Անցած շաբաթ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնանկ արված Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանին աշխատանքից ազատելու պատճառները պաշտոնապես չնշվեցին: Թերեւս այն պատճառով, որ նախագահի հրամանագրում ուղղակի չէին կարող գրվել այն հանգամանքները, որոնց պատճառով, ըստ մեր տեղեկությունների, պաշտոնից ազատվել է Գ. Հարությունյանը: Բանն այն է, որ վերջինս տեւական ժամանակ է, զբաղվում է բանանի ներկրմամբ եւ դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունի հարկային ու մաքսային մարմինների հետ: Գ. Հարությունյանի հովանավորության տակ գտնվող «Քեթրին» ընկերությունը Հայաստան բերվող բանանի խմբաքանակների ներմուծումները ձեւակերպել է որպես երրորդ երկիր արտահանելու համար կատարվող ներկրման գործարքներ, ինչի արդյունքում չի վճարել համապատասխան մաքսային վճարները: Մեր տեղեկություններով, վերջին տարիներին այդ մեքենայության արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2 մլն դոլարից ավելի գումար: Մի խոսքով, Գրիգոր Հարությունյանը պաշտոնից ազատվել է Հայաստանը «բանան արտահանող երկրի» վերածելու համար: