Աղքատության պաշտոնական դեմքը

28/09/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մարզեր այցելող ցանկացած մարդ կհաստատի, որ այնտեղ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում բողոքել տնտեսական վիճակից: «Այստեղ կյանք չկա, կյանքը Երեւանում է» արտահայտությունն ամենակիրառելին է մարզերում: Հազվադեպ մայրաքաղաք եկողները տեսնում են շինարարության ծավալները, շքեղ խանութները, այդ ամենին գումարում «Հայլուր» ծրագրից ստացած տպավորություններն ու հանգում այդ դառը մտքին: Մարդու բնույթն է այդպիսին: Պաշտոնական վիճակագրության տվյալներն էլ են նպաստում այս կարծիքի ձեւավորմանը: Իհարկե, մեր վիճակագիրներն առայժմ հրաշագործ չեն: Բայց օր օրի հմտանում են թղթի վրա դրախտ ստեղծելու գործում: Օրինակ, վերջին տարիներին համարյա կրկնակի կրճատվել է աղքատ բնակչության թիվը: Երկնիշ տնտեսական աճին զուգահեռ՝ 5-8 տոկոսով տարեկան կրճատվում է աղքատությունը: 2004թ. աղքատ էր հայտարարվում բնակչության մոտ 35 տոկոսը, 2005թ.` արդեն մոտ 30 տոկոսը (2006թ. այս ցուցանիշով դեռ ամփոփված չէ): Այն, որ պաշտոնական վիճակագրությունում ոչ տրամաբանական փաստեր կան, մամուլն ու փորձագետները հաճախ են արձանագրում: Ի պատիվ վիճակագիրների՝ պետք է ասել, որ նրանք ակտիվ հետեւում են հրապարակումներին եւ հաջորդ հրապարակման մեջ փորձում են ավելի տրամաբանական պատկեր «նկարել»: Աղքատության հաղթահարման այս տեմպի հետ առայժմ դժվար է համատեղել այն փաստը, որ մեկ շնչի հաշվով ձեթի, կարագի եւ այլ սննդամթերքի սպառման աճն ակնհայտ զիջում է հացի սպառման աճին: 2006թ., օրինակ, շաքարի եւ ձեթի ամսական սպառումը մեկ բնակչի հաշվով աճել է մի քանի գրամով: Մինչդեռ հացի սպառումն ավելացել է 1 կգ-ով: Որեւէ ոլորտի մասնագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ հացի սպառման ավելացումն աղքատության ցուցանիշ է: Հարստացող մարդու օրվա կերակրացանկում հացի բաժինը չի ավելանում, այլ` ուրիշ, ավելի թանկ սննդամթերքների: Այս մասին նույնիսկ պաշտոնական հաշվարկներ կան: Հրապարակված են տվյալներ, թե բնակչության որ տոկոսի մոտ են սննդի 70 տոկոսից ավելի կազմում հացն ու կարտոֆիլը: 2004-ին այդ ցուցանիշը 35,5 տոկոս էր: 2005-ին` 22, իսկ 2006-ին` 17: Այսինքն` տնտեսական առաջընթացի հետ միայն հաց ու կարտոֆիլ ուտողների թիվը պակասում է: Բայց բարգավաճումը ներկայացնող տվյալներն արժանահավատ չեն: Եթե դրանց վստահենք, պիտի պնդենք, որ 2006-ին Արագածոտնի մարզում տնտեսական հրաշք է եղել: Հրաշք, որ կստվերի Եվրոպայի զարգացման Մարշալի պլանը եւ ճապոնական 60-70-ականների տնտեսական բարեփոխումները: Ընդ որում՝ թե՛ առանձին, թե՛ միասին վերցրած: 2005-ին միայն հաց ու կարտոֆիլ կերել է Արագածոտնի բնակչության 51 տոկոսից ավելին, իսկ 2006-ին՝ արդեն միայն 12 տոկոսը: Համարյա նման առաջընթաց ապահովել է Լոռու մարզը: Այստեղ էլ հաց ու կարտոֆիլ ուտող աղքատների թիվը մի տարում 50 տոկոսից իջել է 21-ի: Այսօր այս ցուցանիշով որոշվող ամենաաղքատ բնակչությունը պաշտոնապես ամենաբարգավաճող համարվող Կոտայքի մարզինն է: Այստեղ բնակչության 27 տոկոսի մոտ օրվա կերակրացանկի 70 տոկոսից ավելին հաց-կարտոֆիլն է: Վիճակագիրները պնդում են, որ ավելացել են տնային տնտեսությունների եկամուտները: Մեկ մարդու հաշվով 2004-ին այն եղել է 14,5 հազար դրամ, 2005-ին` 16 հազար, 2006-ին` 19,5 հազար: Այս ցուցանիշները չեն համընկնում աղքատության պաշտոնական ցուցանիշների հետ: Մեր երկրում աղքատ է համարվում նա, ում եկամուտներն ամսական 2004-ին կազմում էին 19.373 դրամից պակաս, իսկ 2005-ին` 20.229 դրամից: Ծայրահեղ աղքատ 2004-ին համարվել է 12,5 հազարից պակաս ծախսողը, իսկ 2005-ին` 13,3 հազարից: Տնտեսական բարգավաճման մյուս ցուցանիշների հետ դժվար է համադրել այն փաստը, որ երկրի բնակչությունն իր եկամուտների առնվազն 60 տոկոսը ծախսում է սննդամթերքի վրա: Այս ցուցանիշն ակնհայտ է դարձնում, որ սնվելու միջոցներ հայթայթելը բնակչության հիմնական խնդիրն է: Իսկ այդ դեպքում սոցիալ-տնտեսական առաջընթացի մասին խոսելն ավելի շուտ գիտաֆանտաստիկ միջոցառում է, քան իրականության վերլուծություն: Մինչդեռ անգամ պաշտոնական վիճակագրությունը լուրջ վերլուծությունների հնարավորություն տալիս է: Աղքատ է հայտարարված, օրինակ, լայն քայլերով բարգավաճող Երեւանի բնակչության մոտ քառորդը (24 տոկոս): Երկրի ամենաաղքատ հատվածը, բնականաբար, կենտրոնացած է Շիրակի մարզում` բնակիչների մոտ 42,5 տոկոսը: Այստեղ համարյա չկան արտադրական ձեռնարկություններ: Փոխարենն առկա են սոցիալիստ մարզպետ-փոխմարզպետներ, պարբերաբար ահաբեկության զոհ դարձող քաղաքապետ ու շաքարի գործարանի բացման պարբերական խոստումներ: Պաշտոնապես ամենահարուստը Վայոց Ձորի բնակչությունն է: Նրանց 81 տոկոսը հայտարարված է ոչ աղքատ: Լուրջ ուսումնասիրության նյութ հանդիսացող տվյալների կողքին, իհարկե, հրապարակվում են թվեր, որոնց հաշվարկման մեթոդաբանությունն անհասկանալի է: Օրինակ, նշվում է, որ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով ծխախոտի համար ամսական ծախսվում է մոտ 950 դրամ: Հավանաբար հաշվարկն արվել է ոչ թե իրական ուսումնասիրությամբ, այլ ներկրված-արտադրված ծխախոտի դիմաց գանձված ակցիզային հարկի չափից: Հնարավոր է՝ զուտ հարկվող տնտեսության ծավալներից արվող հաշվարկներն են պաշտոնական ու այդքան համեստ օրապահիկ ապահովում ՀՀ միջին քաղաքացու համար: Կարծում եմ, սա բավարար արդարացնող փաստարկ կարող է լինել մեր վիճակագիրների ազնիվ դասի համար: Այլապես, նրանք կդառնան մասնագիտական թեմատիկ անեկդոտների թիրախ: