Սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը շատ զուսպ ու սկզբունքային մարդ է։ «Ռոմանտիկ տրամադրություն երբեմն ունենում եմ, բայց ես իմ էությամբ ռոմանտիկ չեմ»,- ասում է նա ու յուրաքանչյուր իր ելույթի ընթացքում բոլորին պարուրում սաքսոֆոնի ռոմանտիկ հնչյուններով։ Նա նվագում է տարբեր նվագախմբերում. եւ՛ սիմֆոնիկ, եւ՛ ջազային, սակայն ջազը համարում է ամենաանկեղծ ու ամենացայտուն երաժշտական ուղղությունը: Նա վստահ է, որ ջազում էքսպերիմենտները միայն էքսպերիմենտներ կամ, իր խոսքերով ասած՝ «բզիկներ» էլ կմնան, եթե նվագը բովանդակություն չունենա։ Նրա ձեռքերում փողային գործիքները պրոֆեսիոնալ անկեղծությամբ են հնչում։ «Երբ ես լսում եմ իմ հին ձայնագրությունները, որպես կանոն, հիշում եմ, թե ինչ էի ուզում ասել այդ պահին, ինչի մասին էի մտածում»,- ասում է նա։ «Armenian Navy band» եւ «Time report» խմբերից բացի, նա տարբեր նախագծերի է մասնակցում, առանց Հյուսնունցի սաքսոֆոնի կարծես թե ոչ մի համերգ չի կարող կայանալ։ Նա մեր թիվ մեկ սաքսոֆոնահարն է։ Նա ունի երեք դուստր, եւ հյուրախաղերի ու ելույթների շատ խիտ գրաֆիկ: Արմեն Հուսնունցը հայրենիքից դուրս աշխատելու ցանկություն չի ունեցել, թեեւ որոշ ժամանակ նվագել է Մոսկվայի ռազմական նվագախմբում եւ, իր խոսքերով` մի քանի ամիս «մաքառել» է Լոս Անջելեսում։
– Ասում ես, որ եթե օրական մի քանի ժամ չպարապես, չես կարող լավ նվագել։
– Այո, այդպես է, եթե մի քանի օր չեմ պարապում, դառնում եմ ջղային ու նյարդային մարդ, անլիարժեքության բարդույթ է սկսվում։ Երաժշտությունը մի ընթացք է, որն անընդհատ պետք է պահել։ Ընդ որում, հանդիսատեսը բոլորովին էլ կարող է չզգալ, որ ես մի քանի օր չեմ պարապել, բայց ես ինքս ինձ լավ չեմ զգա։ Նվագը սպորտ է։ Եթե ֆուտբոլիստը մի քանի օր չմարզվի, լավ չի խաղա։ Նույնն էլ երաժիշտն է։
– Ֆեդերիկո Ֆելինին «Նվագախմբի փորձը» ֆիլմում յուրաքանչյուր երաժշտին իր նվագած գործիքին էր նմանեցնում, նրա բնավորությանը տալիս էր գործիքի գծերն ու ֆորման։ Այդպե՞ս է։
– Ես կասեմ, որ ոչ թե գործիքն է կատարողին նման, այլ՝ նույն գործիք նվագողներն են զարմանալիորեն իրար նմանվում։ Գործիքի շնորհիվ երաժիշտներն ընդհանուր գծեր են ձեռք բերում։ Ամեն գործիք իր փիլիսոփայությունն ունի, եւ այն պետք է հասկանաս։
– Փողային գործիքների փիլիսոփայությունն ինչո՞ւմ է։
– Փողայինների կատարումը կախված է շնչառությունից, դրա շնորհիվ էլ փողայինների նվագը շատ մոտ է երգեցողությանը: Ինձ թվում է, որ փողայինները երգում են, մանավանդ` սաքսոֆոնը, որը հաճախ սոլիստ է դառնում նվագախմբերում:
– Հիմա Երեւանում շատ երաժշտական խմբեր կան, որոնք կարողանում են ակումբներում նվագելով՝ լավ երաժշտական ֆոն ստեղծել։ Երիտասարդների համար հիմա ավելի հե՞շտ է։
– Շատ լավ երիտասարդ երաժիշտներ ունենք, նրանք կարողանում են ավելի արագ բացահայտվել։ Բայց այստեղ երես չտալու խնդիր կա, ինչպես ասում են` ժամանակից շուտ պտուղը չի կարող հասնել։ Մանավանդ, որ մեր հայ երաժիշտների համար դա վտանգ է, որովհետեւ, ցավոք, մեր բոլորիս մեջ մեծամտությունը խորը արմատներ ունի։ Եվ երբ երիտասարդ տարիքում սադրում ու պրովոկացիայի ես ենթարկում այդ մեծամտությունը, ի վերջո, վտանգավոր իրավիճակի ես հասնում։ Խրախուսելու եւ զսպելու միջինը պետք է գտնել։
– Դու ամենաճանաչված սաքսոֆոնահարն ես։ Աշակերտներ ունե՞ս։
– Աշակերտներ շատ եմ ունեցել, բայց ոչ մի տեղ լեգալ չեմ դասավանդել։ Չէի կարողանա դասավանդել, քանի որ մի օր ելույթ եմ ունենում, հաջորդ օրը հյուրախաղերի եմ մեկնում։ Եթե դասավանդեի, դա «խալտուրա» կլիներ։ Իմ աշխատանքային ռեժիմն անկայուն է։ Բայց միշտ եղել են երիտասարդներ, որոնց օգնել եմ՝ որքան կարողացել եմ։
– Իսկ «խալտուրան» մեր երաժշտության մեջ շա՞տ է։
– Ամեն մարդ նվագում է այնքան լավ, որքան կարող է։ Բայց կարող եմ ասել, որ մենք բոլորս էլ աշխատում ենք ազնիվ նվագել, մեկ-մեկ, իսկապես, չես կարողանում լավագույնն անել։ Լինում են օրեր, երբ խոսելդ չի գալիս։ Իսկ նվագելը խոսել է նշանակում։ Երաժշտությունը խոսք է, պոզիտիվ, նորոգիչ խոսք է։
Երաժշտության մեջ իդեալական, ամենացանկալի իրավիճակը ստեղծվում է այն ժամանակ, երբ սկսում եմ խոսել հանդիսատեսի հետ։
– Բոլորի կարծիքով, «Time report»-ը լավագույն հայկական էթնո-ջազ խումբն է: Որքան էլ իմպրովիզացիա անեք, միեւնույն է, ձեր կատարածի հիմքում մեղեդին է:
– Պետք է հենակետ ունենալ, որպեսզի երաժշտական գործն իր դեմքն ունենա: Մեղեդին մեզ համար այդպիսի «դեմք» է դառնում:
– Իսկ ինչո՞ւ մենք լավ ջազ ունենք, բայց, ասենք, ռոք կամ ռոմանսներ լավ չենք կատարում։
– Ջազի ավանդույթներն են ուժեղ, եւ հետո էլ ջազը շատ մոտ է մեր մենթալիտետին։ Ի տարբերություն մեր հարեւանների, մենք իսկապես լավ ջազ ունենք։ Բայց հետաքրքիր մի բան եմ նկատել. հենց որ մենք մի բան ունենում ենք, սկսում ենք այնքան ասել, որ շատ արագ կորցնում ենք։ Հիմա ջազի ասպարեզում բարդ իրավիճակ է, մենք չենք անում այն, ինչը կարող էր զարգացնել ու հիմնավորել հայկական ջազը։ Չունենք ջազային փառատոն, ինչը շատ ամոթ է։ Վերջին ջազային փառատոնը 2001 թվականին էր, իսկ Թբիլիսիում ու Բաքվում այն ամենամյա է։ Մեր երկրում ջազի օրեր է անցկացնում Ամերիկյան դեսպանատունը, ելույթ են ունենում հայկական խմբերն ու մեկ հրավիրված հյուր, դա շատ լավ է, բայց, ամեն դեպքում, դա փառատոն չէ։ Մեզ պետք է, որ մեր երկիր շատ երաժիշտներ գան, մենք գնանք, կապերը լայնացնենք, այլապես երաժիշտները չեն «աճում» կամ էլ թողնում-գնում են։ Ես չեմ ուզում բողոքել, փորձում եմ օբյեկտիվ լինել։ Մենք արդեն իսկ շատ լավ երաժիշտներից ենք զրկվել, մի քանի սերունդ է հեռացել։ 1990-ականների սկզբին գնացին Քարթալյանը, Ազարյանը, հիմա նոր արտահոսք է սկսվել։ Եթե այսպես շարունակվի, էլի կգնան։
– Հեռանալու պատճառները սոցիալական, կենցաղայի՞ն են, թե՞ երաժշտական խնդիրներն են։
– Վստահ եմ, որ հեռանալու պատճառը միայն սոցիալական դժվարությունները չեն։ Երաժշտին շփումներ են պետք՝ գոնե իր սեփական քաղաքում։ Երբ ես նվագում եմ ու տեսնում եմ, որ դահլիճը կիսադատարկ է, շատ ցավագին եմ ընդունում այդ փաստը։ Ես գիտեմ, որ մեր միլիոնանոց քաղաքում գոնե մի քառասուն-հիսուն մարդ սիրում են այս երաժշտությունը, բայց ես հաճախ չեմ տեսնում նրանց։
– Շփումներն աշխուժացնելու փորձեր է անում Թուրքիան։ Վերջերս մի քանի հայկական խմբեր ելույթներ ունեցան այդ երկրում եւ զարմանալի լավ ընդունվեցին։ Երաժշտությունը հաղթահարո՞ւմ է թշնամանքը։
– Դե, կարող եմ ասել, որ առանձին դեպքեր կան, երբ զգում ես, որ թուրքերը չեն հաղթահարել թշնամանքը։ Նրանք հայերին շատ ջերմ են ընդունում, հայերին սիրաշահելը նրանց ազգային քաղաքականությունն է դարձել։ Կարող է ասածս շատ խիստ հնչել, բայց ես արդեն յոթ անգամ եղել եմ Ստամբուլում ու միշտ զգացել եմ, որ այնտեղ գտնվելն ամեն դեպքում տհաճ է։ Անկախ ամեն ինչից` լարվում ես։ Դա ներքին զգացում է, իսկ եթե օբյեկտիվ նայենք թուրքերին, ապա մենք, անկասկած, նրանցից շատ բան ունենք սովորելու՝ սկսած տարրական էթիկայից, վերջացրած` փողոցների երթեւեկությամբ։ 14 միլիոնանոց Ստամբուլում ես քայլում էի ու ինձ համար շատ սկզբունքային խնդիր էի լուծում՝ ուզում էի գտնել հաստավիզ, «բեսպրեդելին» սովոր այն տիպարին, որը մեզ շատ լավ ծանոթ է։ Եվ չգտա… 14 միլիոնի մեջ նման «կենդանի» չկար, իսկ մեզ մոտ դրանք մեծամասնություն են դառնում։
– Երեւանում հարմարավետ չէ՞։
– Մեկ-մեկ զգում եմ, որ ես կապ չունեմ մեր քաղաքի հետ, որ մեր քաղաքն այլեւս իմը չէ, իմը չեն փողոցի ավտոները, երաժշտությունը, «վզերը»… Այստեղ մի տեսակ անվստահ ես դառնում։ Չեմ ուզում տրիվիալ բաներ ասել, բայց զգում եմ, որ մեջս ինչ-որ բան փոխվել է: Ես շատ կուզեի, որ Հայաստանում պարտադիր ծրագիր լիներ, որը ցանկացած հայի ստիպեր իր կյանքում գոնե մեկ անգամ որոշ ժամանակով հեռանալ հայրենիքից, աշխատել որեւէ երկրում ու հետո վերադառնալ: Գնալ-գալով ես կարողանում արժեւորել արածդ: Ես համոզվել եմ, որ հայն ինքն իրեն միայն օտարության մեջ է կարողանում հասկանալ, երբ մենակ է լինում եւ կողքին հայեր չեն լինում: Ես իմ կաշվի վրա եմ զգացել, որ մի հայը քիչ է, իսկ երկու հայը շատ են: Երբեք չեմ ցանկացել ուրիշ երկրում աշխատել, բայց սրտիս խորքում վախ կա, մտածում եմ, որ կարող է այնպիսի պահ հասունանալ, երբ ստիպված լինեմ հեռանալ: Եվ այդ վախն ավելանում է, թեեւ ես ինքս, ինչպես ասում են` բողոքելու տեղ չունեմ, շատ թե քիչ կայացած երաժիշտ եմ, բայց մեր երկրում հնարավորություններն են սահմանափակ: Լավ երիտասարդներ կան, որոնք ինֆորմացիայի պակասի պատճառով անտարբեր են դառնում: Հիմա նրանք կարող են այնքան ինֆորմացիա ունենալ, որը մենք միշտ երազել ենք ունենալ: Բայց չեն կարողանում օգտագործել այդ ինֆորմացիան ու լճանում են։
– Էթնիկական՝ ժողովրդական մոտիվները ձեր խումբը շատ նուրբ ու խնամքով է օգտագործում։ Իսկ ընդհանրապես ազգային տարրերն ի՞նչ դեր պետք է ունենան մեր կյանքում։
– Ես հավատում եմ, որ ամեն մարդ իր ինքնությունն ունի։ Պարզապես այդ ինքնության գիտակցմանը վստահել է պետք, պետք է թողնել, որ քո միջից դուրս գա այն, ինչն իսկապես քոնն է։ Չգիտեմ՝ դա ազգայի՞նը կլինի, թե՞ ազգայինը չի լինի, բայց պետք է ինքնությունդ հասկանաս ու պահես։ Անհատն ամեն դեպքում ունիկալ է, ոչ մեկին նման չէ։ Գուցե հերիք է միայն հրաժարվել համբուրգեր ուտելուց ու կոկա-կոլա խմելուց, որպեսզի մոտենաս քո ինքնության գիտակցմանը։
– Ուտենք տոլմա՞…
– Թեկուզեւ՝ տոլմա։ Հասկանո՞ւմ եք, երբ քեզ անընդհատ ամեն քայլափոխի համբուրգեր են ցույց տալիս, դու հայտնվում ես վտանգի առջեւ։ Ասենք, ուզում են պաղպաղակ կամ մեքենա վաճառել, օգտագործում են կանացի մարմիններն եւ քեզ համոզում են, որ պաղպաղակն ու մեքենան էրոտիկ են։ Ասում են՝ տես, ինչ համեղ է, ինչ գրավիչ է։ Դրանք խայծեր են, որոնք անընդհատ հայտնվում են մեր կյանքում, տեսանելի են դառնում հեռուստատեսության միջոցով։ Այդ հոսքի մեջ պետք է կարողանալ «արգելակել», քանի որ բոլոր տեսարաններն ու կերպարները սկսել են միայն մարդու բնազդների վրա աշխատել։ Վատ բնազդների, որոնք մարդուն զոմբիացնում ու կենդանի են դարձնում։ Վտանգը գալիս է այն ժամանակ, երբ մարդը սկսում է միայն ուտել-խմելու մասին մտածել, հոգեւորն արդեն երկրորդական է դառնում։
– Երաժշտական երազանք ունե՞ս:
– Երազանքը միշտ նույնն է` լավ նվագելը: Ավելի ճիշտ, գտնել այն խոսքերը, որոնք այսօր պետք են: