Կրթության եւ գիտության նախարարությունը երեկ կառավարություն է ուղարկել կրթության զարգացման համալիր ծրագիրը` 2015թ. կտրվածքով, որը կքննարկվի կառավարության առաջիկա նիստերից մեկում:
Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը. «Մեր փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ մեր կրթական ծրագրերի ստանդարտները համապատասխանեցնենք այսօր գործող խոշորագույն կրթական դաշտին` Եվրոպայի կրթական համակարգին: Մենք Հայաստանի կրթությունը տեսնում ենք իբրեւ եվրոպական կրթական ստանդարտներին բացարձակապես համարժեք որակ ու կառուցվածք ունեցող համակարգ, որը դրանով իսկ պետք է հետաքրքրություն առաջացնի մեր հարեւան այն երկրների մոտ, որոնք այդ դաշտից դուրս են: Եթե մեր կրթությունը գրավիչ լինի, այն նաեւ մեր հարեւան երկրների ուսանողներին կգրավի: Մենք այստեղ տեսնում ենք նաեւ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ մեր կամրջող դերը, քանի որ լինելով այս տարածաշրջանում ու շատ մոտ գտնվելով արեւելյան արժեքահամակարգին եւ միաժամանակ ունենալով եվրոպական կրթական համակարգ` կարող ենք շատ գրավիչ լինել վերջինների համար: Կոնկրետ այս ծրագիրը բաժանվելու է մի քանի ենթածրագրերի, որոնք ոչ միայն կառուցվածքային են, այսինքն` հանրակրթություն, միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական, այլեւ ունենալու են լոկալ ծրագրեր»,- ծրագիրն այսպես է ներկայացրել Լեւոն Մկրտչյանը: Ըստ նրա, այսօրվա կատարած փոփոխությունների արդյունքը կնկատվի 4-5 տարի հետո: Նա նշեց, որ այն, ինչ հիմա ունենք եւ ինչից իրավացիորեն դժգոհում ենք, սրանից 7-10 տարի առաջ կատարված քայլերի արդյունք է: Դժվար չէ նկատել, որ դա համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ ԿԳ նախարարությունը ՀՅԴ-ինը չէր, Լեւոն Մկրտչյանն էլ նախարար չէր: Ինչեւէ: «Եթե այսօր պրոբլեմներ ունենք, երեւի դա նրա արդյունքն է, որ գրիչի մի հարվածով մեկ օրվա մեջ Երեւան քաղաքի բոլոր դպրոցների փորձառու տնօրեններն ազատվեցին աշխատանքից, եւ եկան դպրոցների հետ կապ չունեցող շատ անձնավորություններ: Կամ բնագիտության այսօրվա անկումային վիճակը նրա արդյունքն է, որ մենք ժամանակին արագ կերպով սկսեցինք մտցնել տարբեր առարկաներ մեր կրթակարգերի մեջ` ասելով, որ սա անհրաժեշտ է ժողովրդավարական տեսակետից, կյանքի հմտությունների տեսակետից, սա պետք է մեր հոգեւորը լինի, եւ այլն, ու արդյունքում հասանք նրան, որ, օրինակ, քիմիան մեկ ժամով ենք դպրոցում անցնում: Եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք բնագիտական հենքը մեր հանրակրթության մեջ: Հիմա այլ կերպ ենք վարվում»,- հայտարարեց ԿԳ նախարարը: Նա անդրադարձավ նաեւ բուհերում անցկացվող ավարտական քննություններին` նշելով, որ դրանց համակարգը նույնպես պետք է փոխվի, քանի որ ավարտական քննությունների անցկացման ձեւն այսօր սիմվոլիկ բնույթ է կրում. «Անընդհատ ուշադրություն դարձնելով ընդունելության քննություններին` մենք աչքաթող էինք արել վերջնական արդյունքը: Հիմա մենք մշակել ենք դրանց անցկացման նոր կարգ: Մենք ուզում ենք, որ քննությունը երեք կողմ ընդունեն` դասախոսական կողմը, աշխատաշուկայի տերը, այսինքն` բիզնեսի ներկայացուցիչը, որ վաղը պետք է այդ մասնագետին վերցնի աշխատանքի, ու ոլորտի պատասխանատուն: Այսինքն, եթե մենք, օրինակ, ճարտարագիտական համալսարանում քննություն ենք անցկացնում, Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները պետք է լինեն քննող հանձնաժողովում, ինչպես նաեւ` բիզնեսի ներկայացուցիչներ: Իսկ քննող հանձնաժողովի անդամները չպետք է լինեն տվյալ բուհի ներկայացուցիչներ, որպեսզի նաեւ մասնագիտական մրցակցություն լինի»:
Պրն Մկրտչյանի հավաստմամբ` այս տարվա ընթացքում կրթության որակի ազգային ծառայությունն իրականացնելու է Հայաստանի բուհերի ռեյտինգավորում: Նա ավելացրեց, որ արդեն կապ չի ունենա, թե դա փառապանծ անցյալ ունեցո՞ղ բուհ է, թե՞ նոր ստեղծված:
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցին, ապա ԿԳ նախարարը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել նաեւ դասարանների ծանրաբեռնվածությունը: Ժամանակն է՝ անցելու երկու ստանդարտի. «Այսինքն, Երեւանը, Գյումրին եւ Վանաձորը մի չափանիշ պետք է ունենան, գյուղական միջավայրը` մեկ այլ: Բարձր լեռնային տեղերում դպրոց ունենք, որտեղ 12-13 աշակերտ կա: Ու մոտիկ տեղերում այլ դպրոց չկա, որ կարողանանք այդ երեխաներին տեղափոխել: Այդ տիպի դասարանների ցանկը պետք է ունենանք ու փորձենք նրանց համար ծրագրեր մշակել: Մեր կրթությունը խիստ կախված է նաեւ տվյալ տարածքի զարգացման հեռանկարից: Եթե մի գյուղում դպրոց պահենք, որը չունի ապագա, ծախս անենք, այն իրեն չի արդարացնի: Եթե դպրոց կա, ուրեմն պետք է ջրագիծ լինի, ճանապարհ լինի, գազիֆիկացում: Եթե այս երեքը կան, դպրոց չկա, վատ է: Եթե հակառակն է, էլի վատ է: Դրա համար, արդեն երրորդ տարին է` բոլոր մարզերից խնդրում ենք իրենց զարգացման ծրագրերը: Եթե պետք է միջին մասնագիտական հաստատություն ունենանք տվյալ մարզում, եւ պետությունը պատրաստ է այն վերանորոգել եւ այլն, պետք է իմանանք, թե մարզը որ ուղղությամբ է զարգանում, որպեսզի այդտեղ տվյալ մասնագիտությունների վրա շեշտը դնենք»,- նշեց Լ. Մկրտչյանը: