Գնդակը թուրքերի դաշտում է

28/09/2007

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Մոսկվայում նախօրեին Մոսկվայում մեկնաբանել է նաեւ հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների թեման: «Կարծում եմ, շատ տարօրինակ կլինի եվրոպացիների համար իրենց ընտանիք ընդունել մի երկիր, որը երբեմն կիրառում է Եվրամիության սկզբունքներին հակասող սկզբունքներ»,- ասել է Սերժ Սարգսյանը` հիշեցնելով, որ Թուրքիան առ այսօր փակ է պահում սահմանը Հայաստանի հետ: Սերժ Սարգսյանը, սակայն, հույս է հայտնել, թե ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի: «Կարծում եմ, ինչքան ժամանակ անցնի, այնքան նրանց համար ավելի դժվար կլինի մնալ այդ դիրքորոշմանը, որովհետեւ Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը եւ երկարատեւ բանակցային գործընթացի մեջ է լինելու»,- ասել է ՀՀ վարչապետը` նկատելով, թե Եվրամիությանն անդամակցելու նպատակն Անկարային կարող է ստիպել՝ փոխել դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանի եւ դիվանագիտական կապերի հարցում: «Այնպես որ` գնդակը թուրքերի դաշտում է, մեզանից ոչինչ կախված չէ»,- ասել է Ս. Սարգսյանը: