Ինչպե՞ս են իրացնելու մաքսանենք ապրանքը

23/09/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2008-ի հունվարի 1-ից: Փոփոխված օրենքով այս հարկատեսակի դաշտից դուրս են մնացել այն տնտեսվարողները, որոնք ունեն մեկից ավելի ընկերություն:

Այսինքն` պարզեցված հարկով այլեւս չեն կարող աշխատել առաջին հերթին խանութների ցանց (սուպերմարկետներ) ունեցողները, եթե, իհարկե, վերջիններս իրենց ունեցածը ուրիշների անուններով չձեւակերպեն: Պարզեցված հարկով չեն կարող աշխատել նաեւ ներկրողները, այս հարկատեսակը չի գործելու նաեւ պայմանագրային գործունեություն իրականացնողների համար: Ստացվում է, որ դաշտում մնալու են նրանք, ում համար ի սկզբանե նախատեսված էր պարզեցված հարկը: Ամբողջ աշխարհում պարզեցված հարկը մանր եւ միջին խավի համար նախատեսված հարկատեսակ է եւ մեր երկրում էլ 2000-ին այս հարկատեսակի ընդունումը ոչ այնքան Կառավարության կողմից բարի կամքի դրսեւորում էր, որքան որ, այսպես ասած, դրսի պարտադրանք: Այս հարկը պետք է նպաստեր Հայաստանում միջին խավի կայացմանը, սակայն այն ավելի շատ ծառայեց խոշոր բիզնեսին: Պարզեցված հարկի ընդունման նպատակն էր՝ հնարավորինս սահմանափակել միջին խավի գործարարի շփումները հարկային մարմինների հետ: Իսկ հարկային պարտավորությունների մասով տնտեսվարողի համար չպետք է էական տարբերություն լինի, թե որ հարկատեսակով է աշխատում վերջինս: Ե՛վ պարզեցված, եւ՛ սովորական (շահութահարկ, ԱԱՀ) հարկային ռեժիմներով օրինական աշխատելու դեպքում վճարվող հարկի հանրագումարը չպետք է փոխվի: Այլ հարց է, որ մարդիկ երազում են պարզեցված հարկով աշխատել` հարկային «ռեկետներից» խուսափելու համար: Բացի այդ, տնտեսվարողի համար բավականին հեշտանում է հաշվապահական թղթաբանությունը: Ինչո՞ւ են խուսափում գործարարներն աշխատել սովորական հարկային դաշտում. այս հարցին տարբեր գործարարներ միեւնույն պատասխանն են տալիս: «Գնված ապրանքի համար ոչ ոք փաստաթուղթ չի տալիս, եւ չես կարողանում ծախս ձեւակերպել, որով էլ պայմանավորված՝ մեծանում է հարկման ենթակա գումարը»,- նշում են մեր զրուցակիցները: Եթե Հայաստան ներկրվող ապրանքը մաքսազերծվում է, ապա ինչո՞ւ շուկայում հայտնված ապրանքը չունի համապատասխան փաստաթղթեր: Սա ամենապարզ հարցն է, որ կարելի է տալ համակարգի պատասխանատուներին: Եթե նախկինում մաքսային մարմինները պարզաբանում էին, որ մաքսանենգ ապրանքը Հայաստան են բերում մանր վաճառականները, ապա սահմանային Սադախլո շուկան փակելուց հետո այս վարկածն արդեն հնացած կարելի է համարել:

Երեւանում մի քանի խոշոր մեծածախ առեւտրի կետեր ունենք, որոնք նույնպես աշխատում են պարզեցված հարկով, եւ հենց այս կետերից էլ իրացվում են առանց փաստաթղթերի ապրանքները: Մյուս կողմից էլ պարզեցված հարկով աշխատող տնտեսվարող-գնորդին այնքան էլ չի հետաքրքրում ապրանքի ծագման պատմությունը, քանի որ վերջինս էլ է աշխատում նույն հարկատեսակով եւ հարկվում է իր կատարած առեւտրի շրջանառությունից: Գաղտնիք չէ, որ երեւանյան «Սուրմալու» եւ «Փեթակ» մեծածախ շուկաներն են համարվում չփաստաթղթավորված ապրանքի հիմնական մատակարարները, եւ հետաքրքիր է լինելու 2008-ին այս տոնավաճառների եւ ընդհանրապես մեծածախ առեւտրի կետերի վարքագծին հետեւելը: Արդյո՞ք նրանք մնալու են որպես ներմուծողներ եւ անցնելու են սովորական հարկատեսակի, թե՞ շարունակելու են պարզեցված հարկով աշխատել` ապրանքը գնելով միջնորդավորված ընկերություններից: Ի դեպ, այս ընկերությունն էլ կարող է իրենցը լինել: Այլապես մեծ խնդիր է լինելու մաքսանենգ ապրանքի իրացումը: Այստեղից կարելի է հետեւություն անել, թե որքանով են հարկվում արտոնյալ բիզնեսները: Եթե ապրանքը մաքսանենգ ճանապարհով չի ներմուծվում, ապա սովորական հարկատեսակով աշխատելը խիստ ձեռնտու է գործարարներին, անգամ որոշակի ներդրումներ ձեւակերպելու դեպքում սկսում են վնասներով աշխատել: Պարզ է, որ Կառավարության հաշվարկներով սովորական հարկատեսակի անցնելու դեպքում պետք է մեծանան պետական բյուջեի մուտքերը: Նման իրավիճակը, երբ զգալի քանակությամբ մաքսանենգ ապրանք է թափանցում երկիր, ու սրա դեմ գոնե այս տարի ինչ-ինչ պետական ծրագրեր չկան, կործանարար հետեւանքներ է ունենալու «տանիքներ» չունեցողների համար, եւ պետական բյուջեն ակնկալիքներ ունի հենց այս հատվածից: Մյուս կողմից էլ՝ օրինական ներմուծում կատարողների համար հավերժ խոչընդոտներ են հարուցում մաքսային մարմինները: Վերջիններս օգտվում են օրենքով տրված իրենց լծակներից, որոնք թույլ են տալիս ստեղծել մի իրավիճակ, որ մարդու գործունեությունը կախված լինի պետական պաշտոնյայի քմահաճույքներից: Մաքսազերծման ճանապարհին առաջին խոչընդոտը մաքսավորի հաշիվ-ապրանքագրին հավատալ-չհավատալու հանգամանքն է: Երկրորդը` մեր երկիր մի նոր ապրանք ներմուծելու ժամանակ գործարարը պարտավոր է Մաքսայինին ներկայացնել տվյալ ապրանքի կոդը, որից հետո էլ պետք է հաշվարկվի մաքսատուրքի գնահատման շուկայական մեխանիզմը, ու այս հերթերի մեջ քաշքշուկը մարդուց օրեր է խլում եւ ստիպում գնալ զարտուղի ճանապարհներով: Եվրոպական երկրներում նոր կոդերի ձեռքբերումը պետության գործառույթն է: Մաքսային օրենքները ներմուծողներին ստիպում են մոռանալ էլեկտրոնային շփման ձեւի մասին եւ երես առ երես գործ ունենալ մաքսավորների հետ: Որովհետեւ շուկայական գնով հաշվարկված մաքսատուրքը մի այնպիսի գումար է կազմում, որ մարդը գերադասում է ոչ թե մաքսատուրքը վճարել, այլ այդ գումարի կեսը պարզապես մաքսավորին տալ: Նման նախադեպերի մասին վկայող հարյուրավոր օրինակներ կարելի է բերել: Մաքսանենգության դրսեւորումներն այլեւս հատուկ չեն մայրաքաղաքին մոտիկ մաքսակետերին: Մեր տեղեկություններով, մաքսանենգ ճանապարհով արտոնյալ ներմուծողները հիմնականում անցնում են Սիսիանի մաքսակետով, որտեղ մի բեռնատարի համար «սեւ» փողը սկսում է 10 հազար դոլարից: Կառավարությունն, առանց մաքսանենգության առաջն առնելու, անցել է երկրորդ փուլին` ներքին հարկերի հավաքագրմանը: Եվ այս իրավիճակում իրոք զգալի կարող են աճել պետբյուջեի մուտքերը: Իսկ եթե պետականորեն կարգավորվեին այս սողանցքները, ապա Հայաստանում պետական պաշտոնյայի աշխատանքը` իր չնչին աշխատավարձով, խիստ անհեռանկար գործ կդառնար: