Աշնանը թատրոններում սովորաբար նոր թատերաշրջան է մեկնարկում, իսկ թատրոնների ղեկավարները ներկայացնում են իրենց թատերական սեզոնի նոր աշխատանքները: Երեկ լրագրողների հետ հանդիպեցին թերեւս ամենակայուն ու մշտական հանդիսատեսի բանակն ունեցող երկու թատրոնների ղեկավարները` Արմեն Խանդիկյանը (Դրամատիկական թատրոն) եւ Արա Երնջակյանը (Կամերային թատրոն), ովքեր նախեւառաջ խոսեցին իրենց պրեմիերաների մասին:
Դրամատիկական թատրոնը, որն իր խաղացանկում 16 ներկայացում ունի (որոնցից չորսը Շեքսպիրի ողբերգություններն են), նոր թատերաշրջանում պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել բուլղարացի գրող Ստրատիեւի «Մաքսիմալիստ» պիեսի բեմադրությունը, Ա. Խանդիկյանի վստահմամբ` «կոմիկական բանալիներով հագեցած բարձրարվեստ կոմեդիա», որի անվանումն է՝ «Եվս մեկ Ջաքսոն», եւ Վլադիմիր Մսրյանի մասնակցությամբ «Մենանվագ» ներկայացումը: Ա.Խանդիկյանն ասաց, որ թատրոնի բեմ դուրս կգա նաեւ «կիսակոմերցիոն» նախագիծ, որն անելու են կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանն ու դրամատուրգ Գուրգեն Խանջյանը: Այդ բեմադրությունը կոչվելու է «Վեցերորդ պատվիրան» (վերցերորդը «Մի սպանիրն» է), որին երկու դերասան է մասնակցելու` Լուիզա Ղամբարյանն ու Հրաչյա Հարությունյանը:
Դրամատիկական թատրոնն այս տարի մեծ շուքով նշելու է բազմաթիվ հոբելյաններ` 60-70-80-ամյակներ, քանի որ թատրոնի հիմնական դերասանական խումբը «կլոր» տարեդարձներ է ունենալու: Տարեդարձները նաեւ մենագրության տեսք կստանան, այս տարի լույս կտեսնեն թատրոնի 40-ամյա գործունեության մասին պատմող եւ Հրաչյա Ղափլանյանին, Արմեն Խանդիկյանին, Վլադիմիր Մսրյանին, Արթուր Ութմազյանին նվիրված մենագրությունները, որոնց հրատարակությունը ֆինանսավորել է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Իսկ Կամերային թատրոնը, որը նորոգումից հետո բացելու է իր 25-րդ թատերաշրջանը, 12 խաղացանկային ներկայացումներին ավելացնելու է եւս մի քանիսը` «Շատ լավ story»-ն եւ «Ժանն ու Բեատրիսը»: Վերջինը թատրոնի ոճի ոչ համապատասխան դրամա է լինելու, որը բեմադրելու է գեղարվեստական ղեկավարի դուստրը` Լուսինե Երնջակյանը: Թատրոնի ղեկավարը երախտագիտությամբ հիշեց այն մարդկանց ու գերատեսչություններին, որոնք օգնել են թատրոնին նոր ձայնային ու լուսային սարքավորումներ ձեռք բերել:
Թատրոնի մարդիկ իրար հյուր չեն գնում
Որպես կանոն՝ բոլոր հայ թատրոնները սովոր են երեք բանից դժգոհել` գումարի պակասից, հանդիսատեսից եւ վերանորոգման խնդիրների կույտից: Հազվադեպ կարելի է լսել նոր թեմաների, նոր արտահայտչամիջոցների ու ձախողված բեմադրությունների շտկումների կամ ձախողումից եզրահանգումներ անելու փորձերի մասին: Վերջերս վերանորոգման մասին քիչ են խոսում, գրեթե բոլոր թատրոնները նորոգեցին իրենց բեմերը, ճեմասրահներն ու նոր սարքավորումներ ձեռք բերեցին: Իսկ գումարի մասին խոսելիս թատրոնների ղեկավարները մատնանշում են պետական ոչ համարժեք աջակցությունը եւ վստահեցնում են, որ եթե գումարն ավելանա, ապա ներկայացումների որակը միանգամից իրեն զգացնել կտա: Միայն Երեւանում պետական դոտացիայով գոյատեւող 10-ից ավելի թատերախմբեր կան, որոնք սեփական բեմն ու սեփական դերասանախումբն ունեն, սակայն թատերական իրադարձություն շատ քիչ բեմադրություններ են դառնում, եթե, իհարկե, դառնում են: Թատրոններն այսօր տարաբնույթ խնդիրներ ունեն, սակայն, ինչպես Ա. Խանդիկյանը նշեց. «Ցավոտ խնդիրներն այնքան ցավագին չեն, որ մենք սկսենք ցավից ոռնալ»: Նա ստեղծագործական խնդիրների կողքին դրեց նաեւ դերասանների աշխատավարձերի հարցը: «Աշխատավարձը բարձրանում է, գները` նույնպես»,- ասաց նա ու նկատեց, որ թեեւ իր ղեկավարած թատրոնի ներսում բռնապետի համբավ ունի, սակայն հանգիստ է վերաբերվում, երբ թատրոնի դերասանները սերիալներում են նկարահանվում: «Եթե դերասանը կայացման ճանապարհին է գտնվում, նա ինքը պետք է որոշի՝ նկարահանվե՞լ, թե՞ ոչ, ես արգելելու իրավունք չունեմ»,- ասաց նա:
Թատրոնների ղեկավարները սովոր են կրկնել, որ իրենք լուրջ աշխատանքներ են անում, բայց հանդիսատեսը թատրոն չի գալիս, քանի որ հանդիսատեսի որակը ցածր է եւ հանդիսատեսը ցածրորակի է ձգտում: Բոլորը կարեւորում են իրենց աշխատանքն ու դժգոհում հանդիսատեսի ուշադրության պակասից: Թատրոնների դժգոհության առիթը կայանում է նրանում, որ զվարճալի կոմերցիոն շոու-ներկայացումներն ավելի մեծ պահանջարկ են ունենում, քան իրենց բեմադրությունները: Ա. Խանդիկյանը վստահ է, որ այսօրվա հանդիսատեսի շարքերում քիչ են իսկական թատերասերները, իսկ թատրոններին, հանդիսատեսին ու լրագրողներին պակասում է գրագիտությունը: Նրան մտահոգում է սխալ գովազդային քաղաքականությունը: «Այսօր ամեն ինչը ռեկլամով է վաճառվում: Թատրոնը՝ նույնպես»,- ասաց նա ու նկատեց, որ թատրոնն իրեն չի կարող թույլ տալ մեկ րոպե հեռուստագովազդի համար նախատեսված նվազագույն` 20.000 դրամը վճարել, քանի որ ստիպված կլինի մեկ օրվա գովազդի համար թատրոնի բյուջեի ուղիղ կեսը վճարել: Իսկ Ա.Երնջակյանին մտահոգում է հանդիսատեսի վերաբերմունքը, որը լսելով «Հայ թատրոնը մեռել է» հայտարարությունը՝ այլեւս ցանկություն չի ունենում թատրոն գնալ, այլ նախընտրում է լավ գովազդված ու զվարճալի շոու-ներկայացումներ դիտել: «Այդպես մենք թատրոնից վանում ենք հանդիսատեսին»,- ասաց նա: «Բեմում հիմա շատ բան է կատարվում, որն ինձ համար թատրոն չէ: Շոուն թատերական ժանր չէ»,- ավելացրեց Ա. Խանդիկյանն ու բողոքեց ամեն գնով թատրոնում նորը որոնող մարդկանցից, ովքեր ցանկանում են քանդել հինը: «Նորություններ որոնելը հնացած գաղափար է: Հինը քանդելը սուտ հեղափոխական մարմաջ է»,- ասաց նա: Երբ կարծիք հնչեց, որ թատերական կյանքի պրոբլեմը ոչ թե հնի ու նորի պայքարն է, այլ` պարզապես հետաքրքիր ներկայացումների պակասը, Ա.Խանդիկյանը նկատեց. «Իսկ ե՞րբ եք վերջին անգամ թատրոն գնացել»: Այդ հարցը նոր հարց ծնեց. «Քանի՞ ներկայացում կա, որոնք կարելի է մինչեւ վերջ հաճույքով դիտել»: Վերջիվերջո, բարձր կամ ցածր ժանրեր չկան, կան միայն լավ ու վատ ներկայացումներ: Լավը երբեք աննկատ չի մնա: Չէ՞ որ ոչ ոք չի փոխի հեռուստացույցի ալիքն ու չի անջատի այն ֆիլմը կամ հաղորդումը, որոնք էկրանին են գամում մեր ուշադրությունը: «Ես դա շատ լավ հասկանում եմ, ոչ ոք չպիտի պնդի, որ բոլոր պետական թատրոնները պետք է աշխատեն այնպես, ինչպես աշխատում են: Թող փակվենգ»,- ասաց Ա.Խանդիկյանը: Երկու բեմադրիչներն էլ նշեցին, որ պատրաստ են խոսել միայն իրենց թատրոնների ծրագրերի ու մոտեցումների մասին, քանի որ չեն ցանկանում իրենց կոլեգաների արածը քննարկել, առավելեւս` քննադատել: Ա.Խանդիկյանն ավելացրեց. «Կարծում եմ, որ մենք ինքներս էլ մեղքի մեր չափաբաժինն ունենք, քանի որ մենք` թատրոնի մարդիկ, իրար հաճախ չենք այցելում ու տեղյակ չենք իրարից»: