով: Ցորենի 30-40 տոկոս բերքատվության բարձրացման տեղական մեթոդն արդեն իսկ կիրառում են Իտալիայում: Կրծքի մամոգրաֆիայի համար էլ մշակել են էքսպրես մեթոդ` նոր սարք, որի շնորհիվ հնարավոր է հայտնաբերել կրծքագեղձի ուռուցքները:
Նշենք, որ երեկ Սիներիկ Հայրապետյանը պատրաստվում էր հանդիպել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին: «Ես նախարարից պահանջելու եմ աշխատանքից ազատել ԲՈՀ նախագահ Արմեն Թռչունյանին, այլապես ես դատական հայց եմ ներկայացնելու ԿԳ նախարարության դեմ` կոռումպացված ԲՈՀ-ական եւ ակադեմիական համակարգերին սատարելու համար»,- ասում է մեր զրուցակիցը:
Հ.Գ. Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԳԱԱ ղեկավարության կարծիքը նշված խնդրի կապակցությամբ։