ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ու ռեժիսոր Արմեն Մազմանյանը երեկ «Տեսակետ» ակումբի միջոցով շնորհավորեցին բոլորիս տոնը:
«Արդեն 16 տարվա պատմություն ունեցող անկախ Հայաստանի քաղաքացիներն արդյո՞ք իրենց հպարտ ու լիարժեք են զգում իրենց երկրում» հարցին պատասխանելով՝ բանախոսները գրեթե նույնն ասացին՝ ոչ: «Ժողովուրդը լավն է, ղեկավարները` վատը»,- ասաց Ա.Սադոյանը: Իսկ Ա.Մազմանյանն ասաց, որ ինչ-որ պահ եկավ, եւ անկախության գաղափարը, որը հրաշքի էր նման, «մսխվեց»:
Ըստ Սադոյանի` անկախ տարիների ամենամեծ ձեռքբերումը «պատմական արդարության վերականգնումն» է, իսկ բացթողումը` անկախության «արժեքի ընկալման բացակայումը»: «Ցավոք, այսօր շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում անկախ հանրապետություն ունենալը: Շատերը չեն հասկանում, որ եթե անկախ պետություն չունենայինք, դատապարտված կլինեինք»,- ասաց արդեն 17 տարի քաղաքականությամբ զբաղվող, ընդդիմադիր Ա.Սադոյանը: Իսկ Ա.Մազմանյանը նշեց, որ հպարտ է, որ անկախացման «ականատեսն ու մասամբ` մասնակիցը եւ շարքային զինվորն» է եղել եւ տեսել է, թե ինչպես է ծնվում «միստիկ ակնթարթը»` միասնական շարժումը: Նա ձեռքբերում է համարում Ղարաբաղի ստատուս-քվոն, իսկ բացթողումը` այն սխալ դեմոգրաֆիկ քաղաքականությունը, որն իրականացվում է Ղարաբաղում, եւ որի արդյունքում չեն բնակեցվում արցախյան քաղաքներն ու գյուղերը:
Միանգամից երկու անկախության տոն ունենալն Ա.Մազմանյանը լավ առիթ է համարում, որը բարձրացնում է ազգի ինքնագիտակցությունն ու թույլ է տալիս դիմակայել «լիբերալ, գլոբալ, դեմոկրատ, բիսեքսուալ արժեքների ներմուծման վտանգին»: Ա.Սադոյանը գտնում է, որ «ազգ-օրգանիզմի» շարունակությունն ապահովող «ջահել քաղաքական գործիչներ» են պետք եւ հարկավոր է երիտասարդ սերնդի համար հարմար էմոցիոնալ ֆոն ստեղծել: Իսկ Մազմանյանն ասաց, որ ինքը շատ է վախենում «պրագմատիկ երիտասարդներից», որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է ուզում ժողովուրդը, եւ սկսում են այդ արժեքների վրա կայանալ: «Ազգը զոմբիացված է, ոնց ուզես` կկառավարես»,- ասաց նա:
Ա.Մազմանյանը նկատեց, որ «բռիությունը, քառակուսի ուղեղներն ու վզերը» թույլ չեն տալիս իրեն նորմալ քաղաքացու նման զգալ: Նա մեջբերեց բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանի տողերը. «Երկիր, դու իմն ես, սակայն քոնը չեմ ես»: Հետո ասաց. «Ինձ մոտ կա ավելորդի զգացողություն: Հաճախ ստեղծածդ ջուր է դառնում, ու դու քեզ ավելորդ ես զգում քո երկրում»: