Մինչ Ռ. Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԳՆ-ն եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Ա. Աբրահամյանը մտահոգված են հայ օդաչուներին Հայրենիք վերադարձնելու խնդրով, «Տիգա Էյր» ավիաընկերությունը շարունակում է նրանց ընտանիքներին պայմանագրով եւ համաձայնագրով հասանելիք աշխատավարձը չտալ: «Տիգա Էյր»-ը մինչ օրս ընդամենը 2004թ. փետրվարին է ընտանիքներին վճարել՝ օդաչուներին` 900-ական դոլարի չափով, ինժեներին՝ 720 դոլարի չափով: Իսկ երբ ընտանիքները «Տիգա Էյր»-ից պահանջում են օդաչուների աշխատանքային գրքույկները, պայմանագրերի եւ համաձայնագրերի պատճենները, նրանց կոշտ մերժում են՝ «Ինչների՞դ է պետք»: Վեց հայ օդաչուների ընտանիքները այսօր հոգեկան ծանր ապրումներից բացի, սոցիալական խնդիրներ ունեն, որոնց մասին չեն խոսում՝ առավել կարեւորելով նրանց ողջ-առողջ վերադարձի խնդիրը: Իսկ «Դվին» կոնցեռնի եւ «Տիգա Էյր»-ի ձեռքը, ինչպես տեսնում եք, քարի տակ չէ, եւ մեր իշխանությունները թերեւս, ճիշտ կլինի, օրենքի շրջանակներում նրանց պարտադրեն վճարել աշխատավարձերը (2004թ. մարտից սկսած):