ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության (ՏԿ) հեղինակած «Թվային հեռարձակումների մասին» ծրագիրն անցել է հասարակական քննարկումների փուլը եւ հասել Արդարադատության նախարարություն: Հաջորդ քայլը կառավարության նիստով հաստատելն է լինելու:
Նշենք, որ այս ծրագրի վերաբերյալ «168 Ժամը» ներկայացրել է համակարգի մասնագետների մտահոգություններն ու առաջարկությունները: Հիշեցնենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի (ՏՏԶԱԽ) գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ «Թվային հեռարձակումների մասին» նշյալ ծրագիրն արդեն իսկ կյանքից հետ է մնացել մի քանի տասնյակ տարով: Այս ծրագրի տրամաբանությունն այն է, որ Հայաստանում առկա հեռուստաընկերությունները պետք է անցնեն ինֆորմացիայի փոխանցման թվային տեխնոլոգիաներին: Եվ միայն այսքանը: Հայեցակարգից դուրս է մնացել ինտերնետ հեռուստատեսության գաղափարն ընդհանրապես, որը մեկընդմիշտ կազատականացներ մեր հեռուստաշուկան: Մեզ համար նորամուծություն համարվող այս փուլն աշխարհը վաղուց է անցել, եւ վերջիններն արդեն աշխատում են IP տեխնոլոգիաներով: Սա նշանակում է՝ ինտերնետ կապի միջոցով ունենալ բարձրորակ հեռուստատեսություն: Այս տեխնոլոգիային անցնելու դեպքում Հայաստանում կարող ենք ունենալ 200-300 հեռուստատեսություն, որն էլ նշանակում է` վերջ ինֆորմացիայի բովանդակությունը վերահսկող հանձնաժողովին` ՀՌԱՀ-ին: Ծրագրի վերաբերյալ ստացած առաջարկությունները նախարարությունն այնքան էլ հիմնավոր չի համարել եւ մնացել է իր կարծիքին` առայժմ մտածում ենք միայն թվային հեռարձակման մասին: Ինչո՞ւ է նախարարությունը հրաժարվել ծրագրում ներառել նաեւ ստացած առաջարկությունները, այս եւ այլ հարցերի պատասխանն էլ փորձեցինք ստանալ ՏԿ նախարարության Կապի վարչության պետ Գեւորգ Բալոյանից: Հետաքրքիրն այն է, որ ծրագրի վերաբերյալ տեղական հեռուստաընկերություններն ընդհանրապես առաջարկություններ չեն ներկայացրել:
– Ի՞նչ խնդիր է ուզում լուծել նախարարության հեղինակած «Թվային հեռարձակումների մասին» ծրագիրը:
– Աշխարհն արդեն վաղուց անցել է թվային տեխնոլոգիաներին, եւ մենք էլ ենք փորձում անցնել այդ ճանապարհը: Սակայն խնդիրը շատ բարդ է, այն իր մեջ ընդգրկում է տեխնիկական, ֆինանսական, սոցիալական, իրավաբանական խնդիրներ, որը մեկ ծրագրում ներառելը հնարավոր չէ: Դրանք պետք է լուծվեն հերթականությամբ: Ծրագիրը չի կարող լիարժեք լինել, եւ ես էլ առնվազն 100 առաջարկներ ու դիտողություններ կարող եմ անել, ինչպես վարվում են ծրագրից դժգոհողները: Եվ հետո, մենք գրավոր առաջարկություններ չենք ստացել ՏՏԶԱԽ-ից, իսկ Արմեն Գրիգորյանն էլ ծրագրի աշխատանքային խմբի անդամ է: Մենք չենք ներառել նաեւ ԵԱՀԿ փորձագետների առաջարկությունների մի մասը: Ասենք, առաջարկել են ստեղծել կարգավորող մարմին եւ ծրագրում ամրագրել նրա գործառույթները: Մենք նշել ենք ընդամենը կարգավորող մարմնի անհրաժեշտության մասին, մնացածը հետագայի գործ է:
– Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է թվայնացնել 4 հեռուստատեսություն: Ծրագրում նշվա՞ծ է, ո՛ր չորսի մասին է խոսքը` Հանրային հեռուստատեսությունից բացի:
– Պետությունը պարտավորվում է թվայնացնել 4 հեռուստաալիք` բնակչությանը տալով գոնե 4 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորություն: Այս գործընթացը տեւելու է մինչեւ 2015 թվականը: Մնացած մասնավոր հեռուստաընկերությունները թվային հեռարձակումների պետք է անցնեն սեփական միջոցների հաշվին: Մոտ 15 մլրդ դրամ է անհրաժեշտ փուլի ավարտի համար: Պետբյուջեից կֆինանսավորվեն այն հեռուստաընկերությունները, որոնց հեռարձակումների շառավիղն ավելի մեծ է (դիտում են նաեւ մարզերում) ու ավելի որակյալ են: Պարզ է, որ մարզային հեռուստատեսությունները չեն կարող համեմատվել Հ1-ի, Արմենիայի, ԱԼՄ-ի հետ: Մրցակցային դաշտում դրված է նաեւ լսարան ու հետաքրքիր հաղորդումներ ունենալու խնդիրը: Լսարան ասվածի գնահատումն էլ է բարդ. ասենք, ԱԼՄ-ի դեպքում ժողովրդի մի մասը նայում է, իսկ մյուս մասն ընդհանրապես չի ընդունում այս ալիքը:
– Եթե դուք այս փուլում չեք խոսում ինտերնետ հեռուստատեսության մասին, ստացվում է՝ ծրագիր եք գրում մեկ հեռուստաալիքի` Հ1-ի համար: Թվայնացվում է Հ1-ի տիրույթը, այդ նույն հաճախության վրա կարող են գործել մինչեւ 8 հեռուստաալիքներ, որն էլ տեղավորվում է Հ1-ի ծրագրերում` ունենալ շուրջօրյա լուրերի, սերիալների, մշակութային ծրագրերի հեռարձակման հնարավորություն:
– Կողմնապահություն չկա, բայց պետք է ընդունել, որ Հ1-ն իր ցանցով շատ հզոր է:
– Նշեցիք, որ ստեղծվելու է կարգավորող մարմին: Պետբյուջեից ֆինանսավորվող նոր աշխատակազմի մասի՞ն է խոսքը, թե՞ նոր մարմնի գործառույթներն էլ կարող է ստանձնել Գրիգոր Ամալյանի ղեկավարած հանձնաժողովը:
– Կարծում եմ, այստեղ խնդիրը ոչ թե հանձնաժողովի, այլ անձի մեջ է: Կարգավորող մարմնի գործառույթը կարող է եւ հանձնվել ՀՌԱՀ-ին, կամ էլ հնարավոր է բոլորովին նոր մարմնի ստեղծումը:
Եվս 7 տարի` մինչեւ 2015թ. Հայաստանում լիովին վերահսկողության տակ են լինելու հեռուստաընկերությունները: ՀՌԱՀ-ն իր բուն գործը թողած (հետեւել, որ գովազդը կազմի հեռուստահաղորդումների 20 տոկոսը, որ հաղորդումները չընդհատվեն 7 րոպեանոց գովազդային շարքերով եւ նման շատ եւ շատ պարտականություններ)՝ կրկին զբաղվելու է հեռուստահաճախությունների սակարկությամբ: Մինչդեռ ինտերնետ հեռուստատեսության մասին ծրագրում ամրագրելը նշանակում է՝ դաշտի ազատականացում եւ անգամ անվերահսկելիություն: Նշենք, որ «Թվային հեռարձակումների մասին» այս ծրագրի ընդդիմախոսները մտադիր են «լոբբինգ անել», որ Կառավարության նիստում ծրագիրը չընդունվի եւ կրկին ետ ուղարկվի ՏԿ նախարարությանը: