Ծանոթացել է իրավիճակին

26/09/2007

Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Այցելության առաջին օրը նա մասնակցեց Գորիսի եւ հարակից գյուղերի ջրամատակարարումն ապահովող ջրատարի բացմանը. այն խմելու ջրով կապահովի 32 հազ. 500 բնակչի:

Ջրագիծը կառուցվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրով, ծախսվել է 250 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի խոսքով, նման ծրագրեր իրականացվում են բոլոր մարզերում՝ բացառությամբ Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի: Շաքի գյուղն ունի ոռոգման համակարգի եւ 1975 թվականին կառուցված գյուղապետարանի շենքի նորոգման խնդիր, ինչի վերաբերյալ հարցեր բարձրացրեցին գյուղացիները վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Գյուղն ունի 1350 բնակիչ, գազիֆիկացված է դեռեւս 63 բնակարան: Հիմնականում փախստականներով բնակեցված Իշխանասար գյուղն առհասարակ դպրոցի շենք չունի: Համայնքում 40 աշակերտների դասընթացը կազմակերպվում է 1946 թվականին կառուցված կոլտնտեսության ակումբում: Ս. Սարգսյանն այցելել է Սյունիքի Տեղ, Կոռնիձոր եւ Խնձորեսկ գյուղեր: Տեղ գյուղն էլ արդեն գազիֆիկացված է, խողովակաշարը կառուցվել է «Գյուղացիական տնտեսությունների զարգացման» ծրագրից հատկացված 40 մլն դրամով: Գազիֆիկացումից բացի, Տեղ գյուղում լուծված է նաեւ խմելու ջրի հարցը: «Առաջիկայում բոլոր գյուղերում կլուծվեն նմանատիպ խնդիրները»,- ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Խնձորեսկում նա ծանոթացել է վերակառուցվող համայնքային ավտոճանապարհի աշխատանքներին: Շինարարությունը, որի համար հատկացվել է 86 մլն դրամ, կավարտվի նոյեմբերին: Գորիսում շրջայցի ժամանակ վարչապետն այցելել է Գետափնյա թաղամաս, որտեղ նրան ներկայացվել են 600 ընտանիքով բնակեցված շենքերի տանիքների նորոգման եւ ներհամայնքնային ճանապարհների ասֆալտապատման հրատապ հարցերը: Կապանում Ս. Սարգսյանը ծանոթացել է փողոցների ու մի քանի բազմաբնակարան շենքերի լանջավոր տանիքների վերանորոգման խնդիրներին: Այդ աշխատանքները կկատարվեն ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 825,7 մլն դրամով: Վարչապետն այցելել է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կառուցվող բիզնես-կենտրոնի շինհրապարակ:

Վարդանիձոր գյուղում նորակառույց դպրոցի բացումից, Քաջարանում Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վերանորոգված Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց այցելությունից հետո վարչապետն այցելել է նաեւ Մեղրի, եղել է հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի մաքսակետում: «Այցի եմ գալիս ոչ թե տպավորություններ ստանալու, այլ երկրի մարզերում իրավիճակին ծանոթանալու համար»,- Սյունիք կատարած այցն ամփոփելով՝ ասել է Ս. Սարգսյանը:- Չնայած Սյունիքն արագ զարգացող մարզերից է, բայց սա առաջին հերթին լեռնավերամշակման ձեռնարկությունների գոտի է, եւ այստեղ բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան: Այդ ամենը պետք է տեսնել, հասկանալ` սկսած նորոգման ենթակա տանիքներից՝ մինչեւ ջրամատակարարման խնդիրներ: Աշխատանքների ծավալներին ծանոթանալուց հետո նախագծեր կկազմվեն եւ որոշումներ կկայացվեն»: