Տոնինո Գուերայի ֆանտաստիկ լապտերներն ու բառարանը Հայաստան են գալիս

26/09/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Անցյալ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրն էր զարմանալի կինոհրաշագործ Տոնինո Գուերան, ով հայտնի է ոչ միայն իր կինոսցենարներով, այլեւ` նկարներով, բանաստեղծություններով, դիզայներական շատրվաններով ու լապտերներով:

Իր էությամբ Գուերան Վերածննդի մարդ է, նա հրաշք է տեսնում կյանքի յուրաքանչյուր պտույտում ու կարողանում է հրաշքի սպասումը փոխանցել իր կողքին ապրող մարդկանց: Հայաստանը նրան հիացրել էր, անցյալ տարի նա նույնիսկ հետաձգեց իր մեկնումը Հայաստանից, քանի որ այստեղ իրեն լավ էր զգում: Նրան ոգեւորել էին Հայաստանի պատկերները, ընդ որում` ոչ թե տուրիստական իլյուստրատիվ ու օսլայված վայրերը, այլեւ` առաջին հայացքից մեզ աննկատ ու անկարեւոր թվացող տեսարանները, որտեղ նա պոեզիա է տեսել: Հայաստանը պոեզիայով լի երկիր համարելը մեզ` պրագմատիկ դարձած հայաստանցիներիս համար, ավելորդ շքեղություն կարող է թվալ, իսկ Տոնինո Գուերայի համար ներշնչանքի աղբյուր դարձավ: «Ես եղա մի գյուղում, որտեղ ամպերին շատ մոտ, ուղղակի երկնքից կախված այգում տեսա մի կնոջ, որը բալ էր հավաքում: Ավելի գեղեցիկ տեսարան ես պատկերացնել անգամ չէի կարող, կարծես թե ֆիլմի մի դրվագ լիներ` հնչում էին եկեղեցու զանգերը, իսկ կինը բալ էր հավաքում»,- պատմում էր նա: Մեկ տարի անց հայկական պատկերները տեղ գտան Գուերայի նկարչական շարքում, որը նա արդեն ցուցադրել է մի քանի երկրներում, իսկ այս տարվա հոկտեմբերի սկզբին պատրաստվում է Հայաստան բերել:

Երեւանում կցուցադրվեն նրա պատրաստած հեղինակային լապտերները, որոնք վերնագրված են՝ «Տոլստոյի լապտերները», եւ այն կոլաժները, որոնք ծնվել են նրա հայաստանյան ուղեւորությունից: «Հայաստանից ստացված տպավորություններն այնքան հզոր էին, որ ազդեցին իմ գործերի վրա: Ես ուրախ եմ, որ իմ ընկերոջ` Սերգեյ Փարաջանովի հայրենիքում եղա: Փարաջանովը սավառնող երեւակայություն ուներ: Հիշում եմ մեր առաջին հանդիպումը: Նա ասաց. «Բարեւ ձեզ, տուն անցեք», իսկ հետո միանգամից ավելացրեց. «Չէ, վազեցինք, արագգ»: Նա ձեռքս բռնեց, ու մենք վազեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչպես են Թբիլիսիի փողոցի հին սալահատակը ասֆալտով լցնում, եւ ինչպես են քարերը խեղդվում ասֆալտի մեջ: Նա ծնկի եկավ ու սկսեց շոյել քարերը, որոնք թաղվում էին ասֆալտի մեջ: Փարաջանովի երեւակայությունը կարծես «տանում» է իր ետեւից, իմ կոլաժները ծնվել են նրա եւ Հայաստանի ազդեցությունից»,- պատմում է Գուերան:

Բեմադրիչ Արմեն Մազմանյանը, ում շնորհիվ էլ կկայանա Գուերայի երկրորդ այցը Հայաստան, պատմում է, որ բացի ցուցահանդեսներից, Երեւանում կցուցադրվեն նաեւ այն ֆիլմերը, որոնց սցենարի հեղինակն է եղել Գուերան: Հոկտեմբերի 7-17-ը Հայաստանի պատկերասրահում տեղի կունենա Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Վիտորիո դե Սիկայի, Անդրեյ Տարկովսկու եւ 20-րդ դարի ամենաազդեցիկ այլ կինովիպասանների` Տոնինո Գուերայի սցենարների հիման վրա նկարահանած ֆիլմերի հետահայաց ցուցադրումը:

Տոնինո Գուերայի հետ Հայաստան կգա նաեւ Սանկտ Պետերբուրգում ապրող բեմանկարչուհի եւ դեկորատոր Մարինա Ազիզյանը, ով 2004 թվականին իտալացի վարպետի հետ համատեղ նախագիծ ստեղծեց, որը «Ֆանտաստիկ բառարան» կոչվեց: Ձեռագործ ու դեկորատիվ կտավներում նա պատկերեց Գուերայի բանաստեղծություններն ու նովելները: Այդ շարքում Մարինա Ազիզյանը բառն ու պատկերն իրար միացրեց, տառերն ու գործվածքները մեկ նյութ դարձրեց, մի խոսքով` նոր հեքիաթ ստեղծեց: Կարեց այդ հեքիաթը մանր կտորներից, քանի որ կարի տեխնիկան Մարինե Ազիզյանի ամենասիրելի տեխնիկան է: Ասեղնագործ եւ ձեռագործ տառերի շարանն ամբողջական պատկերներ են, որտե՞ղ է ավարտվում բառն ու սկսում փայլել թավիշը` դժվար է կռահել: Ինչպեսեւ դժվար է հասկանալ, թե որտեղ է այն սահմանը, որը անցնելով, մարդը սկսում է խաղալ իրերի ու իրականության հետ, այնպես, կարծես թե դրանք զրոյից է հայտնաբերում:

Սանկտ Պետերբուրգում ցուցահանդեսի բացման ժամանակ տառերին եւ կտավներին ավելացել էր նաեւ ձայնը: Դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը կարդում էր Տոնինո Գուերայի նովելները: «Այդ շարքն ինձ համար թատրոնի էր նման, որտեղ դերասաններ էին դարձել գործվածքի կտորները»,- ասել է Մ. Ազիզյանը: Նա թատերական նկարչուհի է, երկար տարիներ աշխատել է ռուսական հայտնի թատրոններում, ձեւավորումներ է արել Մեծ թատրոնում, Տագանկայի թատրոնում, ավելի քան 25 ֆիլմերի նկարչուհի է եղել: Նկարներից ու ձեւավորումներից բացի, նա նաեւ տիկնիկներ, խաղալիքներ է պատրաստել:

Իմաստների ու նյութերի իմպրովիզացիան անվերջ պրոցես է, խաղ է, որի պակասն այսօր մտահոգում է Տոնինո Գուերային: «Առարկաները կորցնում են իրենց դեմքը, հարմարվում են մեզ, մենք էլ հարմարվում ենք նրանց»,- սա մի տող է Տոնինո Գուերայի նովելից:

Տոնինո Գուերան սիրում է իր ստեղծած գործերը` նկարները, կոլաժներն ու լապտերները աշխարհին նվիրել: Եվ հուսով է, որ իր նախագծած հեքիաթային լապտերները տեղ կգտնեն նաեւ Հայաստանում, եւ, որ զբոսայգիներում ու պուրակներում սովորական ու անհետաքրքիր կառուցվածք ունեցող լապտերների փոխարեն լույս ճառագող փոքր նավակներ կլողան: