Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ներկայացվել է բրիտանացի լրագրող Թոմաս Դե Վաալիի «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջեւ» գրքի հայերեն թարգմանությունը:
Գիրքը, որի բնօրինակը լույս է տեսել 2004թ., ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մանրամասներն ու դրա հետեւանքները: Գրքի հիմքում ընկած են հեղինակի` Հարավային Կովկասում վեցամսյա ճանապարհորդության ընթացքում արված գրառումները, հանդիպումները, եզակի արխիվներից արված քաղվածքները, ինչպես նաեւ շուրջ 120 հարցազրույցներ` սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Այազ Մութալիբովից՝ մինչեւ ամենասովորական քաղաքացին: Այս գիրքը գրելու հիմնական դրդապատճառը հեղինակը համարում է այն, որ ինքը չի հանդիպել այդ թեմայով այնպիսի աշխատության, որը կտար իր հարցադրումների պատասխանները: «Ես գրեցի այնպիսի գիրք, որը ես կցանկանայի կարդալ: Հավակնություններ չունեմ, որ գիրքը հարյուր տոկոսանոց օբյեկտիվ համարվի, սակայն կարծում եմ, որ այստեղ ակնհայտ երեւում է, թե ինչի կարող է հանգեցնել այսքան փոքր վեճը»,- ասում է Թ. Դե Վաալին: Քննարկման մասնակիցները, այնուհանդերձ, այս հարցում չհամաձայնեցին բրիտանացի լրագրողի հետ եւ ընդգծեցին, որ ԼՂ հակամարտությունն ամենեւին էլ փոքր վեճից չի ծագել, եւ դրա արմատները գնում են ոչ թե 1988թ., այլ շատ ավելի վաղ` նախորդ դարի սկզբները:
Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, քիչ են նման գրքերը, որոնք գրված են հակամարտության գոտուց դուրս` ոչ թե աշխարհագրական, այլ գաղափարական առումով: «Սա խնդրի վերաբերյալ չեզոք մոտեցում եւ հայացք է: Այն, որ գիրքը ճիշտ է եւ «աշխատում է», ցույց է տալիս դրա նկատմամբ կողմերի վերաբերմունքը. ադրբեջանցիներն այն համարում են հայամետ, հայերը` ադրբեջանամետ»,- ասաց նա: Այնուհանդերձ, Ա. Իսկանդարյանը թերություն է համարում այն, որ հեղինակը փորձել է հավասարակշռել կողմերի տեսակետները, ինչը, ըստ նրա, չի կարող հանգեցնել խնդրի լուծմանը: Առաջին անգամ 1995-1996թթ. տարածաշրջան այցելած բրիտանացի լրագրողն արդեն այդ ժամանակ է փորձել հասկանալ, թե ինչպես կարող են հայերն ու ադրբեջանցիները միմյանց այդքան մոտ լինելով հանդերձ` միաժամանակ ապրել բացարձակապես տարբեր աշխարհներում: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ Թ. Դե Վաալին հոռետես է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ: Ըստ նրա` արդեն բավական երկար ժամանակ է, ինչ առկա է այդ «չարաբաստիկ շրջանը». նախագահները շատ զգույշ են, հասարակությունները՝ կասկածամիտ, չկա փոխադարձ վստահություն:
Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու կարեւոր նախապայմաններից հեղինակն առանձնացնում է նաեւ Ադրբեջան-Ղարաբաղ երկխոսությունը: Թ. Դե Վաալին անհասկանալի է համարում Ադրբեջանի` Ղարաբաղում ապրողներին անտեսելու դիրքորոշումը: «Ադրբեջանի համար Ղարաբաղը կա, սակայն այն անտեսում է այնտեղ ապրող մարդկանց: Ադրբեջանը պետք է խոսի Ղարաբաղի հայերի հետ»,- ասում է նա:
«Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջեւ» գիրքը թարգմանվել է ռուսերեն. շուտով կավարտվեն նաեւ ադրբեջաներեն թարգմանության աշխատանքները: