Թիվ մեկ խնդիրը բիզնեսով զբաղվող իշխանավորներն են

26/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեք ամիս առաջ ՀՀ կառավարության նոր ծրագիրն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո հրապարակվել է մամուլով ու ներկայացվել է հասարակությանը:

Բացի այդ, ծրագիրը տեղադրվել էր նաեւ կառավարության կայքում, եւ հետաքրքրվողները կարող էին ոչ միայն կարդալ, այլ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնել: Կառավարության նոր ծրագիրը կարդացել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ բազմաթիվ դիտողություններ է արել: Պարոն Բագրատյանը մեզ տեղեկացրեց, որ շուրջ 15 էջանոց դիտողությունները նախ ուղարկել է ՀՀ կառավարություն, առաջիկայում էլ պատրաստվում է այն հրապարակել մամուլով: Նախկին վարչապետը գտնում է, որ կառավարության այս ծրագիրը լուրջ, խորությամբ գրված փաստաթուղթ չէ, որովհետեւ լուրջ մասնագետներ չեն եղել, որ այն գրողներին հակադրվեին:

«Խորհրդարանում բավարար ուժեր չկան, որպեսզի պրոֆեսիոնալ ձեւով հակադրվեն ծրագրին, որի արդյունքում կարող էր ծնվել ճիշտ տնտեսական, քաղաքական փաստաթուղթ,- ասում է Հրանտ Բագրատյանը: -Բայց քանի որ դիմադրություն չկա, ցանկացած փաստաթուղթ հալած յուղի տեղ է ընդունվում: Չեմ ասի, որ ամբողջությամբ բանի պիտանի չէ, բայց կան շատ լուրջ թերություններ, որոնք բացարձակապես կարող են կանգնեցնել երկրի զարգացումը: Նախ՝ այդ ծրագրում չկար, թե ի՞նչ է անելու կառավարությունը, որ բյուջեում հարկերի հավաքագրման աստիճանը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ 14 %-ից բարձրանա նվազագույնը 23 %: Նույնիսկ մինչեւ 26 % պետք է լինի ազգային հարկային ծանրաբեռնվածությունը: Ճիշտ է, կառավարությունն իր առաջ նպատակ է դրել, որ ամեն տարի ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 0,3-0,4 %-ով պետք է ավելացնեն: Իհարկե, ոչինչ էլ չանես, այդքան կավելանա, որովհետեւ այս ընթացքում տնտեսությունում կառուցվածքային փոփոխություններ կան, բացի այդ, շուտով հարկվելու է գյուղատնտեսությունը: Իսկ այդ տեմպերով 5 տարում 14 %-ից լավագույն դեպքում կարող է դառնալ 15,5-16 %: Սա նշանակում է, որ կառավարությունը ոչ մի լուրջ բան չի ուզում անել»:

Հ. Բագրատյանը կառավարության ծրագիրը քննադատելու ընթացքում չէր դիմանում գայթակղությանը եւ տարբեր հարցերի հետ կապված սուր քննադատության էր ենթարկում գործող իշխանություններին: Այս պարագայում պարզ է, որ Հ. Բագրատյանը չէր կարող շրջանցել 2008թ. 2,5 մլրդ դոլարանոց բյուջե ունենալու հայտարարությունները:

«Կարեւորը թվերը չեն, այլ այն, որ կառավարությունը չի մանրամասնում, թե ինչի հաշվին է դա ավելացնելու,- ասում է պարոն Բագրատյանը: -Իսկ իմ կարծիքով՝ հիմնական պրոբլեմն այն է, որ տնտեսությունը, բիզնեսը խառնվել են կառավարությանը: Այսօր մեր հանրապետության ամենամեծ բիզնեսմենը, անշուշտ, նախագահը, նախարարները եւ պատգամավորներն են: 130 պատգամավորներից 86-ը ձեռնարկատեր են գրանցված, բիզնես ունեն: Դրանից դուրս գտնվող բիզնեսը շատ չնչին մաս է կազմում: Եվ եթե իշխանությունները փորձելու են հարկերն ավելացնել, բյուջե մեծացնել, ապա իրենք իրե՞նց վրա են հարկ դնելու: Երկիրը զարգանալու միակ ձեւն այն է, որ իրենք բիզնեսից դուրս գան: Նախագահ կամ նախարարը թող իրենց գործով զբաղվեն, դրա համար աշխատավարձ են ստանում: Եթե շատ են ուզում բիզնեսով զբաղվել, թող գործից դուրս գան: Այ, երբ որ այս հարցադրումները կառավարության փաստաթղթում տեսնեմ, կասեմ՝ կառավարությունը մտածում է ինչ-որ բան անելու մասին: Կառավարությունը եթե ծրագրում գրեր, որ՝ դիմելու եմ Դատախազություն եւ Սահմանադրական դատարան, որպեսզի ձեզ հատ-հատ քննեն, պարոնայք պաշտոնյաներ, ապա ես կասեի՝ սա ծրագիր է, եւ գրողներն էլ ուզում են գործ անել»:

Պարոն Բագրատյանը չի գտնում, որ կառավարության այս ծրագիրն ամբողջությամբ դատարկ է: Իհարկե, որոշ բաներ կան, որոնց հետ կարելի է համաձայնել: Բայց երբ տեսնում է, որ վերլուծությունների կամ խոստումների բազան Վիճվարչության թվերն են, արդեն չի կարողանում համաձայնել: «Բերեմ ձեզ ճչացող օրինակներ՝ Կառավարությունը ծրագրով որոշում է ստեղծել 105.000 աշխատատեղ,- ասում է Հ. Բագրատյանը: – Վիճվարչության տվյալներով՝ մենք ընդամենը 66.000 գործազուրկ ունենք: Հարց է առաջանում՝ մեր ինչի՞ն են պետք այդքան աշխատատեղերը: Թե՞ Հայաստանում գործազրկության իրական թիվն ավելի մեծ է, քան Վիճվարչությունն է ներկայացնում: Եթե նույնիսկ այդպես է, ապա ծրագիր գրողները պետք է ուշադիր լինեին, որ այս թվերը գոնե մոտ լինեին: Տասնյակի են հասնում այսպիսի կազուսները: Եվ չի կարելի նման ձեւով որակազրկել Կառավարության ծրագիրը: Ես հույս ունեմ, որ իր գործունեության մեջ Կառավարությունը, այնուամենայնիվ, ուժ կգտնի հասկանալու խնդիրը: Իսկ խնդիրը հենց իրենք են, իշխանավորները: Հայաստանի համար թիվ մեկ պրոբլեմը բիզնեսով զբաղվող իշխանավորներն են: Կամ իշխանավորը պետք է իշխանությամբ պարապի, կամ էլ բիզնեսով զբաղվի: Երբ որ բիզնեսն ընկնում է իշխանավորի ջանը, քաղցկեղի նման ուտում է նրան: Վերջում այդ իշխանավորից ոչինչ չի մնում, եւ երբեք չի լինում, որ իշխանավորը հաղթի այդ կռվում»:

Հրանտ Բագրատյանն այս անգամ փորձել է ինքնուրույն հաշվել, թե որքան է Հայաստանի իրական ՀՆԱ-ն, եւ գտել է, որ այն շատ ավելի պակաս է, քան հայտարարվում է: Նա նաեւ պարզել է, որ Վիճվարչությունը Հայաստանի տնտեսության աճն ամեն տարի 2 անգամ ավելի շատ է հայտարարում: «Երբ որ հայտարարում են 13 % աճ, դա բաժանեք 2-ի, եւ իրական աճը կիմանաք»,- ասում է Հ. Բագրատյանը: Կառավարության ծրագիրը ներկայացված է բաժիններով, այսինքն տնտեսության ոլորտներով: Այդ բաժինները Բագրատյանն անվանեց «լոլո»: «Լոլո է ամբողջությամբ բանկային քաղաքականությունը,- գտնում է նախկին վարչապետը: -Հասկանալի չէ, թե ինչ է արվելու, որ զարգանա այդ ոլորտը: Կա իդեա, որը 1992թ. փաստաթղթից է արտագրած՝ «Հայաստանը դարձնել տարածաշրջանի ֆինանսական կենտրոն»: Բայց ինչպե՞ս, երբ որ մեր երկրում ցանկացած մարդու փոխանցումները նայում են: Փայլուն օրինակը Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունն է: Վերջում տեսան, որ բան էլ չկա: Բայց ես ուրիշ բան եմ ուզում հարցնել՝ դուք ի՞նչ իմացաք, որ մարդուն փող են փոխանցել: Որովհետեւ մի 5 տարի առաջ ԿԲ նախաձեռնությամբ ընդունվել է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենք՝ որով ում հետ ինչ ուզում, անում են: Ցանկացած փոխանցում ստուգվում է: Ախր այս օրենքը սպանում է դեմոկրատիան, հակասում է Սահմանադրությանը: Բայց դուք կարծում եք՝ ՍԴ-ն դրա դեմ կխոսի՞: Ո՛չ: ՍԴ-ում ինչքան անդամ կա՝ ռեստորան ունեն, ինչքան դատավոր ու դատախազ կան՝ սրճարան ունեն: Դրա համար եմ ասում, որ պաշտոնյաներին պետք է հեռու պահել բիզնեսից: Հենց սա պետք է առաջինը գրված լիներ կառավարության ծրագրում»: