Կրակել ու դանակահարել են ՀՀ ԱԺ պատգամավորին

28/09/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախորդ գիշեր Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի կազինոյի նախասրահում հարձակման է ենթարկվել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 4:10-ի սահմաններում անհայտ 2 անձինք նշված կազինոյի նախասրահում հարձակվել են պատգամավորի վրա, դանակահարել, այնուհետեւ կրակել նրա ուղղությամբ, ինչից հետո դիմել են փախուստի: Տ. Արզաքանցյանը տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Հայտնի է, որ պատգամավորի վրա կրակել են «Մակարով» տեսակի ատրճանակից: Հանցագործներն, ըստ որոշ տեղեկությունների, եղել են կովկասյան արտաքինով: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Հաղորդվում է նաեւ, որ հանցագործների մասին որոշ տվյալներ արդեն հայտնի են իրավապահներին, եւ նրանք արդեն հետախուզում են սկսել՝ հարձակման մասնակիցներին ձերբակալելու նպատակով: Հիշեցնենք, որ 41-ամյա Տիգրան Արզաքանցյանը ներկայիս ԱԺ պատգամավոր է դարձել թիվ 22 մեծամասնական ընտրատարածքից: Անդամակցում է ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովին: Ի դեպ, Տիգրան Արզաքանցյանի հետ կատարված վերոնշյալ դեպքի պահին պաշտոնական այցով Մոսկվայում է եղել Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը երեկ շտապել է հաղորդագրություն տարածել, ըստ որի՝ Տիգրան Արզաքանցյանը Մոսկվայում է մասնավոր այցով եւ որեւէ կապ չունի վարչապետի պաշտոնական այցի հետ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ԶԼՄ-ները տեղեկացրեցին այն մասին, որ նույն Տիգրան Արզաքանցյանը Մոսկվայի կազինոներից մեկում դարձել էր աղմկոտ միջադեպի հերոս՝ տանուլ տալով խոշոր գումարներ եւ հրաժարվելով վճարել գումարը, ինչից հետո նրա վրա մարտի 29-ին Մոսկվայի խաղատներից մեկում ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Նա ծեծի էր ենթարկվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Հարձակվողները հափշտակել էին Արզաքանցյանի շուրջ 50 հազար դոլար արժողությամբ բջջային հեռախոսը եւ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցը: Տիգրան Արզաքանցյանն այդ աղմկոտ միջադեպից հետո տեւական ժամանակ Հայաստան չէր գալիս: Իր ասելով` Մոսկվայում երկար բուժման կուրս էր ընդունում: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի Ինտերպոլի Ազգային բյուրոյի ղեկավար, Ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը երեկ ասել է, թե Ինտերպոլի Հայկական բյուրոն Արզաքանցյանի մահափորձի գործով պատրաստ է համագործակցել Ռուսաստանի իրավապահների հետ: Նրա խոսքերով՝ ներկայում ռուսական կողմը դեռեւս չի ներկայացրել մահափորձի վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն: «Եթե ռուսական կողմը մեր օգնության կարիքն ունենա եւ պաշտոնական հայց ուղարկի, մենք պատրաստ ենք համագործակցել տվյալ հարցով»,- ասել է Վարդան Եղիազարյանը: Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրավապահների իրենց աղբյուրներին, փոխանցում են, որ նախորդ գիշեր Տիգրան Արզաքանցյանի հետ կատարվածում շատ քիչ հավանական է համարվում պատվիրված սպանության վարկածը: Փոխարենն՝ առավել հավանական է համարվում այն, որ պարզապես ինչ-որ վեճ է եղել, վիճաբանողները «տաքացել են» ու «ինքնաբուխ» դանակահարել, ապա կրակել պատգամավորի վրա ու փախել:

Երեկ իրենց կուսակցի հետ կատարվածին անդրադարձել է նաեւ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` ասելով, թե իրենց տեղեկություններով, Տ. Արզաքանցյանին նախ՝ դանակով են հարվածել, հետո` կրակել են: Ըստ Շարմազանովի տեղեկությունների` մեկ անգամ դանակով են հարվածել, մեկ անգամ էլ կրակել են: «Երկու հոգի են եղել, ըստ մեր ունեցած տվյալների` կովկասյան արտաքինով, ու փախել են: Հստակ տեղեկատվությունը սա է, ես ճշտել եմ»,- ասել է Է. Շարմազանովը:

Իսկ Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտից «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են, որ Տ.Արզաքանցյանն իրենց մոտ է տեղափոխվել ժամը 4:50-ին: