Մեզ խաբում են ամեն օր ու ամեն քայլափոխի, հատկապես առեւտուր անելիս: Խոսքը կշեռք-կշռաքարի մասին է, որի համար պետությունը գրել է օրենքներ ու ստեղծել համապատասխան վերահսկող մարմիններ: Սակայն դաշտն այնպիսին է, ասես այստեղ խոպան հող է, եւ ամեն ինչ կախված է վաճառողի խղճից:
Առեւտրի մեջ շրջանառվող չափիչ սարքերի տերը պարտավոր է տարին մեկ անգամ ստուգաչափման նպատակով այդ սարքերը ներկայացնել «Չափագիտության ազգային ինստիտուտ», որտեղ էլ ստուգվելուց հետո պետական մարմինը կապարակնքում է սարքերը: Չափիչ սարքերի սխալանքը պետք է լինի թույլատրելի նորմերի մեջ: Եթե սարքն անցել է այս գործընթացը, սա կոչվում է՝ պետական ստուգաչափում: Սակայն սա չի նշանակում, որ առեւտրով զբաղվողները շարունակում են իրենց գործը հենց այս կնքված սարքերով: Նրանք, սովորաբար, ունենալով ստուգաչափված կշռաքարեր, օգտագործում են ստուգաչափում չանցածները: Կշեռքների համար էլ կան խաբելու մշակված մեխանիզմներ: Ամենասովորական մեթոդը կշեռքի տակ մագնիս տեղադրելն է, որի դեպքում թերակշռումը սովորաբար 100 գրամից պակաս չի լինում: Էլեկտրոնային կշեռքների դեպքում գործը մի քիչ բարդանում է, եթե, իհարկե, սեփականատերը ռիսկի չի գնում եւ կշեռքը խախտելու նպատակով` պոկում է կնիքը: Սա նույնպես տարածված երեւույթ է, որովհետեւ հաջորդ տարի կապարակնքման համար «Չափագիտության ազգային ինստիտուտին» նույն կշեռքը ներկայացնելու դեպքում, վերջինս չի կարող հարցնել, թե որտեղ է կշեռքի կնիքը: «Չափագիտության ազգային ինստիտուտը» չունի վերահսկման գործառույթ եւ ընդամենը որոշակի գումարի դիմաց ծառայություններ է մատուցում: Չափիչ սարքերի օգտագործման կանոնների վերահսկման գործառույթը վերապահված է Որակի տեսչությանը եւ, եթե Որակի տեսչության դաշտից տվյալ միավորը դուրս է մնացել, ապա կարելի է գործը փակված համարել: Չափիչ սարքերի արտադրությունը լիցենզավորված գործունեություն է եւ այստեղ էլ հարց է առաջանում՝ որտեղի՞ց շուկայում այդքան չստուգաչափված սարքավորումներ: Չափիչ սարքերը, նախքան արտադրությունից դուրս գալը, պարտադիր պետք է ստուգաչափվեն: Թեպետ Հայաստանում ներկայումս չունենք լիցենզավորված չափիչ սարքերի արտադրություն, սակայն շուկան լի է հենց տեղական ծագման չստուգաչափված կշեռքներով ու կշռաքարերով: Հետաքրքիր է, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ստուգաչափման ներկայացված կշռաքարերը՝ որպես կանոն, ծագման մասին փաստաթղթեր չեն ունենում:
Խնդիրը համեմատաբար լուծված է բենզալցակայանների պարագայում, այստեղ բաշխիչ սարքերը հիմնականում ստուգաչափված են եւ համապատասխանում են նորմերին: Այս բիզնեսը ծաղկում է տարբեր տեսակի բենզիններն իրար խառնելու եւ թանկի անվան տակ այդ խառնուրդը վաճառելու շնորհիվ: Ամենապրոբլեմատիկը շարունակում են մնալ գազալիցքավորման կայանները, եւ պատահական չէ, որ «Չափագիտության ազգային ինստիտուտը», երբ խոսքը վերաբերում է գազալցակայանների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրելուն, նախընտրում է գրավոր պատասխանով շփման ձեւը, այն էլ` ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության` իր վերադասի թույլտվությունից հետո միայն: Իրողությունն այն է, որ գազալիցքավորման կայանների մեծ մասը դուրս է չափագիտության վերահսկողությունից, մինչդեռ նրանք նույնպես օրենքով սահմանված կարգով պետք է «Չափագիտության ազգային ինստիտուտին» ներկայացնեն բոլոր չափիչ սարքերը եւ չափային հանգույցները (ընդհանուր գազի մուտքի հաշվիչը): Ընդ որում, հենց այս հաշվիչներով են գազի բիզնեսով զբաղվողները «ՀայՌուսգազարդի» հետ կատարում փոխադարձ հաշվարկները: Իսկ թե ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդը» հավատում չկապարակնքված հաշվիչի ցուցիչին, թերեւս, որովհետեւ այստեղ գործ ունեն արտոնյալ անձերի հետ: Գազալցակայանները լիցքավորված գազի քանակը որոշելու համար օգտագործում են ճնշաչափեր, եւ այս ճանապարհով գազի վաճառքը կոպիտ խախտում է համարվում: Լիցքավորման ընթացքում գազի ջերմաստիճանը փոփոխվում է եւ այս պարագայում անհնար է ճշգրիտ որոշել լիցքավորված գազի ծավալը: Այս դեպքում անճշտությունը 10-20 տոկոս է կազմում: Այս մասին գիտեն բոլոր վարորդները եւ դրա համար էլ լիցքավորողին մի քիչ փող են տալիս, որ գազը «կարգին լցնի»: Գազի վաճառքի քաղաքակիրթ տարբերակն է` գազը ծավալով` խորանարդ մետրով վաճառելը: Գազի խողովակի վրա պետք է տեղադրեն գազի ծախսաչափ, որն էլ բացթողնված գազի քանակությունը չափում է խորանարդ մետրերով` գազը բերելով 20 աստիճանի: Նման գազալցակայանները մատների վրա կարելի է հաշվել, եւ իմաստ չունի դրանք փնտրել մայրաքաղաքում: