«Հայներարտբանկի» խորհրդի նախագահ Լեւոն Բարխուդարյանի կարծիքով՝ մինչեւ տարեվերջ դոլարը նորից կարժեզրկվի: Նախկին ֆինանսների նախարարը համաձայն չէ, որ տարադրամի կուրսը խստորեն է վերահսկվում ՀՀ իշխանությունների եւ Կենտրոնական բանկի կողմից:
Լ.Բարխուդարյանի կարծիքով՝ դրա հիմնական պատճառներից մեկը դոլարի շատ բարձր առաջարկն է: Ըստ Լ.Բարխուդարյանի՝ ավելի շուտ վերահսկվում են հիմնական գնագոյացնող ապրանքների գները, եւ դա դոլարի արժեզրկման մյուս պատճառն է: «Դոլարի արժեզրկման պայմաններում, եթե լինի հավասար մրցակցային միջավայր հատկապես ներկրումների ոլորտում, ապա գները պետք է իջնեն,- ասում է պարոն Բարխուդարյանը: -Այդ ժամանակ ԿԲ-ն կարող է կուրսը պահել կայուն: Բայց դա տեղի չի ունենում, դոլարն արժեզրկվում է, բայց գներն էլ բարձրանում են: Սա նշանակում է, որ հիմնական գնագոյացնող ապրանքների ներկրումը մոնոպոլիզացված է, եւ այդ հատվածի գնային քաղաքականության դեպքում տնտեսական որեւէ օրենք չի գործում: Տնտեսության այս վիճակը վատ է անդրադառնում հատկապես արտահանման վրա: Ես գիտեմ ընկերություններ, որոնք դրսում մրցույթ են շահել, սկսել են աշխատել, հետո դադարեցրել են, որովհետեւ դոլարն այդ ընթացքում նորից արժեզրկվել է: Դրանք այն արտահանողներն են, ովքեր իրենց հասույթը ստանում են տարադրամով, իսկ ծախսերը կատարում են հիմնականում դրամով: Ամբողջ սննդի, ալկոհոլի արտադրությունը, տուրիզմը տուժում են դոլարի արժեզրկումից: Դոլարն արժեզրկվում է ամբողջ աշխարհում, բայց ոչ այս չափով, ինչ չափով որ դա տեղի է ունենում Հայաստանում: Եթե ներկրման ոլորտը մոնոպոլիզացված չլիներ, հիմնական գնագոյացնող ապրանքների՝ վառելիքի, բենզինի, շաքարի, կարագի գները կիջնեին: Եվ այդ պայմաններում հնարավոր կլիներ կուրսն ավելի կայուն պահել առանց էական ինֆլյացիոն ռիսկերի»:
Պարոն Բարխուդարյանը հնարավոր է համարում, որ 2008թ. կարելի է 2,5 մլրդ դոլարանոց բյուջե ապահովել: «Բայց ինչո՞ւ եք զարմանում, այս տարվա բյուջեի ծախսային մասն էլ մոտ 1,8 մլրդ դոլար է լինելու, եթե կատարվի այն թիվը, որը ճշգրտված պլանով նախատեսված է: Հաշվի առնելով աճի տեմպերը, նաեւ, որքանով ես տեղյակ եմ, կա հարկերի հավաքագրման ավելի ամբիցիոզ, ավելի լարված ծրագիր, այնպես որ, այդ թվերը հնարավոր է ապահովել: Որքանով տեղյակ եմ, կառավարությունը մտադիր է ավելի բարձրացնել հարկերի հավաքագրումը, քան նախօրոք միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված է՝ զուտ հարկային ու մաքսային վարչարարության հաշվին: Դոլարային արտահայտությամբ այդ գումարի ապահովումը կախված կլինի, իհարկե, նաեւ դոլարի ու դրամի կուրսից: Եթե քաղաքական կամք դրսեւորեն, ավելի շատ էլ կհավաքեն»,- ասում է Լ.Բարխուդարյանը: