ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում շրջանառվում է «Նավթամթերքների պահեստարանների եւ լցակայանների անվտանգ շահագործման կարգը»: Այս կարգը մշակել եւ նախարարությանն է ներկայացրել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը:
Եթե կառավարությունը հաստատի նշյալ կարգը, ապա Հայաստանում առկա մոտ 300 բենզալցակայանների մոտ 60-70 տոկոսը ենթակա են քանդման: Սա նշանակում է, որ բենզալցակայանների մոտ 70 տոկոսը կառուցվել են անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով` գտնվում են հենց ճանապարհների վրա, խախտվել է մոտակա շինություններից հեռու գտնվելու նորմը կամ սրանց պահեստարանները պարզապես տեղակայված են շենքերի հիմքերի մոտ: Բնականաբար, պետական մարմինն այս կանոնակարգի կյանքի կոչման ճանապարհին հաշվի է առնում նաեւ բենզալցակայանների սեփականատերերի կարծիքները, որն էլ չի ուշացել եւ գրավոր տեքստով ներկայացվել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին: Մեր` Կենտրոնում գտնվելու ժամանակ այնտեղ էր նաեւ բենզալցակայանների մեծ ցանց (26 լցակայան) ունեցող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Վերը նշված կարգի մասին իր ներկայացրած կարծիքում «Ֆլեշ» ընկերությունը նշել է, որ անվտանգության նորմերին չհամապատասխանող իր բենզալցակայանների ապամոնտաժման աշխատանքները կպահանջի մոտ 1.5-2 մլրդ դրամի ուղղակի ծախս, բացի այդ` ընկերությունը կկրի եւս 4-5 մլրդ դրամի վնաս` իր գործունեությունը վերակազմակերպելու համար: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պետությունը պետք է այսքան գումար փոխհատուցի «Ֆլեշին»: Բարսեղ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ միշտ չէ, որ այստեղ բենզալցակայանների տերերն են մեղավոր: «Արշակունյաց 210 հասցեում` Բանվորի արձանի մոտ գտնվող մեր բենզալցակայանը կառուցել ենք 2000 թվականին: Այդ ժամանակ ամենամոտ կառույցը գտնվում էր 100 մետր հեռավորության վրա (նորման 25 մետր է): 2007-ին մեզնից ընդամենը 3 մետր հեռու շինանյութի մեծածախ շուկա են կառուցել»,- ասում է Բ. Բեգլարյանը: Բենզալցակայանների մյուս խոշոր սեփականատերը` «Միկա լիմիթեդ թրեյդինգն» անվտանգության նոր կարգի վերաբերյալ իր կարծիքում պատասխանել է, որ իրենց տարածքներ են հատկացվել օրենքով սահմանված կարգով, մինչ օրս էլ իրենց լցակայանները շահագործվել են անվտանգ, եւ նոր կարգի ընդունման դեպքում պետությունը պարտավոր է փոխհատուցել իրենց կրած վնասները: Ընկերությունը պահանջում է նաեւ այս կարգը տարածել միայն կառուցվելիք լցակայանների վրա: Ինչի՞ց ելնելով է «Միկան» որոշել, որ անվտանգ է շահագործել իր բենզալցակայանները, այն դեպքում, երբ բոլորովին վերջերս է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը մշակել Բենզալցակայանների շահագործման կարգը: «Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, կամ, ասենք, մի մեքենա հարվածեր բենզինի ապարատներին, ոչ ոք չգիտեր` ինչ պետք է անի: Հիմա գոնե գիտենք` ինչից հետո ինչ պետք է անենք: Մինչ այսօր բենզալցակայանների աշխատանքը կանոնակարգող ոչ մի կարգ էլ չենք ունեցել»,- իր գործընկերոջ եւ նաեւ իր գործունեության մասին ասում է Բեգլար Բարսեղյանը: Ստեղծված իրավիճակում, երբ կողք կողքի կառուցվել են ոչ մի նորմի մեջ չտեղավորվող կառույցներ, ի՞նչ պետք է անի պետությունը: Եթե քանդում է այս կառույցները, ապա պետական բյուջեն մոտ 10 մլրդ դրամի փոխհատուցման պարտավորություններ է ստանձնում, իսկ եթե չի քանդում, ապա նշանակում է` Հայաստանում մարդու կյանքի անվտանգությունը, մեղմ ասած, երկրորդական պլանում է: Տեխնիկական անվտանգության Կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը վճռական է տրամադրված եւ ասում է, որ նորմայի խախտումներով կառուցված բենզալցակայանները պետք է քանդվեն: «Սակայն, մինչ այդ, հաշվի առնելով շահագործողների կարծիքները, յուրաքանչյուր դեպք պետք է ուսումնասիրվի, որի արդյունքում էլ պարզ կդառնա, որ պետությունը միանշանակ բոլոր դեպքերի համար չէ, որ պետք է փոխհատուցի: Պետությունն արդեն մի փորձ ունի` կապված խաղատների հետ: Սկզբնական շրջանում այս ծրագիրն անհնարին էր թվում, որի սեփականատերերը երեւելիներ էին համարվում, սակայն փաստ է, որ այսօր մայրաքաղաքում խաղատուն չունենք: Կարծում եմ, նույնն էլ կլինի բենզալցակայանների պարագայում, առավել եւս այստեղ գործ ունենք մարդկային կյանքի հետ»,- ասում է Աշոտ Պետրոսյանը: Իսկ այսօր մարդկանց կյանքի համար վտանգավոր համարվող բազմաթիվ այդպիսի լցակայանների օրինակներ կան: Բավական է միայն հիշել 2003 թվականին այդպիսի մի լցակայանի շինարարության շուրջ բարձրացված աղմուկը, երբ Երեւանի Շինարարների փողոցի վրա, բազմաբնակարան շենքի բակում բենզալցակայանի կառուցման թույլտվություն էր տրվել: Չնայած շենքի բնակիչները տարբեր միջոցներով բողոքեցին դրա դեմ, այդ մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, սակայն լցակայանը կառուցվեց ու այսօր էլ շահագործվում է: Ընդ որում, իրենց պահեստարանները խաղահրապարակում տեղադրելու համար լցակայանի սեփականատերերը նախ չորացրեցին շենքի բակի բոլոր ծառերը: Բենզալցակայանների անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով կառուցված մի օրինակ էլ Բարսեղ Բեգլարյանն է հիշում: «Տիգրան Մեծ պողոտայից դեպի երկաթգծի կայարան տանող ճանապարհին գտնվող «2X2» լցակայանի բաքերը տեղադրված են հենց երկաթգծի կամրջի տակ»,- բնականաբար, իր ընկերությանը չպատկանող լցակայանի մասին հիշեցնում է Բեգլարյանը: Իսկ Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանն էլ հավելում է, որ Կոմիտասի պողոտայում հենց ճանապարհների վրա «սնկի նման աճած» բոլոր լցակայաններն էլ ենթակա են քանդման: Պետրոսյանը նշում է նաեւ, որ երբ խոսքը վերաբերում է անվտանգությանն ու մարդու կյանքին՝ ՊՈԱԿ-ի համար արտոնյալներ չկան: Ու այստեղ բենզալցակայանները միակ կառույցները չեն, որ չեն համապատասխանում անվտանգության նորմերին: Ըստ նրա, օրինակ, Արմավիրի պահածոների գործարանը հաշվառման չի ներկայացրել իր վտանգավոր օբյեկտները, որի համար էլ տուգանվել է 1մլն դրամի չափով: Գործարանի սեփականատեր Զարեհ Սարգսյանը` Կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահը, դատական գործ է հարուցել Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության դեմ: Անվտանգության նորմերին չհամապատասխանող մյուս կառույցը, ըստ Ա. Պետրոսյանի` «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկան է, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Ցուցակը շարունակում է Երեւանի ալրաղաց կազմակերպությունը, որի նախկին սեփականատերը նույնպես ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն էր, իսկ ներկայումս այն պատկանում է կրկին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Այդուհանդերձ, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը ոլորտը կարգավորելու համար չունի ամենամեծ լծակը` վերահսկողության գործառույթը: