Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2007» ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպած մրցանակաբաշխությունը երեկ բավականին հետաքրքիր արդյունքներ հրապարակեց:
Նախ նշենք, որ մրցանակաբաշխության արդյունքները որոշել է տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի հավաստմամբ՝ հրապարակային եւ փակ գերատեսչություններն ընտրվել են՝ հաշվի առնելով հետեւյալ չափանիշները. Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջների կատարում, տեղեկություն ստանալու հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալ (գրանցել, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել), պարբերաբար հրապարակել տեղեկատվություն իրենց գործունեության մասին՝ համաձայն ՏԱ օրենքի (բյուջեն, որոշումները, բյուջեի կատարման հաշվետվությունները, ավագանու նիստերի մասին տեղեկատվություն, եւ այլ տեղեկություններ), ԶԼՄ-ների հետ համագործակցություն հանրությանը ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Հետեւաբար, ըստ վերոնշյալ չափանիշների, 2007թ. ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած եւ հրապարակային գործող տեղական ինքնակառավարման մարմին: Չարենցավանի քաղաքապետին մրցանակը հանձնեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Քեյթ Սիմոնսը: 2007թ. տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած գերատեսչություն է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը, որը ներդրել է «Մեկ պատուհան» էլեկտրոնային ավտոմատացված համակարգը: Սա իսկապես իրադարձություն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ տարվա մրցանակաբաշխության ժամանակ Երեւանի քաղաքապետարանը համարվել է ամենափակը, ավելին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2006-ի մրցանակաբաշխության ժամանակ քաղաքապետարանին փակ գործունեությունը խորհրդանշող կողպեք էր հանձնել: Վերոնշյալ անվանակարգն առիթ հանդիսացավ նաեւ, որպեսզի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը վերանայի լրատվամիջոցների հետ իր աշխատանքը, ինչը նույնպես խթանեց այս մրցանակին արժանանալ: Երեկ Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովը քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանին հանձնեց մրցանակը՝ ոսկե բանալին: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրամանով՝ 2006-ին ներդրվեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ավտոմատ (ԷԼՓԱՍ) համակարգը` Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների միջեւ կապը՝ ներդաշնակ, աշխատանքներն՝ առավել թափանցիկ, արդյունավետ դարձնելու նպատակով: Այսպիսով, քաղաքապետարանը ստեղծեց քաղաքացի-պաշտոնյա կապը, որի միջոցով Երեւանի բնակիչների խնդիրները լուծվում են անմիջապես համապատասխան պաշտոնյաների ուսումնասիրության արդյունքում: «ԷԼՓԱՍ» համակարգի կառավարումը հանձնվեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանին. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է բաց սկզբունքով աշխատանքը երեւանցիների հետ եւ շարունակելու է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները: Այսօր արդեն ոչ միայն քաղաքապետարանը, այլեւ մայրաքաղաքի 12 թաղային համակարգերն աշխատում են այս սկզբունքով, եւ դա ունենալու է իր հետեւողական զարգացումը»,- ասաց Գ. Մելքումյանը: Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը: 2007թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության լրագրող Անժելա Ստեփանյանը: Ի դեպ, բոլոր մրցանակակիրներին հանձնվեցին ոսկե բանալիներ՝ որպես հրապարակայնության խորհրդանիշ: ՀՀ ամենափակ տեղական ինքնակառավարման մարմին է ճանաչվել Արմավիրի քաղաքապետարանը, որն, ըստ ժյուրիի, ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մրցանակակրին տրվեց ժանգոտ կողպեք՝ որպես գաղտնիության խորհրդանիշ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր ելույթում նշեց. «Դժվար է թերագնահատել հասարակական կազմակերպությունների դերը քաղաքացիական հասարակության եւ երկրի ժողովրդավարության ձեւավորման գործընթացում: Մեր գրասենյակը մշտական համագործակցության մեջ է Տեղեկատվության ազատության կենտրոնի հետ, քաջատեղյակ ենք նրանց բոլոր գործերին: Ինչ վերաբերում է տեղեկատվության ազատությանն, ապա սա այն կարեւորագույն, ֆունդամենտալ իրավունքներից եւ ազատություններից է, որոնց հիման վրա կառուցվում են մարդու առաջին հերթին՝ ներքին, ապա՝ արտաքին ազատությունները»: Ըստ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի՝ Տեղեկատվության ազատության կենտրոնն առաջին հերթին լուրջ գործունեություն է կատարում մշակույթի ձեւավորման ուղղությամբ, հետեւաբար՝ մեր մշակույթի մեջ ներմուծում է այն արժեքային համակարգն, առանց որի՝ խոսել իրավական պետության եւ իրավունքների մասին՝ անիմաստ է: