Չեն շտապում վերադարձնել ավանդները

12/05/2005

Չնայած գործադրած ջանքերին, Հմայակ Հովհաննիսյանը, որը նախորդ գիշերն անց էր կացրել այս ու այն պատգամավորների բնակարանների դռները թակելով, որպեսզի 44 ստորագրություն հավաքի ու Հայխնայբանկում կորսված ավանդների հարցը բարձրացնի ԱԺ-ում, երեկ անհաջողության մատնվեց: Հ. Հովհաննիսյանը հաջողացրել էր 45 պատգամավորի ստորագրություն հավաքել, սակայն այս անգամ եւս, ինչպես դեկտեմբերի 20-ին էր, քվորումի բացակայության պատճառով հարցի քննարկում տեղի չունեցավ: Մինչ արտահերթ նիստը, «Ազգային միաբանություն» կուսակցության պատգամավոր Աղասի Արշակյանը՝ դիմելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, հույս հայտնեց, թե այս անգամ էլ վարչապետի նախաձեռնությամբ այն չի բոյկոտվի, ու իրենք կստանան ավանդների հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի պատասխանները: Ա. Մարգարյանը հայտարարեց, թե ավանդների հարցն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է Ռ. Քոչարյանի հրամանագրով, ու կառավարությունը որեւէ դերակատարում չունի այնտեղ: «Գիտեմ, որ մի քանի անգամ նիստ են արել, հարկավոր է սպասել, մինչեւ ժամանակը լրանա ու հանձնաժողովն իր եզրակացությունը տա: Նոր բան չեմ կարող ասել: Չեմ կարող ասել, թե ինչ փուլում են հանձնաժողովի աշխատանքները եւ ինչ եզրակացություններ են արել»: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ նիստին, Ա. Մարգարյանը նշեց, որ դա ոչ թե կառավարության, այլ՝ 45 ստորագրություններ տված պատգամավորների «գործն» է: «Եթե նիստը գումարվի, կառավարությունն իր ներկայացուցչին կուղարկի ու մենք մեր տեսակետը կարտահայտենք»,- ասաց Ա. Մարգարյանը՝ ի սկզբանե կասկածի տակ առնելով արտահերթ նիստի գումարվելու հնարավորությունը: Իսկ ինչ վերաբերում է նիստը բոյկոտելու պատասխանատվությունն իր վրա ստանձնած ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ապա վերջինս երեկ ամբողջ օրը զբաղված էր բացառապես այդ գործով՝ պատգամավորներին ամենուր համոզելով, որ դա «անպտուղ» գործ է: Իսկ Ա. Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հարկավոր էր մինչեւ հունիսի 1-ը սպասել հանձնաժողովի պատասխանին, «եթե պատգամավորները դժգոհ լինեին, նոր արտահերթ նիստ հրավիրեին: Եթե չեն համբերում, ես չեմ կարող իրենց տեղը պատասխանել»: