«Հայաստանում այսօր դասական երաժշտությունը բավական բարձր մակարդակի վրա է, այդ մասին վկայում են տարբեր նվագախմբերի հաջողված ելույթները թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր-դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը` էստրադային երաժշտության ժանրում երաժիշտ ստեղծագործողներին ու կատարողներին հորդորելով առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով եւ ճաշակով, որպեսզի գործը եւ կատարումը որակյալ եւ բարձրարժեք լինի: «Իմ լավագույն դասական ստեղծագործությունները գրվել են այն ժամանակ, երբ ղեկավարում էի Հայաստանի էստրադային-ջազային նվագախումբը»,- ասաց կոմպոզիտորը: Կ.Օրբելյանի խոսքով՝ ավելի քան 30 տարի գլխավորելով նվագախումբը` ստեղծագործական աշխատանքին շատ քիչ ժամանակ էր մնում, քանի որ տարվա 8 ամիսը շրջագայությունների մեջ էին: Չնայած հագեցած աշխատանքին` մաեստրոյի կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները, սիմֆոնիան, «Անմահություն» բալետը եւ հանրահայտ այլ գործեր գրվել են հենց այդ ժամանակ: Այժմ Կ.Օրբելյանն աշխատում է երրորդ նոր դասական սիմֆոնիայի վրա: Նրա նոր ջազային ձայնասկավառակը կներկայացվի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, սակայն սկավառակը 35 րոպե է, մինչդեռ մրցույթի պայմաններով այն պետք է հասցվի 55 րոպեի: Ի դեպ, նրա ստեղծագործությունների 8 նոր ձայնասկավառակ է արդեն թողարկվել: «Իմ նոր ստեղծագործությունները ես գրում եմ հայաստանցի երգիչ-երգչուհիների համար, դրանք ես բերում եմ այստեղ եւ աշխատում եմ հայրենիքում ստեղծագործող, երբեմն էլ՝ նաեւ ԱՄՆ-ում ապրող հայ երաժիշտների հետ»,- ասաց Կ.Օրբելյանը` ավելացնելով, որ իր հետ համագործակցող երաժիշտներին շատ բարձր է գնահատում: