Մուտք է գործել 11.134 բեռնատար

26/09/2007

Հայ-իրականական սահմանով այս տարի հանրապետություն է մուտք գործել 11.134, իսկ նախորդ տարի՝ 20.245 բեռնատար ավտոմեքենա: Հանրապետությունից դուրս եկած բեռնատարների թիվը նախորդ տարի կազմել է 14. 954, իսկ այս տարի մինչ օրս` 7622: Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան ուղեւորային հոսքին, ապա նախորդ տարի Մեղրիի մաքսակետով հանրապետություն մուտք է գործել 33.504, մեկնել` 34049 ուղեւոր: Այս տարի մինչ օրս հայ-իրանական սահմանով հանրապետություն է մուտք գործել 25.444 եւ մեկնել` 24.261 ուղեւոր: Նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում նույն ուղղություններով նկատվել է սահմանը հատած թե բեռնատարների, եւ թե ուղեւորների թվի աճ: Մեղրիի մաքսակետի պետ Սամվել Սաֆարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Իրանից, ինչպես նաեւ Իրանի տարածքով Միացյալ Արաբական Էմիրություններից Մեղրիի մաքսակետով հիմնականում ներկրվում են մարդատար ավտոմեքենաներ, կենցաղային տեխնիկա, դիզվառելիք, պոլիէթիլեն, խմիչք եւ սննդամթերք, գյուղմթերք, հեղուկ գազ, ապակի, պլաստմասսայե տարատեսակ ապրանքներ եւ այլն: Իսկ արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են` ծխախոտը, սիգարը, ցեմենտը, քիմիական նյութերը, մասնավորապես` կաուչուկը, սննդամթերքն ու զովացուցիչ ըմպելիքները` հանքային ջուր եւ այլն: Մեղրիի մաքսակետում այժմ տեղադրվում է նոր` թանկարժեք սարքավորում, որը տարածաշրջանում միակն է: Այն կիրականացնի բեռնատար մեծ մեքենաներով տեղափոխվող մինչեւ 40 տոննա բեռների ճառագայթային զննում: Սարքի օգնությամբ հնարավոր կլինի տեսնել բեռնատարում առկա ամեն ինչ` անգամ հնարավոր թաքստոցներում պահված թմրանյութը, զենք-զինամթերքը, թանկարժեք քարերը, ոսկեղենը, ցանկացած մաքսանենգ ապրանք: Ընդ որում, սարքը հաշված րոպեների ընթացքում այդ ամենը կարող է ֆիքսել նույնիսկ այն դեպքում, երբ թաքստոցի պատերի հաստությունը կես մետրից ավելի է: Նման 2 սարքավորում ԱՊՀ երկրներից միայն Ղազախստանն ունի: