Ձեռնափայտով տատիկը գլխապատառ գալիս է ընդառաջ ու չկարողանալով հիվանդ ոտքով մարմնի հավասարակշռությունը պահպանել, ընկնում է: Իր անօգնական վիճակից սկսում է բարձրաձայն լաց լինել ու բղավում է. «Քեզ էնքան եմ ման եկել, որ արդեն խելագարվում էի: Իմացա, որ էս կողմերում ես՝ եկա, որ քեզ իմ տուն բերեմ: Հարեւաններս ասում են, իբր քեզ զանգել, կանչել են, սպասում եմ, սպասում եմ… Արդեն խելագարվում էի սպասելով, աղջիկ ջան, էս ո՞ւր ես ախր, ո՞ւր ես, գիտե՞ս ինչքան եմ սպասել, որ գաս»: Ռոզա Խաչատրյանն է, ում առաջին անգամ եմ տեսնում, բայց ինքը անգիր գիտի, թե Վարդաշենի իրենց հանրակացարանի բնակիչներից «168 Ժամ» թերթում ում մասին ինչ ու երբ եմ գրել: 67-ամյա այս տատիկը վիրավորված է, որովհետեւ համարում է, որ ամենածանրն իր վիճակն է, սակայն անուշադրության է մատնվել: «Հենց գալիս ես՝ վրա են տալիս, քաշում, տանում են, որ իրանց մասին գրես, բայց, ախր բոլորն էլ գիտեն, որ ես մեռնում եմ, ես էլ ապրելու հնարք չեմ գտնում: Ես մտածում էի, որ էս անարդար պետության մեջ մի արդար կա, բայց դու էլ բոլորի նման գալիս ես ու ինձ բանի տեղ չես դնում»: Ռոզա տատիկը խոսելու կարիք ունի ու ամեն անգամ միտքն ավարտում է «խելագարվում եմ» արտահայտությամբ։ Հարցնում եմ՝ «Ի՞նչ է եղել»: Չարացած պատասխանում է՝ «Ի՞նչ է եղել, էն ա եղել, որ ես խելագարվում եմ»: Հանրակացարանի բնակիչները տարակուսած հավաքվում են մեր շուրջը՝ հասկանալու համար, թե ծեր կինն ինչու է ինձ վրա տվել: Ասում եմ՝ «Արի գնանք քո տուն»: Զարմացած, անակնկալի եկած հարցնում է՝ «Հա՞, աղջիկ ջան, իսկականից կգա՞ս: Վա՛յ ես քո ցավը տանեմ, բալե՛ս, դու ինձ ների, աղջիկ ջան, սիրտս ահավոր նեղված ա, էլ չեմ դիմանում, ախր խելագարվում եմ»: Ռոզա տատին թեւանցուկ եմ անում, ու նրա սրտաճմլիկ մեղայականը լսելով բարձրանում ենք իր սենյակ: Ծեր կինն այնպես է շփոթվել, որ ձեռքերը դողում են, ու չի կարողանում բանալիով դուռը բացել: Մտնում ենք ներս ու չեմ զարմանում, որ Ռոզա տատն արդեն խելագարվում է: Սենյակում ամեն ինչ այնպես է դասավորված, որ մարդու բանականությունն ու գիտակցությունն անկարող են կենցաղին դիմակայել: Ասում է՝ «Աղջիկ ջան, ես արդար մարդ եմ, հիմա լսի, թե ինչ եմ քեզ ասում։ Եթե նույնիսկ դու ինձ չկարողանաս օգնես, երդվում եմ իմ զոհված տղաների արեւով՝ ես շնորհակալ եմ, որ եկար իմ տուն: Իմ համար շատ կարեւոր էր, որ դու իմ դուռը բացեցիր ու ինձ համբերատար լսում ես: Ես մենակ եմ, ոչ ոք դուռս չի ծեծում, ես էլ էնքան նեղված եմ, ուզում եմ, որ մեկն ինձ լսի, խոսեմ, թեթեւանամ»: Նորից սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել, ու չեմ միջամտում, որ դադարեցնի լացը, որովհետեւ ինչքան լացում է՝ էնքան բարիանում ու մոռանում է մտքերը «խելագարվում եմ» բառերով ավարտել: Պատերից բռնվելով պահարանից հանում է խնամքով պահած հին լուսանկարներն ու ցույց է տալիս, թե ինչ կարգին զավակներ է ունեցել: Ռոզա տատի մեծ որդին Աֆղանստանում ծառայելիս վիրավորվել է եւ Հայաստան տեղափոխվելով՝ մեկ շաբաթ անց մահացել է: Փոքր որդուն 18 տարեկան հասակում Մոսկվայի համալսարաններից մեկի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ, դիպլոմը պաշտպանելիս՝ թուրքերը կախել, տանջամահ են արել: Ասում է՝ մեկնել է Մոսկվա, որպեսզի որդու մահվան համար քննությանը հետամուտ լինեն. «5 ամիս պահանջում էի, որ քննություն կատարեն: Վիշտս առած ես էի տնետուն մտնում, որ պարզեն, թե ովքեր են սպանողները: Գժվել, ընկել էի անտառները, հոգեկանս խանգարվեց»: Ցելոֆանից հանում է երեխաների կարմիր դիպլոմները, առնում է ափի մեջ, ապա երեսը ծածկելով՝ գլուխը կախ է գցում: Ռոզա տատը մանկությունն անցկացրել է աքսորավայրերում, որովհետեւ ստիպված է եղել գերի ընկած հոր հետ կյանքն ապրել: Ասում է՝ «Դառնությամբ եմ մնացել, բալիկ ջան… Նայի՛ էս նկարը, տես ինչ մայր եմ եղել, ինչ կին եմ եղել ու հիմա ով եմ դարձել: Դե՛, դու ասա՛, ես ո՞նց ապրեմ իմ վշտի ու էսօրվա աղքատության մեջ: Խելագարվում եմ, էլ չեմ դիմանում: Որդիներս ջահել-ջահել մահացան, իսկ ես՝ սենց անտեր-անտիրական, սոված-ծարավ, ու դու էլ գալիս ես, մի հատ լայեղ չես անում մտնես, հարցնես՝ ո՞նց ես»: Ասում եմ՝ «Կներես»: Երկար լռում է…
Լռությունից հետո Ռոզա տատն ամեն խոսքից հետո ինձ «ջան» է ասում ու նաեւ ասում է՝ «Գիտեմ, դու ինձ կհասկանաս»:
Ծեր կնոջ ապրելու միակ կենսամիջոցը 6700 դրամ թոշակն ու 7300 դրամ նպաստն է, որոնք ստանալուն պես Ռոզա տատն ուզում է պարտքերը մարել, բայց… Հանրակացարանի սենյակի համար նա պարտավոր է յուրաքանչյուր ամիս 2000 դրամ վճարել, սակայն պարտքն արդեն հասել է 40.000-ի: Ասում է՝ «Սպասի, սպասի թղթերը բերեմ, որ փաստաթղթերով խոսանք, թե չէ բանավորը՝ հեչ: Էս ներքեւի Նորոյի խանութից միշտ պարտքով հաց եմ վերցրել, 12.000՝ Նորոյի խանութից, 42.000՝ Արթուրինն ա, 8000՝ Ղազարի ցուցակից, հարեւաններից 14.000 պարտք եմ վերցրել՝ լույսի պարտքն եմ տվել, որ լույսն էլ վրես չկտրեն: Պարտքերն էլ սաղ ցամաք հացի պարտք ա: Հիմա էլ լույսի պարտք ունեմ, բայց էլեկտրիկ Ալիկը խղճով ա, ինձ մեղքում ա, չի անջատում լույսը»: Մի քանի շաբաթ առաջ մթության մեջ ծեր կինն ընկել է փոսն, ու ոտքը մի քանի տեղերից կոտրվածք է ստացել: Չի դիմել բժշկի, որովհետեւ՝ «Ձեռքս կոպեկ չկար, ինձ ո՞վ բանի տեղ կդներ: Մի ծանոթ կար, տարավ «սնխչու» մոտ, յախու դրեց, բայց չի կպել, ոտքս ահավոր ցավում ա, կոպալով էլ չեմ կարում քայլեմ»: Ռոզա տատն իր սենյակից օրերով չի կարողանում դուրս գալ, որովհետեւ ճնշումը բարձրանում է, ընկնում է կոմայի մեջ ու այդպես փակված վիճակում էլ միայնակ հաղթահարում է ցավերը: Անգամ դեղ գնելու գումար չի կարողանում տնտեսել, որովհետեւ պարտատերերն իրեն «խեղդում են»: «Էլեկտրիկ Ալիկն էսօր էլի եկավ, տեսավ վատ եմ, մեղքաց, լույսը չանջատեց: Ասեցի՝ Ալիկ ջան, դու լավն ես, ի՞նչ կլինի, հացի կոպեկ չունեմ, հաց չեմ կերել, վատանում եմ, 500 դրամ տուր, գնամ հաց առնեմ, թոշակս կստանամ, կտամ: Ասում ա՝ Ռոզա տոտա ջան, ասա միանգամից քեզ գրանցեմ իմ վրա պրծնեմ: Ասեցի՝ ո՞ւր էր Ռոզա տոտային տենց բախտ, որ մեկն իրան տիրություն աներ, հոգար իրա մասին: Ախր խի՞ եմ ապրում, ո՞ւմ եմ ես պետք»,- ասում է Ռոզա տատն, ու իր կյանքի իմաստի մասին մտածմունքները կրկին նրան չարացնում են: «Ախր, որ իմանում էի եկել-գնացել ես՝ ոնց որ ամեն ինչ կորցրած լինեի, ես քեզ ման էի գալիս, Աստված վկա: Հիմա դու ինձ համար մի հատ պետություն ես, չգիտեմ, թե ուրախությունից էսօր իմ հետ ինչ կլինի: Եթե իմ համար ոչինչ էլ չանեք՝ էս ուշադրությունն իմ համար հույս ա, երջանկություն ա, որովհետեւ մեկն իմ շեմը ճանաչեց: Գոնե գիտեմ, որ օրերից մի օր մեկը կուզենա իմ դուռը թակել»,- նորից հուզվելով խոսում, խոսում է ծեր կինն ու էլի խոսելու շատ բան ունի:
Ռոզա տատի մեջ տարիների մենակության ու անպաշտպանվածության ասելիք կա կուտակված: Խոսում է առանց աչք թարթելու, խոսում է առանց շունչ քաշելու ու խնդրում է, որ մի քիչ էլ մնամ իր հետ: Ծեր կնոջ հոգեկան վիճակն այնքան անկայուն է, որ նա մեկ ժպտում է, մեկ լաց է լինում, մեկ ասում է՝ խելագարվում եմ, մեկ էլ, թե՝ «խելագարվել եմ, հոգեկանս խանգարվել ա»:
Ռոզա տատին պետություն ու մի քիչ էլ մարդիկ են պետք: