Սկսեցին ու հետաձգեցին

26/09/2007

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել ու անմիջապես հետաձգվել է Սեդրակ Զատիկյանի սպանության քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Առուշանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Լ. Ղեւոնդյանի դատաքննությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 2-ին` պատճառաբանությամբ, թե գործում որպես պաշտպան պետք է ներգրավվի նաեւ Ռուբեն Ռշտունին, ով դատարանից ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Մինչ երեկվա դատական նիստը սկսելը նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյանի օգնականը լրագրողներին հայտնել է, թե ամբաստանյալների միջնորդությամբ դատական նիստն այսուհետ լինելու է փակ: Նրա փոխանցմամբ` ամբաստանյալների միջնորդությունը որակվել է որպես պաշտպանության միջոց եւ բավարարվել է: Իսկ սեպտեմբերի 14-ին նշանակված առաջին նիստը չէր կայացել ամբաստանյալների ներկայությունը չապահովելու պատճառով: Քրեակատարողական հիմնարկից գրություն էին ուղարկել դատարան` հայտնելով, որ ամբաստանյալների ներկայությունը չեն ապահովելու: ՀՀ Արդարադատության նախարարությունից «Panorama»-ին փոխանցել են, թե «կալանավորներին քրեակատարողական հիմնարկից դատարան ուղեկցող ոստիկանները, պարզապես, չեն ներկայացել հիմնարկ»: Հիշեցնենք, որ 2006թ. հունիսի 22-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Սեդրակ Զատիկյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ էր արձակվել Զատիկյանի վարած «Մերսեդես Բենց G-55» մակնիշի 10ՏՏ045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով ավտոմեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում սպանվել էին: Ի դեպ, այս գործով մեղադրյալներ Ն. Խաչատրյանի եւ Ս.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ նրանց վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթ: