Այս օրերին հասարակական-քաղաքական շրջանակներում, մամուլում, անգամ տրանսպորտում ամենաքննարկվող թեման թերեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է:
Գործող իշխանությունների հասցեին խիստ քննադատություն պարունակող այդ ելույթին նախօրեին անդրադարձել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ սպառնալով, թե եթե առաջին նախագահը մասնակցի քաղաքական գործընթացներին, նրան որոշ բաներ կհիշեցնեն, օրինակ, այն, որ 1996 թվին Երեւանում լուսավորված էր ընդամենը երեք փողոց: Ռ. Քոչարյանի այս հայտարարությանն ու ընդհանրապես սեպտեմբերի 21-ից հետո ստեղծված մթնոլորտին երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե նրանք, ովքեր մտածում էին, թե ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին խոսակցություններն անհիմն են, պետք է փոխեն իրենց մոտեցումը, որովհետեւ «առաջադրումն անդառնալի է»: «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն անդառնալի է, այսինքն՝ անպայման կլինի»,- համոզված է Զուրաբյանը: Ու թեեւ իր ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը նշել էր, թե իր առաջադրման հետ կապված ինքը դեռ որոշում չունի, Ա. Զուրաբյանը նշեց, թե ամեն ինչ գնում է դեպի առաջադրվելը, ինչի արդյունքում կստեղծվի նոր իրավիճակ: Ա. Զուրաբյանի կարծիքով` իշխանական ճամբարում այդ ելույթից հետո խուճապ է, ինչի մասին վկայում է նաեւ այն, որ այդ ելույթից հետո երկու օր կատարյալ լռություն պահպանած իշխանական քարզչամեքենան տոտալ հարձակում սկսեց Լ. Տեր-Պետրոսյանի դեմ: Փաստելով, որ Տեր-Պետրոսյանի շուրջ ընդդիմադիր լուրջ բեւեռ է ձեւավորվում, Ա. Զուրաբյանը նշեց, թե, իհարկե, ցանկալի է, որ դա լիներ միայն գաղափարական բեւեռ, սակայն հնարավոր է նաեւ որոշակի ավելի ընդարձակ բեւեռի ձեւավորում, քանզի այսօր Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները մի քիչ ավելի մեծ են, եւ միայն գաղափարական բեւեռով սահմանափակվելը կարող է եւ ճիշտ չլինել: Բանախոսի խոսքերով՝ պետք չէ ասել, թե Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում իշխանությունից առնետավազք կլինի դեպի Տեր-Պետրոսյանի թիմ: Ըստ նրա, պարզապես մարդիկ, ովքեր ընդամենը հանգամանքների բերումով են հայտնվել իշխանական համակարգում, բայց միանգամայն պարկեշտ են, կարող են հայտնվել նոր ձեւավորվող թիմում. «Պետք է թիմում տեղ գտնեն մարդիկ, որոնք որեւէ ձեւով չեն կարող ստվերել վաղվա այն թիմը, որն աշխատելու է թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական գործընթացներում»,- նշեց Ա. Զուրաբյանը: Վերջինիս հավաստմամբ՝ միայն մի դեպքում Տեր-Պետրոսյանը հեռու կմնա քաղաքական առկա պրոցեսից. եթե նա տեսնի, որ կա խնդիր, որն իր համար անլուծելի է, իսկ նման խնդիր, ըստ ՀՀՇ վարչության նախագահի, չկա: Իսկ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ, ըստ նրա, Լ. Տեր-Պետրոսյանի թիմի համար առավել նախընտրելի մրցակից է դաշնակցության թեկնածուն, որովհետեւ այդ դեպքում ավելի լուրջ քաղաքական պրոցես կընթանա՝ գաղափարախոսությունների բախման հարթությունում, քան Սերժ Սարգսյանի պարագայում: «Որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ մրցակցելու որեւէ խնդիր չկա: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լռի էլ, ընդհանրապես, սրանից հետո չխոսի եւ գնա ընտրությունների, ես համոզված եմ, որ մեր հասարակությունը ձայնը կտա Տեր-Պետրոսյանին»,- երեկ նշեց նա: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանը պատրա՞ստ է մասնակցել Սերժ Սարգսյանի հետ բանավեճի: Ի պատասխան, Ա. Զուրաբյանն առաջարկեց հարցը հետեւյալ կերպ դնել. արդյո՞ք Ս.Սարգսյանը կհամաձայնի բանավիճել Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի հասցեին Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած սպառնալիքներին, նա նշեց, թե ցանկալի կլիներ, «որ հանրապետության թիվ մեկ պաշտոնավորն ավելի զուսպ լիներ»: Խոսելով Քոչարյանի այն պնդման մասին, թե քաղաքական գործընթացներին մասնակցելու պարագայում Տեր-Պետրոսյանը կդառնա «շարքային ընդդիմադիր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով», բանախոսը նկատեց, թե միայն այն, որ Քոչարյանը խոսում է այդ մասին, վկայում է, որ ՀՀ առաջին նախագահը շարքային ընդդիմադիր չէ, որովհետեւ «Քոչարյանը բոլոր շարքային ընդդիմադիրների վերաբերյալ չէ, որ քնաթաթախ կամ հանկարծակի սկսում է խոսել»: Ա. Զուրաբյանը կարեւորում է այն, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Հայաստանի ներկայիս նախագահը մնա Հայաստանում, եւ որ նրանք, ովքեր դա պահանջում էին առաջին նախագահից, նույնն անեն նաեւ երկրորդի դեպքում: «Շատ ցանկալի կլինի, որ մնա Հայաստանում: Ես կարծում եմ, որ այսօր Զորի Բալայանը պետք է հայտարարի, որ Քոչարյանը պետք է մնա Հայաստանում, ոնց որ եղել է նախկինում: Տա Աստված, որ նա մնա Հայաստանում»,- նշեց Ա. Զուրաբյանը: