Դետալն ու գլոբալը

21/09/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Զարմանալի մի հատկություն ունի հայ մարդը. շատ է սիրում իր երեխաներին։ «Ապրում ենք էրեխեքի համար», «Աշխատում ենք էրեխեքի համար» արտահայտությունները կարելի է լսել ամենուր։ Եվ այնքան հաստատ է «էրեխու» հանդեպ սերը, որ կասկած էլ չի առաջանում, թե մարդն ինչո՞ւ ինքն իր համար չի ապրում։

«Էրեխու» հանդեպ ունեցած անսահման սիրով են բացատրվում շատ ու շատ երեւույթներ, որոնք այլ դեպքում գուցե քրեական պատասխանատվության առիթ լինեին։ Պետությունից գողացողը մեզանում երբեք գող չի համարվել։ Գողը պատուհանից ուրիշի տուն մտնողն է եղել կամ էլ տրանսպորտում մեկի պայուսակից դրամապանակ թռցնողը։ Սրանց մասին երբեք չի ասվել. «Դե, էրկու կոպեկ փախցնում ա, որ էրեխեքին պահի», բայց ա՛յ, առաջիններին այդպես արդարացնում են։

Բարեբախտաբար բոլոր «էրեխա» սիրողները չեն պետությունից գողանալով պահում իրենց ժառանգներին, որովհետեւ, նախ` պետության միջոցներն են սահմանափակ, հետո՝ պետական աշխատատեղերն են քիչ, եւ հետո՝ կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր «էրեխու համար ապրելու» գործառույթն իրականացնում են սեփական աշխատանքով։

– Առանց «սմենչիկի» (փոխարինողի) եմ քշում, օրվա մեջ չորս ժամ էլ չեմ քնում,- ասում է տաքսու վարորդն ու պատմում, որ անցած ամսվա եկամուտը տվել է էրեխու «վիպուսկնոյի» (ավարտականի) համար։

– Իսկ ի՞նչ կարծիքի եք «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» երկաթուղու մասին,- «էրեխու վիզը ծուռ չմնալու», «ընկերներից հետ չմնալու» մասին նրա դատողություններն ընդհատելով հարցնում եմ ես։

– Ի՞նչ երկաթուղի,- զարմանում է։

– Ուրեմն՝ թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները՝ Հայաստանը շրջանցելով, երկաթուղի են կառուցում,- ասում եմ։

– Որ ի՞նչ,- զարմանում է։

– Որ շրջափակված Հայաստանն ավելի շրջափակվի,- ասում եմ։

– Ախպերս, էդ տեսակ բան չի կարա ըլնի,- ասում է։

– Ինչի՞ չի կարա։

– Որտեւ ռուսը չի թողի։

Սա իմ ունեցած հարյուրավոր զրույցներից մեկն է միայն։ Մյուսներն էականորեն չեն տարբերվում։ Մյուսներում հաճախ կրկնվում են «ես քաղաքականությունից բան չեմ հասկանում», «ես քաղաքականությունից զզվում եմ», «ինձ իմ էրեխուց բացի ոչ մի բան չի հետաքրքրում» տիպի դատողություններ։ Եվ սա խոսում է այն մասին, որ հայ մարդու աշխարհայացքում դետալը գլոբալ է, գլոբալը՝ դետալ։

Երբ առաջին անգամ խոսք եղավ հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին, մարդիկ սկսեցին հիշել «ցուրտ ու մութ» տարիները։ «Բա էն ցուրտն ու մութը» մոռանալ կըլնի՞» հարցնողները կասկած էլ չունեն, որ «ցուրտն ու մութը» հիշելով, շատ ավելի կարեւոր բաներ մոռացել են։ Չէ, պատերազմի ու հաղթանակի մասին չեմ հիշեցնելու, հիշեցնելու եմ այն բարեփոխումները, որոնք «ցուրտն ու մութը» հաղթահարելու համար կատարվեցին Հայաստանում։ Եվ եթե այսօր էլ ցուրտ ու մութ չէ, պատճառն այն է, որ ժամանակի անբարեգութ ու անխղճմիտ իշխանությունները՝ մարդկանց ցավ պատճառելով, ստիպեցին վճարել էլեկտրականության համար։ Եթե բարեգութ ու խղճմիտ լինեին, հավատացեք, Հայաստանն այսօր էլ ընկղմված կլիներ խավարի մեջ։ Էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկրում առանց պարտադիր վճարման էլեկտրականություն չէր կարող լինել։

Ժողովրդի համար անհաճո, բայց ապագայի համար կարեւոր բաներ անելը մեծ խիզախություն է, որը, չգիտես ինչու, այսօր որպես ստորություն է ներկայացվում։ Եվ սա գալիս է նրանից, որ «էրեխու» համար ապրող ամեն ոք մտածում է միայն սննդի, հագուստի, բանակից ազատելու, դիպլոմի (ոչ իրական կրթության) եւ օժիտի մասին։

Ի՞նչ պիտի լինի Հայաստանում վաղը, մյուս օրը, տասը տարի հետո, ոչ ոք չի մտածում։ Ասում են՝ իշխանություններն են փչացրել մարդկանց։ Իսկ գուցե մարդի՞կ են փչացրել իշխանություններին։ Երկրորդն ինձ ավելի հավանական է թվում, որովհետեւ իշխանությունները՝ չնայած նրանց ձեռքի տակ եղած տնտեսական, ֆինանսական, լրատվական եւ այլ լծակներին, այդքան ուժ չունեն մարդուն, մարդկանց, ժողովրդին, ազգին փչացնելու։

Եթե մարդը պարզ-պարզ փորձի պատկերացնել, թե ինչ է լինելու վաղը, եւ լավագույն հեռանկար չհամարի Հայաստանից հեռանալը, ջրցան մեքենաները չէ, տանկերն ու զրահամեքենաներն էլ չեն կարող էդ մարդուն կոտրել։

90-ականների սկզբի ցուրտն ու մութը, եթե ընկալվեին որպես անկախության համար վճարած գին եւ ոչ թե ժողովրդի դեմ ուղղված մութ դավադրություն, բարեփոխումները եթե համարվեին պետության ամրացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր, այսօրվա մարդը չէր զզվի քաղաքականությունից եւ չէր հետաքրքրվի միայն ու միայն իր «էրեխու» ճակատագրով։ Այսօրվա մարդն իշխանություններից հաշիվ կպահանջեր իր վաստակած անկախությունը ռուսներին մաս-մաս վերադարձնելու համար։

Ցավոք, չի եղել ու հիմա էլ չկա այդ ընկալումը։ Եվ հեռուստացույցի ցանկացած խոսնակ՝ առանց դժվարության, կարող է մարդուն հիշեցնել անձամբ իր՝ յուրաքանչյուր հեռուստադիտողի, երեխայի ցուրտ ու մութ մանկությունը, եւ այդ բանն անել՝ իշխանության նկատմամբ անթաքույց քծնանքով եւ պետության հանդեպ սառն անտարբերությամբ։