«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին արդարացնող վճիռ կայացնելուց հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանին, ինչպես հայտնի է, իշխանությունները որոշել են պատժել: Նրա նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, եւ վաղը կայանալու է այդ հարցով Արդարադատության խորհրդի առաջին նիստը: Մինչ այդ, երեկ մի խումբ փաստաբաններ Փաստաբանական պալատում ասուլիս են հրավիրել, որի ընթացքում հայտարարել են, թե պետք է ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի ինքնուրույն եւ արդար վճիռ կայացրած դատավորը «պատասխանատվության ենթարկվի»: Միաժամանակ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն էլ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Օհանյանի նկատմամբ ճնշում չի գործադրվում, եւ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն «ուղղակի պարզ զուգադիպությամբ» համընկել է «Ռոյալ Արմենիայի» վերաբերյալ կայացված վճռի հետ:
Ինչպես երեւում է, հայրենի իշխանություններն ամեն կերպ փորձում են մեր երկրի դատական համակարգն անթերի դարձնել. հենց մի փոքր թերություն են նկատում, իսկույն «հերն անիծում են»:
Սույն ազնվագույն նպատակից ելնելով՝ վերջերս ստուգումներ են անցկացվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ու պարզել, որ դատավոր Պարգեւ Օհանյանն ինչ-որ խախտումներ է արել, այսինչ վճիռը ճիշտ չի կայացրել, եւ այլն: Եվ ի՞նչ է պետք անել: Իհարկե, պետք է այդ խախտումների հեղինակին անմիջապես պատժել: Եվ հայրենի իշխանությունները լծվել են գործի. կարգապահական վարույթ են հարուցել, ու շուտով դատավոր Պ. Օհանյանի հարցը համապատասխան ատյանների քննության առարկա կդառնա: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դատավորի կայացրած վճիռների սխալ կամ ճիշտ լինելը կարող է պարզել միայն ավելի բարձր ատյանի դատարանը, իսկ տվյալ դեպքում՝ Պ. Օհանյանի «սխալները» հայտնաբերվել են հիմնականում այնպիսի գործերում, որոնց վերաբերյալ վճիռները չեն բողոքարկվել, եւ այսօր կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Ուրիշ որեւէ ատյան պարզապես իրավասու չէ որոշել, թե այսինչ դատավորի կայացրած ինչ-որ վճիռ օրինակա՞ն է, թե՞ ոչ: Մի «նրբություն» էլ կա, որն ամեն ինչ ավելի հասկանալի է դարձնում (պաշտոնապես այս «նրբությունն» անվանում են պարզապես զուգադիպություն): Բոլորովին վերջերս դատավոր Պ. Օհանյանը համարձակվեց արդարացման դատավճիռ կայացնել «Ռոյալ Արմենիայի» գործով: «Ռոյալ Արմենիայի» գործում էլ «նրբություն» կա (պաշտոնապես այս մի «նրբությունն» էլ է զուգադիպություն անվանվում). «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների դեմ գործը հարուցվեց այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին, որ ՀՀ Մաքսային կոմիտեի ղեկավարներն իրենցից կաշառք են պահանջել: Ու հիմա դատավոր Պ. Օհանյանը համարձակվել է առանց համապատասխան «դաբրոյի» արդարացնել հակառակ կողմին: Պ. Օհանյանի գործի առնչությամբ երեկ ՀՀ Փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել մի խումբ փաստաբաններ: Նրանք ընդգծեցին, որ այդկերպ իրենք ոչ թե Պ. Օհանյանին են փորձում պաշտպանել, ոչ թե քննարկում են, թե նրա կայացրած վճիռն օրինակա՞ն է, թե՞ ոչ, այլ պարզապես անընդունելի են համարում, որ որեւէ մեկը կարող է գալ ու որոշել, թե որ վճիռն է ճիշտ, որը՝ սխալ:
Եվ ընդվզումը տվյալ դեպքում այն բանի դեմ էր, որ Պ. Օհանյանին պատժելով, փաստորեն, փորձ է արվում անել այնպես, որ ոչ մի դատավոր չհամարձակվի ինքնուրույն վճիռ կայացնել: Թե չէ, մեկ էլ տեսար՝ ուրիշ դատավորներ էլ հետեւեցին Պ. Օհանյանի օրինակին: Երեկ հրավիրած ասուլիսում փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը, Հայկ Ալումյանը եւ այլք ներկայացրին հայրենի դատավորների որոշ «գլուխգործոց» դատավճիռներ՝ փաստելով, որ այդ մարդիկ չեն պատժվել, իսկ Պ. Օհանյանին որոշել են պատժել: Օրինակ՝ նշվեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Մելիք Սարգսյանը դատավճիռ է կայացրել, որտեղ գրել է, թե մեղադրյալի մեղավորությունն ապացուցվել է նախաքննության ժամանակ տված ցուցմունքներով, որի ժամանակ վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ եւ պահանջել է փաստաբան: Զ. Փոստանջյանն էլ նշեց, թե «վերեւից պատվեր կա, որ Պ. Օհանյանին պատժեն»: Տիկին Փոստանջյանը նաեւ կարծիք հայտնեց, թե արդեն Պ. Օհանյանին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են փոխանցել: ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի խոսքերով էլ՝ այս երեւույթը վտանգում է մեր հասարակական եւ քաղաքական համակարգը: «Սա ցինիզմի վերջին աստիճանն է»: Ասուլիսի սկզբում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը լրագրողների ներկայությամբ ասուլիսի պատրաստվող փաստաբաններից մեկին կոչ արեց անպայման նշել, որ իրենք արտահայտում են իրենց անձնական կարծիքը, որովհետեւ «պալատը, ավելի ճիշտ՝ ես, լրիվ հակառակ կարծիքի է»:
Հնչած տեսակետներից հետո ասուլիսին հետեւող Ռ. Սահակյանը նշեց, որ, եթե իրոք խոսքը դատավորի նկատմամբ բիրտ ճնշման մասին է, ինքը միանում է դրա դեմ ընդվզողներին: «Եթե դա դատավճռի հետ կապ ունի, ես միանում եմ ձեզ»,- ասուլիս հրավիրած փաստաբաններին դիմելով՝ շարունակեց նա: Սակայն, տվյալ դեպքում, ըստ նրա, «Ռոյալ Արմենիայի» գործով դատավորը ճիշտ որոշում չի կայացրել: Մինչդեռ, ըստ ասուլիս հրավիրած փաստաբանների, խնդիրը կոնկրետ դեպքը չէ: Նրանք համարում են, որ դատավորի անարդարացի որոշումը կանխելու համար կան վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, բայց ինչպիսին էլ որ լինի առաջին ատյանի դատարանի որոշումը, գործադիր իշխանությունն իրավունք չունի շրջանցել օրենքը եւ վարույթ սկսել դատավորին պատժելու համար: