Հոկտեմբերի 4-14-ը Երեւանում արդեն հինգերորդ անգամ կկայանա «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում 100-ից ավելի ներկայացումներ կցուցադրվեն:
Փառատոնային ներկայացումների համար օգտագործվելու են երեւանյան 14 թատերաբեմերը: Կմասնակցեն 17 հայ թատերախմբերն ու օտարերկրյա 33 կատարողները: Փառատոնի նախագահ դերասան Արթուր Ղուկասյանն ասաց, որ ավելի ճիշտ կլինի փառատոնը ոչ թե թատերական անվանել, այլ` կատարողական, քանի որ բեմադրությունների ժանրային ամպլիտուդան շատ մեծ է, ներկայացված են լինում պլաստիկ, պարային, փողոցային բեմադրությունները, որոնք ավելի ճիշտ է անվանել performing art: «Կրկին կլինեն այնպիսի ներկայացումներ, որոնց համար մենք պատասխանատվություն չենք կրում»,- ասաց Ա. Ղուկասյանը` նկատի ունենալով անցյալ տարիների փորձը, երբ որոշ ներկայացումներ շոկային ընդունելության էին արժանանում: ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանն էլ ասաց, որ իրենք հույս ունեն, որ փառատոնը կբերի այն նորն ու անսպասելին, որի կարոտն այսօր ունի հայ հանդիսատեսը: «Սպասում ենք, որ երիտասարդ դերասաններն ակտիվ հանդիսատեսից ակտիվ մասնակցի կվերածվեն»,- ասաց նա:
Նախորդ չորս փառատոներն անցել են «Ալֆայել» պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ, սակայն այս տարի կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանը չի լինի «Հայֆեստի» կողքին, փոխարենը փառատոնին կսատարի պետական կառույցը` Մշակույթի նախարարությունը: Կարինե Խոդիկյանը նշեց, որ պետությունը կարեւորում է «Հայֆեստն» ու 39 մլն դրամ է փոխանցում այն անցկացնելու համար: «Հայֆեստը» չափազանց բաց ու ճկուն փառատոն է, որը կարողանում է շարժել հայ թատրոնների համատարած պասիվությունն ու ցուցադրել համաշխարհային թատերական տեղաշարժերի մոդելները: Փառատոնին հանդիսատես է հարկավոր, թեկուզեւ` անհամաձայն ու բողոքող, բայց ներկայացումներ դիտող հանդիսատես: «Եթե մշակույթը չի «տալիս» ու չի «առնում», լճանում է: Չէի ասի, որ մեր դերասաններն ու ռեժիսորներն իրար կոտորելով ներկայացում են դիտում: Մենք շեշտը դնում ենք ուսանողների վրա, որոնք մեծ աշխարհից տեղյակ պիտի լինեն»,- ասաց փոխնախարարը: Ավանդույթի համաձայն՝ «Հայֆեստում» շատ կլինեն էքսպերիմենտալ բեմադրությունները: Հայկական «Միհր» թատերախումբ, օրինակ, կփորձի մարմնով վրձնահարվածներ կատարել եւ գունավոր ներկայացում ստեղծել: Իսկ երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը կներկայացնի իր «Օֆելյայի ստվերների թատրոնը»: Կլինեն վիդեոպրոյեկցիա եւ ստվերների խաղ օգտագործող այլ մասնակիցներ: «Հայֆեստի» հյուրը կլինի ռուս դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը, ով երկու ներկայացում կցուցադրի` «Ինչպես ես շուն կերա» եւ «Միաժամանակ»: Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով սիրով իր թատրոնի բեմն է տրամադրում «Հայֆեստին», ասաց, որ փառատոնը փուլ է, որը ցույց է տալիս` արդյո՞ք մեր թատրոնը համաշխարհայինի հետ համընթաց է շարժվում, թե՞ ետ է մնում, կամ էլ ընդհանրապես այլ ճանապարհով է շարժվում: Այստեղ կարեւորը շարժումն է: Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ զգեստափոխումներով, երգերով ու հրավառությամբ լի շքերթ է կազմակերպվելու: