«Չեմ մոռանում աչքիս առաջ վառվող մարդկանց»,- ասում է աղքատության մեջ ապրող նկարչուհին

23/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մռայլ, խորդանոց հիշեցնող սենյակի անկյունում անխնամ դրված չորացած ներկերին նայելով` ապշում եմ, թե Լյուդմիլան ինչպես է դրանցով պատկեր ստացել: 50-ամյա կնոջ վրձինը կտավի վրա զայրույթ ու բարկություն է նկարել: Լյուդմիլայի նկարները խնամքով փակցրած են հանրակացարանի խոնավությունից մաշված, քրքրված պատերին, իսկ պատերը տեղի բնակիչների թշվառությունը պարուրել են կտավների շուրջ: Ասում է` «Խնդրում եմ, ինձ մի՛ լուսանկարեք: Ահավոր ծանր վիճակում ենք, բայց չեմ ուզում, որ ինձ ճանաչեն, ինքնասիրությունս ու արժանապատվությունս դեռ մի կողմ չեմ դրել, որ աշխարհն իմանա իմ ծանր վիճակի մասին»: 1988-ին Հայաստան փախած այս կինը հիշում է Բաքվի իր արվեստանոցը, հիշում է որպես նկարչուհի իրեն հասցեագրված բազմաթիվ գովեստի խոսքերը, հիշում է Բաքվում նկարած գեղեցիկի մասին իր կտավները, սակայն, երբ հիշում է Բաքվի ջարդերը` նյարդայնանում է, աչքերը լցնում է, ու ձեռքերը սկսում են դողալ: Ասում է, որ մինչեւ հիմա կրակի մեջ վառվող, վիրավոր ու հանգուցյալ մարդկանց, գերի ընկածների վայնասունի տեսարաններն աչքի առաջ են, տանջում են հոգին: Դրա համար էլ ներսում եղած բարկությունն ու տառապանքը վերարտադրում է կտավների մեջ: «Հոգնել եմ»,- խոր հոգոցով ասում է Լյուդմիլան, ում խոսքերից ազդվելով` մոտենում է աղջիկը` Անգելինան, ու ամուր գրկում մորը: Լյուդմիլան հղի վիճակում Բաքվից մի կերպ փախել է, եւ այդ ապրումների պատճառով Անգելինան առողջական խնդիրներով է ծնվել, իսկ մոր երիկամները հիվանդ են: Հիվանդության պատճառով չի կարողանում ծանր աշխատանք կատարել, իսկ նկարները չեն վաճառվում միայն այն պատճառով, որ գնորդը դրանց տեղը չգիտի: Ասում է` «Վերնիսաժ չեմ կարողանում տանել, որովհետեւ ոչ տրանսպորտի փող կա, ոչ տեղի փողը կարող եմ վճարել»: Մայր ու աղջիկ ապրում են Ռոստովյան 13 հասցեում գտնվող հանրակացարանի առաջին հարկի փոքրիկ քառակուսի սենյակում, որի տակի նկուղն ամբողջությամբ ջուր է, դրա համար էլ ամռան շոգին նրանց սենյակում ցուրտ ու խոնավ է: Լյուդմիլան չի կարողանում համակերպվել տեղի բնակիչների կենսակերպին, սակայն ստիպված է նրանց հետ շփվել, որովհետեւ կոմունալ հարմարություններն ընդհանուր են: «Հասկանո՞ւմ եք, Բաքվից փախնելուց հետո ես եկել եմ Հայաստան ու այդ հոգեբանական ծանր ապրումներն ինձ հանգիստ չեն տվել: Մինչեւ հիմա ես տառապում եմ այդ տեսարաններից, բայց էս պայմաններն ավելի են մարդուն սպանում: Էս աղքատությունն ավելի ծանր բան է: Երեխայիս չեմ կարողանում պաշտպանել, իսկ էստեղի բնակիչները չար են, սկանդալներ շատ են սարքում, ոնց որ գժանոց լինի»,- զայրացած պատմում է Լյուդմիլան` ասելով, որ օրերով սնունդ գնելու հնարավորություն չեն ունենում: Լյուդմիլայի ամուսինը Ղարաբաղյան պատերազմի անհայտ կորածներից է, սակայն որեւէ փաստաթուղթ նա չունի, որովհետեւ` «Ես էստեղ բարեկամներիս տանը ծննդաբերեցի, ու այդ ընթացքում ինձ զանգեցին, ասացին, որ հարձակումների ժամանակ ինքը եղել է, բայց դիակը չի գտնվել: Երեխաս հիվանդ ծնվեց, 3 տարի ընկա հիվանդանոցների դռները, խնամքի խիստ կարիք էր զգում, ես էլ` անտեր-անտիրական: Էդ ընթացքում ոչ կարողացա անհայտ կորածի, ոչ էլ զոհվածի փաստաթուղթ ձեռք բերել»: Լյուդմիլան պորտրետիստ, գեղանկարիչ է, եւ ասում է, որ իր արվեստն իրեն փրկում է: «Հոգեպես շատ տրավմաներ տարա ու մինչեւ հիմա դրա հետեւանքներն եմ կրում: Աչքիս առաջ շատ բաներ կատարվեցին, ու շատ վախեցա: Կոտորածների ժամանակ աչքիս առաջ միայն դիակներ, զենքեր, կրակոցներ էին, դրա համար էլ շատ սթրեսային, դյուրագրգիռ եմ դարձել: Դիմել եմ հոգեբանի, ասել են, թե աստիճանաբար, ժամանակի հետ կանցնի, բայց…»,- պատմում է Լյուդմիլան: Հիմա էլ գերի ընկածի կարգավիճակում է հանրակացարանի բնակիչների համար, որովհետեւ իրեն շրջապատող միջավայրը չարամիտ է: «Հասկանո՞ւմ եք, պահ է լինում, երբ հավասարակշռությունդ կորցնում ես, մոռանում ես, թե ով ես եղել, ինչ կրթություն ու դաստիարակություն ես ստացել, ու սկսում ես իրենց հետ վիճաբանել: Դա անտանելի է, չես հանդուրժում, չես դիմանում էդ անմակարդակ խոսակցություններին: Հանրակացարանում ապրելը սարսափելի է, էստեղ բոլորը կամեցող չեն, չար են»,- ասում է Լյուդմիլան: Անգելինան գեղեցիկ աղջիկ է, կուչ է եկել սենյակի անկյունում ու ամոթից գլուխը խոնարհել է: Չի ցանկանում լուսանկարվել, ասում է` «ամոթ է, կուրսեցիներս կտեսնեն, վատ կզգամ»: Անգելինան սովորում է քոլեջում ու չի պատկերացնում վաղվա իր օրը: Ասում է` «Առաջ նպաստ էինք ստանում, բայց, երբ դարձա չափահաս` զրկեցին, ասեցին, որ չի հասնում»: Լյուդմիլան ասում է, որ օրերով քաղցած են մնացել: Այս կամ այն կազմակերպությունից ստացած սավաններն ու այլ իրերը վաճառել եւ հաց են գնել: Ասում է` «Երազում եմ, որ նկարներս վաճառվեն, բայց ո՞վ կառնի, ո՞վ կիմանա, որ էս կիսափուլ հանրակացարանում նկարչուհի կա ու իր կտավները վաճառում է: Ես շատ էժան գնով կվաճառեմ, միայն թե կարողանամ հացի գումար վաստակել: Էլ ապրել չի լինում»: Անգելինան ուզում է ամեն ինչ անել մորը պաշտպանելու համար: Լյուդմիլան էլ իր հերթին ամեն ինչի պատրաստ է աղջկան պաշտպանելու համար: Սակայն երկուսն էլ ծայրահեղ անպաշտպան վիճակում են, դրա համար էլ այս կինը պարբերաբար կորցնում է հոգեկան հավասարակշռությունը: Լյուդմիլայի սենյակի պատից կախված բնանկարն իր երազանքն է: Հաճախ, երբ նա կտրվում է իրենց շրջապատող ծանր իրականությունից, սկսում է երազել` մոռանում է իր տառապանքների մասին ու մտովի գնում է դեպի բնություն: Երազանքներից ոգեշնչվելիս նրա նկարների մեջ ներդաշնակություն է լինում, իսկ երբ իրականություն է վերադառնում` փոթորիկ ու բարկություն է նկարում: