Շուկան քմահաճ է

28/09/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Եկող տարվա հավակնոտ` 2.5մլրդ դոլարանոց բյուջեի կատարման հնարավորությանը բոլորը թերահավատորեն են մոտենում, քանի որ կառավարությունը չի նշել այն աղբյուրները, որտեղից պատրաստվում է հավաքագրել այդ գումարները:

Բյուջեն լրացնելու համար, դոլարի արժեզրկումից կամ դրամի արժեւորումից բացի, եկող տարի Կառավարությունը սպասելիքներ ունի մեր դեռեւս լիովին չկայացած ֆինանսական շուկայից: Կառավարությունը փորձելու է Հայաստան մտնող տարեկան մոտ 1մլրդ դոլարի բնակչության ստացած օգնությունը պտտացնել պետական պարտատոմսերում: Նաեւ հաշվարկված է, որ այս կարգի օգնությունները հիմնականում ստանում են տարեց մարդիկ, ովքեր կորցրել են իրենց ավանդները եւ այլեւս չեն հավատում բանկային համակարգին: Այս կարգի մարդիկ որպես կանոն՝ ուզում են աշխատել պետության հետ, եւ պետականորեն էլ գրվել է այս համակարգն աշխատեցնելու ծրագիրը: Պետբյուջեի դեֆիցիտի ծածկման համար պետությունն այս անգամ, պարզ ասած, պարտքով փող է վերցնելու հենց ժողովրդից, եթե, իհարկե, ժողովուրդն այդ միջոցներն ունի:

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը նշում է, որ այս անգամ դեֆիցիտի ծածկման համար չեն օգտվելու ավանդական տարբերակներից: «Պետբյուջեի դեֆիցիտը լրացնելու բազմաթիվ եղանակներ կան` հարկերի բարձրացում, ծախսերի կրճատում, պետական ունեցվածքի վաճառք, կամ էլ պետք է պարտքով փող վերցնել: Մի եղանակ էլ կա, որն այնքան էլ ընդունված չէ` դա փող տպելն է: Դա նույնն է թե՝ ԿԲ-ն վարկավորում է պետությանը: Կառավարությունը 1998-ից հետո այս պրակտիկային չի դիմում: Ոչ մի կառավարություն չի մտածում ծախսերի կրճատման մասին, ընդհակառակը, ծախսերն աճի միտում ունեն: Լավ բան է պետական ունեցվածքի վաճառքը, սակայն սա էլ անվերջ չէ: Մնում է կամ բարձրացնել հարկերը, որն առաջին հայացքից վատ զգացողություններ է առաջացնում, քանի որ իր մեջ պարտադրանքի տարր է պարունակում, կամ էլ պարտք վերցնելը: Դեմոկրատական երկրներում ավելի շուտ պարտք են վերցնում, քան հարկերն են բարձրացնում: Իհարկե, թե մեկ, թե մյուս դեպքերում կառավարությունները պետք է գործեն խելամիտ, որպեսզի կարողանան ապահովել պետական ծախսերի առավել արդյունավետ իրականացումը»,- ասում է Ա. Մարգարյանը: Միջազգային դոնորների արտոնյալ վարկերն էլ հավերժ չեն, եւ Հայաստանն իր երկնիշ տնտեսական աճով գերազանցում է այն մակարդակը, ում համար նախատեսված են այդ վարկերը: Թերեւս մինչեւ 2010թ. կլինեն վարկերը, որից հետո պետք է մտածել՝ ներքին շուկայի հաշվին փոխել պարտքի կառուցվածքը: Արտաքին վարկերից հրաժարվելը երկրին ազատում է պարտավորությունների շարքից եւ, բացի այս էլ, սերունդները չեն ունենում պարտքային բեռ: «Ներքին պարտքի դեպքում պետությունը փողը մի խավից վերցնում է եւ տալիս է մյուսին: Ընդամենը միջնորդ է երկուսի միջեւ, որտեղ ընդհանուր երկրի տնտեսությունը ոչ մի պարտքային պարտավորություններ չի ունենում: Բոլոր երկրները գնում են դրան եւ գնում են նախապատրաստվելով: Եթե չեն նախապատրաստվում՝ կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ երկրի տնտեսության համար: Նախ՝ պետք է երկրի ռեզիդենտներին սովորեցնել աշխատել պարտքի շուկայում, պետք է կարողանալ ձեւավորել շուկայի ենթակառուցվածքները`առեւտրային համակարգը, շուկայի մասնակիցներին, դեպոզիտարիան, երկրորդային շուկան: Երկրորդային շուկան աշխուժացնում են ոչ բանկային համակարգը` ապահովագրական ընկերությունները, քաղաքացիները, ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններ, իսկ բանկային համակարգն այսօր կարողանում է պարտատոմսերով իրեն ապահովել առաջնային շուկայում եւ առանձնակի խթաններ չունի երկրորդային առեւտրի զարգացման համար»,- մանրամասնում է Ա. Մարգարյանը: Պետական պարտատոմսերի ամենամեծ գնորդը ներկայումս բանկային համակարգն է՝ մոտ 83 տոկոս, եւ ԿԲ-ն է` մոտ 10 տոկոս: Հավերժ մրցակցության մեջ գտնվող Ֆինանսների նախարարությունը եւ ԿԲ-ն չեն մրցակցում պետական պարտատոմսերի տոկոսադրույքը սահմանելու հարցում: Այստեղ առկա է արդյունավետ համագործակցություն: Եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածը ձեւավորվում է ԿԲ պարտատոմսերի, իսկ միջին եւ երկարաժամկետ հատվածները` գանձապետական պարտատոմսերի շուկայական տոկոսադրույքների հիման վրա:

Բնակիչներն այսօր էլ գիտեն պետական պարտատոմսերի տեղը եւ այստեղ մեծ ներդրումներ չունեն, սակայն Ֆինանսների նախարարությունը բնակչությանը պետական պարտքի շուկա ներգրավելու համար մշակել է խնայողական պարտատոմսեր թողարկելու մի ծրագիր: Այս ծրագրով նախատեսվում է էապես մեծացնել ազգաբնակչության խնայողությունների տեսակարար կշիռը ներքին պետական պարտքում։ «Ներքին պարտքը 60մլրդ դրամ է, ամբողջ պարտքը 1.5 մլրդ դոլար է կազմում: Եթե այս տարի ներքին պարտքի հաշվին դեֆիցիտը ֆինանսավորվել է 8 մլրդ-ի չափով, ապա 2008-ին նախատեսվում է 25 մլրդ դրամի չափով: Էական փոփոխությունների պետք է ենթարկվեն պարտատոմսերի թողարկման ու շրջանառության պայմանները: Մինչ այսօր թողարկում էինք պարտատոմսերի փոքր ծավալներ` առավելագույնը 2մլրդ դրամ: Եկող տարվանից կունենանք 4-5 թողարկում շատ մեծ ծավալներով` 5մլրդ-ից՝ մինչեւ 50-60 մլրդ դրամի: Մեծ պարտատոմսերը համարվում են ուղենիշային, քանի որ մեծ ծավալի շնորհիվ բավականին լուրջ շրջանառություն են ապահովում, եւ դրանց միջոցով տնտեսության մեջ ձեւավորվում է եկամտաբերության կորը: Այս պարտատոմսերի իրացումը կատարվելու է վերաբացվող աճուրդների միջոցով: Վաճառքն իրականացվելու է 2-3 մլրդ կտորներով եւ ոչ մեկ տարվա ընթացքում: Հնարավոր է՝ 20 տարի ժամկետայնության պարտատոմսը մենք տեղաբաշխենք երեք տարում»,- ասում է մեր զրուցակիցը: Եկող տարվանից Ֆինանսների նախարարությունը պարտատոմսերի առաջնային շուկային մասնակցության իրավունքը թողնելու է 5-6 բանկի, մնացած բանկերը պարտատոմսեր ձեռք են բերելու նրանցից` երկրորդային շուկայում: Այդ 5-6 բանկերը լինելու են Ֆինանսների նախարարությանը շուկայի հետ կապողները, եւ նրանց հիմնական նպատակն է լինելու՝ ուսումնասիրել շուկան եւ հայտնել՝ ինչի պահանջարկ ունի այն: «Որոշումների ճիշտ ընդունումից էլ կախված կլինի պարտատոմսերի տոկոսադրույքի ձեւավորումը: Մենք դեկտեմբերի 25-ին տալիս ենք եկող տարվա ամբողջ ծրագիրը` ինչ ենք թողարկելու եւ որ օրը: Շուկայում ամեն ինչ ազդում է պահանջարկի վրա: Նույնիսկ եղանակի փոփոխությունը, քաղաքական իրավիճակը, անգամ գործարարի տրամադրությունն ազդում է շուկայի պահանջարկի վրա: Մենք հիմա կրկին նախապես կհայտարարենք երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման օրը, բայց մեզ իրավունք կվերապահենք կատարել նաեւ լրացուցիչ թողարկումներ: Իսկ որպես գործակալներ՝ կընտրվեն այն բանկերը, որոնք կբավարարեն մեր սահմանած չափորոշիչները»,- ասում է Ա. Մարգարյանը: Ա. Մարգարյանը չի նշում այն բանկերի անունները, որոնց գերապատվություն է տալու ՀՀ Ֆինանսների նախարարությունը, միայն ասում է, որ գործակալների վրա դրված պարտավորությունները բավականին լուրջ են, եւ ոչ բոլորն են ցանկանում ստանձնել այն: Ֆոնդային բորսայի կայացումը պետք է լինի հաջորդ քայլը, եւ նախարարության ընտրած գործակալների համար ամենածանր պայմանն է լինելու Ֆոնդային բորսայում կատարել պարտատոմսերի երկկողմանի գնանշում: Գնանշման ճեղքվածքը սահմանելու է ՀՀ Ֆինանսների նախարարությունը: Սա նույնն է թե՝ ԿԲ-ն սահմանում է արտարժույթի վաճառքի վերին եւ ստորին շեմը: Հայաստանը պետական պարտատոմսերը դրսի բորսաներում վաճառելու նախադեպ դեռեւս չունի: Նախ՝ այս «թուղթը» մեր երկրում պետք է արժեք ունենա եւ շահագրգռի ներդրողներին՝ տեղում գնել այն եւ հետո խոսել միայն դրսի մասին: