Ընտրություններւ ճակատամարտ են՝ համապատասխան զոհերով

01/10/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Դաշնակցությունն առաջիկա ընտրությունների նախընտրական շրջանում մտադիր չէ «սպառել իր ողջ ներուժը», որովհետեւ ՀՅԴ-ն ունի «հեռահար նպատակներ» ու զուգահեռաբար աշխատում է նաեւ այդ ուղղությամբ:

Երեկ «Տեսակետ» ակումբում նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը: Նա այսօրվա քաղաքական իրավիճակը նորմալ է գնահատում ու ակնկալում է, որ «կարող են լինել սուր դրսեւորումներ, որոնք կարող է երբեմն մեր սպասվածից ավելին լինեն»: Նրա ընդդիմախոս, Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը եւս կարծում է, որ կարող են լինել սուր դրսեւորումներ, որոնք նորմալ են Հայաստանի համար, սակայն իրականում դրանք նորմալ չեն, որովհետեւ, ինչպես նկատեց բանախոսը, Հայաստանում սրացումներն ու դրանց դրսեւորումները լինում են բռնությունների, կրակոցների, սպանությունների եւ նմանօրինակ այլ բաների տեսքով: «Հայաստանում սովորաբար նախապատրաստվում են ընտրություններին, ինչպես ճակատամարտի: Եվ անցկացնում են ընտրությունները՝ ինչպես ճակատամարտ՝ համապատասխան զոհերով»,- նշեց Ռ. Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ ՀԺԿ-ն նախագահի առաջիկա ընտրությանն իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ դեռ որոշում չունի, սակայն շատ է կարեւորում միասնական ընդդիմադիր բեւեռի ստեղծումը, «որովհետեւ Հայաստանում այնպիսի վիճակ է, որ որեւէ մեկ քաղաքական ուժ կամ մեկ թեկնածու, ինչպիսի հասարակական աջակցություն էլ նա ունենա, հազիվ թե կարողանա բեկում մտցնել այն գործընթացներում, որոնք այսօր տեղի են ունենում»: ՀԺԿ-ն, ըստ Ռ. Խաչատրյանի, մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող քաղաքական գործընթացներում վեր է կանգնում անձնական զգացմունքներից եւ հիշողություններից, որովհետեւ, «եթե ընկնենք այդ հիշողությունների գիրկը, քաղաքական շատ քիչ կուսակցություններ կլինեն, որոնք երբեւէ չեն հարվածել ՀԺԿ-ին»: Իսկ ահա դաշնակցական տիկին Առաքելյանն էլ գտնում է, որ քաղաքական դաշտում փոքր-ինչ առաջխաղացում կա: «Միայն այն հանգամանքը, որ քաղաքական ուժերը փորձում են իրար հասկանալ, երբեմն՝ նաեւ ներողամտաբար, սա մեկ քայլ առաջ է,- կարծիք հայտնեց Ռ. Առաքելյանն ու հավելեց,- Իսկ բախումներ անպայման կլինեն: Դրանք կարող են բռունցքներով լինել, կրակոցներով, թե խոսքերով, ես չեմ կարող կանխատեսել»: «Ես բարձր եմ գնահատում ձեր ազնվությունն այն առումով, որ կազմելով իշխանության մաս, դուք ազնվորեն նշեցիք, որ չեք կարող կանխատեսել բախումների որակը, չափը եւ այլն: Շատ ավելի լավ կլիներ, եթե իշխանությունը ներկայացնող պատգամավորը վստահաբար կարողանար ասել, որ երաշխավորում է, որ ընտրություններն անցնելու են ազնիվ, առանց բախումների եւ առանց միջադեպերի»,- արձագանքեց Ռուզան Խաչատրյանը: Վերջինիս հավաստմամբ՝ ՀԺԿ-ն ունի նախագահի իր թեկնածուն, եւ դա Ստեփան Դեմիրճյանն է: Միաժամանակ նա դարձյալ շեշտեց, որ իրենք կարեւորում են երկրի ապագան, վեր են կանգնում անձնական ու ներկուսակցական խնդիրներից ու պատրաստ են սատարել այն թեկնածուին, որի շուրջ համաձայնության կգան գոնե մի շարք առանցքային կուսակցություններ: Նա կարծիք հայտնեց նաեւ, որ այն, որ ոմանք հայտարարել են առաջադրվելու իրենց որոշման մասին, կարող է եւ վերջնական որոշում չլինել: «Դեռ ժամանակ կա, բանակցությունները շարունակվում են, կարծում եմ՝ դեռ փոփոխություններ կլինեն»,- նշեց տիկին Խաչատրյանը: Իսկ նախագահի ընտրության մասին ՀՅԴ-ի որոշումը վերջնակա՞ն է: Կարո՞ղ է դաշնակցականները պայքարի կեսից փոշմանեն: Այս հարցադրումներին ի պատասխան, դաշնակցական պատգամավոր Ռ. Առաքելյանն ասաց. «Ես հավատում եմ Դաշնակցության սկզբունքայնությանը եւ մտածում եմ, որ Դաշնակցությունը մինչեւ վերջ պայքարելու է»: Իսկ հնարավո՞ր է` ինչ-որ պահի, ասենք, ՀՀՇ-ից «երկիրը փրկելու» «հիմնավորմամբ»՝ ՀՅԴ-ի թեկնածուն ընտրապայքարի կեսից հանի իր թեկնածությունն, ու ՀՅԴ-ն սատարի այլ թեկնածուի: Այս տարբերակը տիկին Առաքելյանը չբացառեց՝ ասելով. «Մենք այդ մասին դեռ չենք խոսել»: Իսկ ընտրությունների հավանական կեղծման պարագայում որտե՞ղ է լինելու ՀՅԴ-ն, հնարավո՞ր է, որ՝ ընդդիմության հետընտրական հանրահավաքային պայքարին: «Եթե արդար ընտրություններ լինեն, եթե չլինեն ակնհայտ կեղծումներ, գռեհիկ կեղծումներ, բնականաբար Դաշնակցությունը չի կարող ինքնանպատակ ընդդիմության դաշտ մտնել: Իսկ եթե ընտրությունները կեղծվեն, եւ դա լինի քաղաքակրթության բոլոր օրենքներին դեմ, դա կլինի որեւէ քաղաքական ուժին անհարիր, բնականաբար, ՀՅԴ-ն ինքը կորոշի, թե ինչպես դուրս գա պայքարի՝ առանձի՞ն, թե՞ ինչ-որ մի ուժի հետ»,- պատասխանեց ՀՅԴ-ական պատգամավորը: Լրագրողներից մեկը «հիշեցրեց», որ 2003-ին ՀՅԴ-ն հայտարարեց, թե խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, 2007-ին ասացին, թե իրենցից ձայներ են գողացել: Սակայն այդ ամենից հետո իշխանությունը կիսեցին այն ուժի հետ, ում մեղադրում էին այդ կեղծիքների համար: Հիմա ի՞նչ է փոխվել: Որտե՞ղ է ՀՅԴ-ի սկզբունքայնությունը: «Մենք միշտ էլ սկզբունքային ենք եղել: Մենք սկզբունքային ենք եղել մինչեւ կոալիցիա մտնելը, սկզբունքային ենք եղել կոալիցիայի մեջ, սկզբունքային ենք այսօր: Կեղծիքների մասին մենք մշտապես ուղղակի փաստն արձանագրել ենք: Փաստն արձանագրել ենք, որ այս-այս չափի կեղծիքներ են եղել»,- նշեց Ռ. Առաքելյանը: Իսկ հարցին, թե արդյո՞ք 2008-ին նույնը չի լինի (սկզբից հայտարարեն, թե ընտրությունը կեղծիքներով է անցել, հետո կոալիցիա կազմեն կեղծողի հետ), բանախոսը պատասխանեց. «Կարող է եւ լինել»: Դաշնակցական պատգամավորը նշեց, թե քաղաքականությունը խաղ չէ: Այս մտքի հետ համաձայնեց Ռ. Խաչատրյանը, ով միաժամանակ նաեւ հարցրեց. «Բայց ինչո՞ւ են քաղաքականության մեջ այդքան շատ խաղամոլներ եւ թմրամոլներ հայտնվել»: