«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ Հայաստանի ժողովրդավարական ուժերին առաջարկել է ստեղծել ժողովրդավարական ուժերի միասնական խորհուրդ: Այն, ըստ Թորոսյանի` պետք է վերահսկի ընտրությունների օրինականությունը եւ պատասխանատվության կանչի 2003-2007թթ. ընտրախախտողներին, ինչպես նաեւ պետք է իրականացնի միասնական թեկնածուի քարոզչությունն ու այս «ապօրինի իշխանությունների դեմ հակաքարոզչությունը»: Խորհուրդը պետք է նաեւ համագործակցի միջազգային ժողովրդավարական կառույցների հետ: Ըստ Թորոսյանի` իրենք այս առաջարկությամբ միանում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին եւ նրանց գործունեության հետեւանքներին տված գնահատականներին: Իսկ նման առաջարկությունը նա բացատրում է այսպես. «Իշխանությունների կողմից պետական միջոցներով իրականացվող վաղաժամ եւ հակաօրինական քարոզչությունը հաստատում են նրանց հեգնող հայտարարություններն այն մասին, որ ՀՀ նախագահի ընտրություններն իրենց որակով չի զիջի խորհրդարանական ընտրություններին»: Ըստ Թորոսյանի` այլեւս «հապաղելն անիմաստ է եւ անուղղելի»: Իսկ թե ովքեր են միանալու Ռ. Թորոսյանի այս առաջարկին` առայժմ հայտնի չէ: Քաղաքական բոլոր ուժերը, չնայած Ռ. Թորոսյանի նախազգուշացմանը` «հապաղում են»: