Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի որոշել

23/09/2007

Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի վերջո, խախտեց իր լռությունը եւ Անկախության տոնի առթիվ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բավական ծավալուն ելույթ ունեցավ: «Մենք երկընտրանքի առաջ ենք: Ունենք երկու ճանապարհ: Մեկը` պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի: Այսինքն, պետության, ավելի շուտ՝ իշխանության` վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով, լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի այնպիսի ռեժիմների շարքը, երբ այդ իշխանության գոյատեւումը ոչինչ չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այդ վիճակից: Ուրեմն այսօր խնդիրը համակարգը կազմաքանդելու, այդ վիճակից ազատվելու խնդիրն է»,- իր ելույթի նախաբանում երեկ հայտարարեց Տեր-Պետրոսյանը` այդպես էլ չպատասխանելով այսօր բոլորին հուզող հարցին` արդյոք առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, ես դեռ կշռում եմ, ես դեռ քննում եմ: Իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:

Կարդացեք՝  Բանալին մեկ միասնական թեկնածուի շուրջ համախմբումն է