Թեեւ ՀՅԴ-ն նախագահի միանգամից երկու թեկնածու է առաջադրել, սակայն, նկատի ունենալով վերջին տարիներին ՀՅԴ-ի լղոզված կեցվածքը, այդ փաստն առանձնակի հիմքեր չի տալիս պնդելու, թե նշված երկու թեկնածուներից մեկն անպայման մինչեւ վերջ մասնակցելու է ընտրապայքարին: Մանավանդ, եթե ուրվագծվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Ի վերջո, իրավիճակի փոփոխությունները միշտ չէ, որ հաճելի կարող են լինել: Նման պայմաններում ՀՅԴ-ն հազիվ թե իրեն շռայլություն թույլ տա` վտանգի տակ դնել այսօր ունեցած «նաղդ» իշխանությունը: Իսկ ընտրապայքարից դուրս գալու եւ այլ թեկնածուի սատարելու հիմնավորում միշտ էլ կարելի է գտնել: Օրինակ՝ կարելի է ասել, որ ՀՀՇ-ի վերադարձից «երկիրը փրկելու» ազնիվ մղումներով որոշվել է դուրս գալ ընտրապայքարից ու սատարել այլ թեկնածուի: Նման հեռանկարը երեկ հրավիրված ասուլիսում, ըստ էության, չի բացառել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը: Իսկ սա կարող է նշանակել, որ դաշնակներն այսօր խաղում են նաեւ ոչ սեփական թեկնածուի համար: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՅԴ-ի «ոչ սեփական» թեկնածուն վերջում դառնալու է Սերժ Սարգսյանը: Սակայն, վերջերս ՀՅԴ-ում եւ քաղաքական որոշակի շրջանակներում առկա խմորումները վկայում են, որ իրականում
ՀՅԴ-ն հող է նախապատրաստում ոեւէ պահի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունն առաջադրելու համար: Այս տեսլականն իրական է թվում վերջերս Օսկանյանի կողմից ՀՀ գյուղական բնակավայրեր կատարվող այցերի ծիրին մեջ: Ի դեպ, Վարդան Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ հոգնել է արտգործնախարարի պաշտոնից: