Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել: Նա նախ տեղեկացրեց իր պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված օրենսդրական նախաձեռնությունների մասին, այնուհետեւ շեշտեց, որ ավելացել են պետբյուջեի մուտքերը` այս ոլորտից հավաքագրված վճարների հաշվին: Նախարարը հայտարարեց նաեւ մի շարք խախտումների հայտնաբերման մասին: Բնապահպանական տեսչությունը ստուգայցերի ընթացքում 519 տնտեսվարողներից 492-ի մոտ հայտնաբերել է տարբեր տեսակի բնապահպանական խախտումներ: Խախտումներ են արձանագրել մթնոլորտի, հողի, ջրի, թափոնների, ընդերքի, բուսական, կենդանական աշխարհի պահպանության ոլորտներում: Նախարարության տարածած հաղորդագրությունում անգամ նշվել են խախտումներ կատարողների անուններն ու տվյալները, սակայն խոսք անգամ չկա ամենամեծ խախտումների ու հասարակական հնչեղություն ստացած խնդիրների մասին: Նախարար Հարությունյանը Գետառի կառուցապատման եւ մայրաքաղաքում թափ առած շինարարության բնապահպանական հետեւանքների մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե` Գետառի կառուցապատման նախագծերը չեն անցել բնապահպանական փորձաքննություն, եւ իրենք դիմել են Երեւանի քաղաքապետին, որպեսզի այս ծրագրերը ներկայացվեն փորձաքննության: «Երբ որ փորձաքննությունն անցկացնենք, հանրությանը կտեղեկացնենք արդյունքների մասին: Ոչ միայն Գետառի, նաեւ գետնանցումների հետ կապված համապատասխան փորձաքննություն չի իրականացվել, եւ մենք եւս մեկ անգամ զգուշացրել ենք քաղաքապետարանին` պահպանել համապատասխան ընթացակարգը: Ընդհանրապես այսօրվա քաղաքաշինական կառուցապատումները չեն անցել բնապահպանական փորձաքննություն»,- ասաց նա: Ա. Հարությունյանն այնուհետեւ խոստովանեց, որ Գետառի ու գետնանցումների հարցում նեղ իրավիճակում է հայտնվել եւ իր ասելիքն այնքան էլ ճիշտ չի ձեւակերպել: Ա. Հարությունյանը սխալների ուղղում կատարելու հնարավորություն կունենա թերեւս հաջորդ ասուլիսի ժամանակ: Ի՞նչ կփոխվի նախարարության փորձաքննությունից, թերեւս ոչինչ:
Բնապահպանության տեսչությունը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանում ոսկու հանքավայրերի հետազոտությամբ զբաղվող «Գլոբալ գոլդում» անասելի խախտումներ են հայտնաբերել: Ի՞նչ խախտումների մասին է խոսքը, եւ ինչո՞ւ ՀՀ կառավարությունն առաջինը հաշտություն կնքելու նախաձեռնություն ցուցաբերեց: Այս հարցերին ի պատասխան՝ նախարարը հղում արեց ՀՀ Գլխավոր դատախազությանը: Հիշեցնենք, որ «Գլոբալ գոլդը» Վաշինգտոնի ներդրումների արբիտրաժ ՀՀ Կառավարության դեմ հայց էր ներկայացրել` ներդրումներին խոչընդոտելու մեղադրանքով: «Դատախազությունն է կառավարության կողմից լիազորվածը, ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, եւ նա է տիրապետում մանրամասներին»,- հարցից խուսափեց Հարությունյանը: Նախարարը լրագրողներից տեղեկացավ, որ Կառավարության եւ «Գլոբալ գոլդի» վերջնական համաձայնությունը չի կայացել, քանի որ դեռեւս շփման եզրեր չեն գտել մի կետի վերաբերյալ: Ապօրինի ծառահատումների մասին էլ Հարությունյանը նշեց, որ այս երեւույթն իսպառ վերացվել է: Մինչդեռ «Հայանտառի» տնօրենն էլ հայտարարել է, թե Հայաստանից սանիտարական հատման անվան տակ հատված փայտի 90 տոկոսն արտահանվում է Իրան: Լրագրողները տեղեկացրին, որ ապօրինի ծառահատումները մեծ թափ են առել Թեղուտի անտառներում` կապված նոր հանքավայրի հնարավոր շահագործման հեռանկարի հետ: Ասուլիսին ներկա նախարարության իրավասուները զարմացած տեսք ընդունեցին, թե Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվությունը դեռեւս քննարկվում է իրավասու գերատեսչություններում: Արամ Հարությունյանը հույսը չի կորցրել եւ ասում է` կգտնենք թույլյտվություն տալու ձեւը: Սակայն մինչ թույլտվությունը կյանքի կկոչեն, հանքավայրի պոտենցիալ շահագործողներն արդեն Թեղուտում սկսել են իրենց գործը: Ի՞նչ ժառանգություն է ստացել Հարությունյանը: «Լավին էլ, վատին էլ տեր եմ»,- չի դժգոհում բնապահպանության նախարարը: