Մի երկու տարի առաջ, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ինչ-որ երկիր կատարած այցելության ժամանակ կանգ էր առել փողոցում եւ զրույց սկսել անցորդների հետ, ճարպիկ մեկը հաջողացրել էր թռցնել նրա ձեռքի ժամացույցը: Բուշը բավական տխրել էր, եւ անգամ Սպիտակ տան մամուլի քարտուղարի միջոցով խնդրել էր գողին` վերադարձնել ժամացույցը: Ժամացույցը բնավ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության արտադրանքը չէր: Ինչպես Բուշը խոստովանեց, ինքն այն գնել էր ընդամենը հիսուն դոլարով: Պարզապես դրա ետեւում մակագրություն կար, ինչն էլ ժամացույցը դարձնում էր անձամբ Բուշի համար անչափ թանկ: Կորուստը, հասկանալի է, չվերադարձվեց, սակայն շատերի համար անակնկալ էր, որ գերտերության ղեկավարը կրում է սովորական, հիսուն դոլարանոց ժամացույց: Ամերիկյան ամսագրերի ուշադրությունից չէր վրիպել նաեւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Բիլ Գեյթսի անփութությունը սեփական արտաքինի, հագուկապի հանդեպ: Վերջինս կրում է ամենեւին ոչ թանկարժեք կոստյումներ, նրա ակնոցի շրջանակի էժանությունը երեւում է անգամ անզեն աչքով: Սակայն նա դրանից ամենեւին վատ չի զգում, եթե չասենք ավելին` չի նկատում:
Նման վերհուշներ ստիպեց անել օրերս ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցած հերթական տխուր միջադեպի մասին ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, կովկասցու արտաքինով երկու հանցագործ դանակահարել են ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին եւ կրակել նրա վրա: Այս լուրը լսելուց հետո առաջին արձագանքը, հասկանալի է, զայրույթն էր. Ռուսաստանում հայերի հանդեպ ոտնձգությունները ոչ մի կերպ չեն դադարում: Սակայն լրատվության հաջորդ մասը ստիպեց հետաձգել զայրույթը: Դեպքը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորի, այսինքն` ժողովրդի ընտրյալի հետ, գիշերվա ժամը չորսին: Խաղատանը: Լրատվության մեջ շեշտվում էր, որ նմանատիպ մի դեպք էլ պարոն Արզաքանցյանի հետ պատահել էր մոտ մեկ տարի առաջ. նրանից հանցագործները գողացել էին 50 հազար դոլար արժողությամբ բջջային հեռախոսն ու «Ֆրանկ Մյուլլեր» ֆիրմայի ժամացույցը: Հուսալով, որ ԱԺ պատգամավորն արագ կապաքինվի եւ կվերադառնա իր նախընտրած օրենսդրական աշխատանքին, այնուամենայնիվ, մեզ անչափ հետաքրքրեց, թե ինչպիսին պետք է լինի բջջային հեռախոսը, որ արժենա 50 հազար դոլար: Ընդ որում, նման արժողությամբ բջջային հեռախոս ունի ոչ միայն պարոն Արզաքանցյանը: Մասնագետները, ումից հետաքրքրվեցինք այդ թանկարժեք հեռախոսի արժանիքներից, տարակուսում էին` նշելով, թե դժվար է պատկերացնել այդ կարգի հեռախոսի գնագոյացման սկզբունքը, սակայն վկայեցին, թե նման գին հնարավոր է, եթե հեռախոսը լինի պլատինից եւ պատված լինի բազում ադամանդներով: Հեռախոսի հնարավոր ֆունկցիաների մասին արված կատակները մեջբերել նպատակահարմար չենք գտնում: Թե առհասարակ ինչը կարող է թեկուզեւ շատ հարուստ մեկին ստիպել ունենալ 50 հազար դոլարանոց բջջային հեռախոս կամ, ինչպես ՀՀ գլխավոր դատախազի օգնականներից մեկը, տանն ունենալ լողավազան, ուր լող են տալիս … կոկորդիլոսներ, կարող են պատասխանել կա՛մ հոգեբանները, կա՛մ բժիշկները: Այն, որ հայ մեծահարուստների տներում ջրավազանների շուրջ հեզաճկուն սահում են սիրամարգերը, բակերում մռնչում են արջերն ու առյուծները, գրպաններում շոշափվում են ադամանդակուռ բջջայինները, խաղատներում վատնվում են տասնյակ հազարավոր դոլարները, խոսում է այն մասին, թե որքան վտանգավոր է, երբ փողը հայտնվում է ոչ գրագետ մեկի գրպանում:
Սակայն այնքան լավ է, որ աշխարհում եղել են եւ կան նաեւ հակառակ օրինակներ: Աշխարհում, այդ թվում եւ՝ Հայաստանում, եղել են անապատականներ, ճգնավորներ, փիլիսոփաներ, որոնց կյանքի իմաստն ամենեւին իրենց տգիտությունը զենք դարձնելը կամ իրենց ունեցվածքը ցուցադրելը չի եղել: Անապատականությունն, օրինակ, հասարակությունից առանձնացած ապրելաձեւ էր, որի նպատակն էր՝ զսպել եւ սահմանափակել մարդկային բնության մարմնավոր մղումներն ու հակումները` հանուն հոգեւոր եւ բարոյական կատարելագործման: Առհասարակ, ճգնավորության հիմքում դրված է մարդկային ներքին երկվության գաղափարը: Հոգին եւ մարմինը համարվում են գոյաբանորեն հակադիր սկզբունքներ: Ընդ որում` հոգին, ունենալով ավելի բարձր կարգավիճակ, պետք է գերիշխի մարմնի վրա: Եվ ճգնակեցությունն օգնում էր՝ հոգին պաշտպանել մարմնական բնազդներից, հնազանդեցնել մարմինը` այն ենթարկելով հոգու կամքին:
Միայնակյացներն ու անապատականները հագնում էին մազեղեն, կոշտ հագուստ, ուտում էին խիստ չափավոր, այնքան, որ քաղցից չմահանան:
Նրանցից առաջինը ս.Պողոս Թեբայիդացին է, որը 97 տարի ապրել է լիակատար մենության մեջ: Նա ճգնում էր անհայտության մեջ, մի ապառաժ լեռան քարայրում: Այրի մեջ մի աղբյուր հագեցնում էր նրա ծարավը, այրի մոտ աճող արմավենիները նրան մատակարարում էին հագուստ եւ սնունդ: Նրա ճգնության վերջին վաթսուն տարիներին ճգնավորին օրական մի կտոր հաց էր հասցնում մի ագռավ:
Անապատականության մյուս խոշոր դեմքը ս. Անտոն Անապատականն է: Նա դեռ 20 տարեկան չկար, երբ ծնողները մահացան` նրան թողնելով մեծ ժառանգություն: Սակայն մի անգամ եկեղեցում, երիտասարդ հարուստի մասին ավետարանական ընթերցումը լսելով` նա իր հողերը բաժանում է համագյուղացիներին, գույքն ու կայքը վաճառում, բաժանում աղքատներին եւ հեռանում անապատ` ճգնավորական կյանք վարելու: Վանականները քնում էին հագուստով եւ այնպիսի աթոռների վրա, որոնք այնպես էին կառուցված, որ անգամ քնած ժամանակ վանականները կանգնած դիրք ունենան: Կային կրոնավորներ, որոնք ամբողջ Մեծ պասին ոչ հաց էին ուտում եւ ոչ ջուր խմում: Միայն կիրակիից կիրակի կաղամբ էին ուտում:
5-րդ դարի սկզբին ի հայտ եկան նոր տեսակի ճգնավորներ` սյունակյացներ, որոնցից առաջինը Սիմեոնն էր: Նա 14 տարեկանում մտավ խստակրոն կրոնավորների մի վանք: Գետնի երեսին տքնությունները բավական չհամարելով` Սիմեոնը սյուներ սարքեց եւ նրանցից ամենաբարձրի վրա տքնում է ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ: Նա վախճանվեց 460 թվականին, 72 տարեկանում` 47 տարի սյան վրա ճգնելուց հետո: Եթե կային սյան վրա ճգնողներ, կային նաեւ գբի, այսինքն` խոր փոսերի մեջ ճգնողներ: Նրանցից ամենաճանաչվածը Հովհան Գբնեցին է: 15 տարեկանում Հովհանը գնաց անապատ` ճգնելու: Մի օր նա մի փոս գտավ, աղոթեց եւ ընկավ մեջը: Նա խնդրեց Աստծուն, որ իրեն այնտեղ կերակրի, եւ ուխտեց մինչեւ մահ այնտեղից դուրս չգալ: 10 տարի փոսի մեջ մնաց, վախճանվեց 25 տարեկանում:
Ցանկության դեպքում կարելի է պնդել, որ մենք` ժամանակակից հայերս էլ, Հովհան Գբնեցուց պակաս ճգնակյացներ չենք. արդեն քանի տարի է՝ ապրում ենք փոսի մեջ, սակայն վաղուց արդեն 25 տարեկան չենք…