«Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի նկատմամբ սեպտեմբերի 25-ին կայացված մեղադրական դատավճիռը վերստին փաստում է, որ դատական իշխանության իրականացման քողի ներքո սահմանափակվում են խոսքի ու քաղաքացիական ազատությունները»,- ասված է «Ժառանգություն» կուսակցության՝ երեկ տարածած հայտարարությունում:
«Հերթական անգամ ներքաղաքական վճռորոշ զարգացումների հանգրվանում թափ են առնում քաղաքական հալածանքների տարաբնույթ դրսեւորումները: Ծառայամտական անպարկեշտությունը, որով ներթափանցված է դատավճիռը, Հայաստանում տիրող ավտորիտարության վառ ապացույցն է, քանի որ սեփական կարծիքն արտահայտելու համար մարդկանց ազատազրկման մեջ պահելը հարիր չէ ժողովրդավարության սկզբունքներին: Այսօրինակ դատավճիռները ոչ միայն ամոթալի են հայ ժողովրդի համար, այլեւ լրջորեն վնասում են մեր երկրի միջազգային հեղինակությանը: Բարոյական առումով այն դատավճիռ է հենց հայրենի դատական իշխանություններին: Դրանով ազգի նվիրյալների ապօրինի դատապարտումը դառնում է ողջ հասարակության խնդիրը, նրա քաղաքացիական հասունության վկայագիրը: Իրավական կամայականություններն են, որ գնալով մեծացնում են ժողովուրդ-իշխանություն վիհը, իրապես սպառնում երկրի անվտանգությանը»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Վահան Արոյանի նկատմամբ վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրան դատապարտելով 2 տարվա ազատազրկման (առաջին ատյանի դատարանը Արոյանին դատապարտել էր 1,5 տարվա ազատազրկման):