Նախօրեին, ուշ երեկոյան ձերբակալվել է Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան, նա մեղադրվում է դրամաշորթության, փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման եւ անփութության մեջ: «Մեղադրանքներն առաջադրվել են օրենքով նախատեսված կարգով»,- ասել է գլխավոր դատախազի տեղակալը եւ հավելել, որ Դատախազությունը երկամսյա նախնական կալանք է պահանջելու նախկին նախարարի համար: «Մենք չենք հանդուրժելու կոռուպցիան: Մենք պայքարելու ենք դրա դեմ՝ անկախ տվյալ անձի դիրքից եւ կուսակցական պատկանելությունից»,- վստահեցրել է Նիկա Գվարամիան: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ՝ վրաց մի խումբ ընդդիմադիր գործիչներ ժողովրդին կոչ են արել զանգվածային հանրահավաք անցկացնել խորհրդարանի շենքի մոտ՝ ի նշան նախկին նախարարի ձերբակալության դեմ բողոքի: Նրանք համոզված են, որ իշխանությունների այդ քայլը պատասխանն է օրերս Օքրուաշվիլիի արած հայտարարությունների, որոնցում կառավարության նախկին անդամը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մի շարք մեղադրանքներ էր ուղղել, այդ թվում՝ սպանություններ պատվիրելու, կոռուպցիայի, երկիրը «ֆաշիստական» մեթոդներով կառավարելու, Վրաց ՈՒղղափառ եկեղեցին վարկաբեկելու մեջ: Օքրուաշվիլիի փաստաբան եւ նրա գլխավորած կուսակցության անդամ Էկա Բեսելիան, ով ձերբակալությունից հետո հանդիպել է իր պաշտպանյալի հետ, թղթակիցներին հայտնել է, որ նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքները: Վրաստանի կառավարության նախկին անդամի ձերբակալությանն արդեն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նա թղթակիցներին ասել է, թե տեղյակ չէ՝ ինչ մեղադրանքներ են առաջադրվել Օքրուաշվիլիին, եւ չի կարող դատել, թե որքանով է արդարացված կալանքը, սակայն անչափ կարեւորում է, որպեսզի քննությունն առավելագույնս թափանցիկ եւ բաց լինի, եւ մեղադրանքները հաստատվեն համոզիչ ապացույցներով: Բրայզան վստահություն է հայտնել, որ Վրաստանի արդարադատությանը կհաջողվի դա անել, քանի որ, նրա խոսքերով, դատական համակարգը Վրաստանում վերջին տարիներին մեծ առաջընթաց է արձանագրել: Ամերիկացի դիվանագետի խոսքերով՝ նման բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը վկայում է, որ օրենքի իշխանությունը Վրաստանում ամեն ինչից վեր է: