Բանալին ճի՞շտ են հասկացել

28/09/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթում հայտարարեց, թե այս «բախտորոշ» իրավիճակից դուրս գալու «բանալին բոլորն էլ ճիշտ են ըմբռնել», եւ, որ «այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհն առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր առողջ հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ»:

Սակայն քաղաքական գործընթացներն ու օր օրի ընդդիմադիր նախագահացուների ի հայտ գալն ամենաքիչը բերում է այն համոզման, որ Լ. Տեր-Պետրոսյանի գնահատականը, թե բոլորն էլ ճիշտ են հասկացել միասնական թեկնածուով մասնակցելու կարեւորությունը` սխալ է: Եվ դատելով Տեր-Պետրոսյանի ելույթի տրամաբանությունից, որ ինքն իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ կլինի ընդդիմության միասնական թեկնածուն (քանի որ` ուրիշ ճանապարհ չկա), կարելի է այսօր արդեն ասել, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը:

Ընդդիմադիր (գոնե մինչ այսօր) համբավ ունեցող ԱԺՄ-ն, «Օրինաց երկիրը», «Նոր Ժամանակները» արդեն իսկ հայտարարել են, որ` անկախ նրանից` կլինի՞ միասնական թեկնածու, թե՞ ոչ, իրենք ընտրություններին մասնակցելու են սեփական թեկնածուներով: Անկասկած` սեպտեմբերի 28-ին կայանալիք կուսակցության կոնֆերանսում նույնը կանի նաեւ «Ազգային Միաբանությունը», որովհետեւ կուսակցականները Արտաշես Գեղամյանից կպահանջեն ենթարկվել կուսակցական պահանջին ու հանուն ազգի փրկության դնել իր թեկնածությունը, իսկ Արտաշես Գեղամյանն էլ չի կարողանա հակադրվել իր շարքերին ու «դժվարությամբ», բայց դահլիճի բուռն ծափահարությունների պարտադրանքի ներքո՝ կասի` այո: Այսինքն` չպետք է կասկածել, որ սեպտեմբերի 28-ին ընդդիմադիր թեկնածուների թիվը կավելանա եւս մեկով, որն էլ եւս մեկ անգամ կհակադարձի Տեր-Պետրոսյանի պնդումը, թե ընդդիմությունը ճիշտ է հասկացել «բանալին»: Ավելորդ է արդեն թվարկել ընդդիմադիր համբավ ունեցող մնացած ուժերին, որոնց ցանկությունները միասնական թեկնածուի շուրջ ոչ մի կերպ չեն համընկնում: Օրինակ, Վազգեն Մանուկյանին կողմ են միայն Արշակ Սադոյանն ու Շավարշ Քոչարյանը: Արթուր Բաղդասարյանին միայն իր կուսակցությունն է կողմ: Համենայնդեպս, մինչ այսօր ոչ ոք, բացի ՕԵԿ տեղակալներ Հեղինե Բիշարյանից եւ Մհեր Շահգելդյանից, հանդես չի եկել ի պաշտպանություն Ա. Բաղդասարյանի: Ինչ վերաբերում է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին, ապա նա ընդհանրապես չի «ձգում» միասնական թեկնածու լինելուն: Իսկ ինչ վերաբերում է մյուս փոքր, բայց ընդդիմադիր ուժերին, որոնք ձեռնպահ են մնում ինքնառաջադրումից, ապա նրանք չեն էլ սատարելու ոչ Վ. Մանուկյանին, ոչ Ա. Բաղդասարյանին, ոչ Ա. Կարապետյանին եւ ոչ էլ` առաջադրվելու դեպքում, կպաշտպանեն Լ. Տեր-Պետրոսյանին: Դրանք են` ՀԴԿ-ն, «Դաշինքը», «Ազգային Վերածնունդը», ՀՌԱԿ-ը, ՀԿԿ-ն եւ այլն: Նրանցից յուրաքանչյուրը տարբեր թեկնածուի շուրջ է համախմբվելու:

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը չի մասնակցում ԱԺՄ-ի հետ ընթացող բանակցություններին, ինչի մասին ասում էր Արշակ Սադոյանը: Ավելին` նա գտնում է, որ ինքը որեւէ ձեւով «պարտավորված չէ» այս կամ այն անձի կողքին լինել:

Մեր հարցին, թե Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում ինքն է՞լ է իշխանությունների եւ ընդդիմադիր մյուս ուժերի նման նրան հիշեցնելու մութ ու ցուրտ տարիները, ու էլի մի շարք վատ բաներ, նա ասաց. «Ինչի ժողովուրդը մոռացե՞լ է, որ ես հիշեցնեմ: ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հիշում է»: Շ. Քոչարյանի գնահատմամբ, վատն այն է, որ այսօր քաղաքական դաշտը հակված է քննարկել ոչ թե մոտեցումները, այլ` դեմքերը: «Առաջին պլան են մղվում դեմքերը, այլ ոչ թե այն, թե ինչ պետք է անի այս կամ այն դեմքը` գալով իշխանության: Դրա վառ ապացույցը Լ. Տեր-Պետրոսյանի լռության ընդհատումը, խոսելն էր: Եվ այդ խոսելով, իմ գնահատմամբ` վերջակետ դրվեց բոլոր սպասումներին»,- ասում է Շ. Քոչարյանը: Ըստ նրա` Տեր-Պետրոսյանի ելույթի էությունը «շատ հստակ» էր. «Բացի քննադատական մասից, որը վաղուց արվում է, արվել է եւ արդարացի է արվում, ո՞րն էր առաջարկությունը: Առաջին` ի՞նչ է սպասվում մեզ ապագայում: Թվում է` ուղղակի չասվեց, բայց ուղղակի ասվեց: Նա առաջ քաշեց հետեւյալ թեզը. Ադրբեջանը երբեք որեւէ փոխզիջման չի գնալու, բայց մենք պետք է լուծենք հարցը: Հետեւաբար` միանշանակ է մոտեցումը, եւ դա նշանակում է միակողմանի զիջումների գնալ: Երկրորդ նպատակը` քանդել համակարգը. գիտեք ի՞նչ` քանդելով առաջ չես գնում, դու պետք է նպատակ դնես, թե ինչպիսին պետք է լինի համակարգը: Ղարաբաղ զիջելը եւ քանդելը ծրագիր չէ»,- ասում է Շ. Քոչարյանը` հավելելով, թե Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք «առանց գիտակցելու, թե ինչ են ուզում` քանդել են»: Հենց այս երկու «թեզերից» ելնելով էլ` ԱԺԿ նախագահը համոզվել է, որ Տեր-Պետրոսյանն իր «վերջակետը» դրել է: Ավելին, Շ. Քոչարյանը գտնում է, որ այս «վերջակետից» հետո վերջապես շատերը կձերբազատվեն այն ուղղորդումից, որը միշտ «արվել է այն մարդկանց կողմից, ովքեր միշտ երազել են նախորդ նախագահի վերադարձի մասին»: Շ. Քոչարյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի ակտիվացումը ձեռնտու է գործող իշխանություններին. «Չեմ պնդում, որ դա պատվերով է, կարող է այլ պատճառներ էլ լինեն, բայց դա ձեռնտու է, որովհետեւ նրանք գաղափարականացնում են ներկա իշխանություններին: Երբ մեկն ըստ էության ասում է` պետք է զիջել ԼՂՀ-ն, իսկ այս իշխանությունն այդ հարցում մինչեւ հիմա նախանշան չի տվել զիջելու, հետեւաբար, իրենք ավելի գաղափարական են: Այդ առումով, կարծում եմ` դա ձեռնտու է իշխանություններին»,- ասում է Քոչարյանը: ԱԺԿ նախագահը նույնիսկ վերլուծել է, թե ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի ելույթը ձեռնտու իշխանություններին. «Կան տարբեր հանգամանքներ, որոնցից մեկը կայանում է նրանում, որ ժամանակին տեղի ունեցած իշխանափոխության ժամանակ ինքն ու իր շրջապատը որոշակի երաշխիքներ էին ստացել: Եվ կյանքն ապացուցեց, որ երաշխիքներն ապահովվել էին: Հիմա երաշխիք տվողը հեռանում է, եւ շրջապատում անհանգստություն է առաջացել` արդյոք իշխանությունը չի՞ սկսի փորփրել նախորդ գործերը: Ես կարծում եմ` դա ավելի շատ շրջապատի մղում էր, ոչ թե Տեր-Պետրոսյանի ցանկությունը: Ես չեմ պնդում, որ սա միակ պատճառն է, բայց սա էական նշանակություն ունի: Բայց այն, ինչ ասաց այդ մարդը «Մարիոթում», պետք է հասկանալ, որ այդ մարդն իր վերջակետը դրեց»,- հայտարարեց Շ. Քոչարյանը: Վերջինս, սակայն, բուռն ցանկություն ունի, որպեսզի Լ. Տեր-Պետրոսյանն առաջադրվի` պատճառաբանությամբ, թե այդպիսով «վերջակետը ժողովուրդը կդնի, ոչ թե ինքը` ասուլիսով»: «Որքան էլ ժողովուրդը դժգոհ է այս ռեժիմից, նրանք շատ լավ հասկանում են, թե որտեղից է այս բոլորը եկել: Այն դառը հիշողությունը դեռ կա: Մենք կարող ենք դժգոհ լինել ներկա վիճակից, բայց այսօրվա տնտեսությունը նույնքան է տարբերվում տերպետրոսյանական տնտեսությունից, որքան 1995թ. Սահմանադրությունը 2005թ. ընդունված Սահմանադրությունից (հիշեցնենք, որ Շ. Քոչարյանի գնահատմամբ` 2005թ. ընդունված Սահմանադրությունն անհամեմատ ավելի լավն է, քան 1995-ինը.- Լ.Ս.): Այսինքն` ինչքան էլ մենք դժգոհենք իրավիճակից` համեմատությունը հօգուտ նախորդ իշխանության չէ»,- ասաց Շ. Քոչարյանը: Մեր դիտարկմանը, թե փաստորեն ինքը չի հետեւում ՀՀՇ-ի կոչերին` լինել միմյանց նկատմամբ ներողամիտ ու հանդուրժողական, Շ. Քոչարյանը պատասխանեց. «Խնդիրն այն չէ, որ ես նեղացած եմ ՀՀՇ-ից կամ Լ. Տեր-Պետրոսյանից: Խնդիրն այլ բան է. ՀՀ-ին պետք է ժողովրդավարությունը, ՀՀ-ին պետք է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման: Բայց նրանք խոսում են զիջելու եւ քանդելու մասին, ինչի՞ մասին է խոսքը: Զիջելու եւ քանդելու շուրջ չի կարելի ներողամիտ լինել: Այդ գաղափարների շուրջ չի կարելի համախմբվել»: Հիշեցմանը, թե Տեր-Պետրոսյանն այդ հարցն այլ կերպ է ձեւակերպել, որն ամենեւին էլ դա չի նշանակում, Շ. Քոչարյանը նկատեց. «Խնդիրը մոտեցումն է, ոչ թե ձեւակերպումները, որը զիջողական է: Բացեք 1992թ. մարտի 5-ի «Կոմսոմոլսկայա պրավդան» եւ կարդացեք, որտեղ ասում է, որ հարցի լավագույն լուծումը կայանում է նրանում, որ ԼՂՀ-ն պետք է լինի ինքնավար պետություն Ադրբեջանի կազմում: Մինչ այդ փակ նիստ է եղել, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանը հորդորում էր, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին: Ես կարող եմ դա անվերջ շարունակել: Մի բան կարող եմ ասել. Տեր-Պետրոսյանը հետեւողական է, որը երեւաց իր ելույթում»: Շ. Քոչարյանը դեռեւս չգիտի, թե ում թեկնածությունն են պաշտպանելու ինքն ու իր կուսակցությունը, միայն համոզված է, որ այդ մեկը հաստատ Տեր-Պետրոսյանը չի լինելու: