Կանխատեսելի անկանխատեսելին

20/09/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին ժամանակներս, ավելի ճիշտ՝ հուլիսի կեսերից սկսած, դրամի փոխարժեքը կայունացել է։ Ավելին, վերջին օրերին նկատվում է նաեւ դրամի արժեւորում. 1 դոլարի գինը 335-336 դրամից հասել է 340-ի։

Սակայն գրեթե բոլորը համոզված են, որ դրամը դեռ «իրենը կասի»։ Սա է պատճառը, որ անկախ փոխարժեքի այս կայունացումից՝ մարդիկ դեռ անհանգստացած են դրամի՝ արդեն արձանագրված եւ արձանագրվելիք արժեւորմամբ։ «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնում» երեկ տեղի ունեցած քննարկումը նվիրված էր հենց այս խնդրին։ «ՀՀ դրամի «վարքագիծը». տնտեսական եւ քաղաքական պատճառներն ու հետեւանքները». թեման սա էր։ Նշենք, որ թերեւս ամենակարեւոր կողմը՝ Կենտրոնական բանկը, հրավիրվել էր քննարկմանը, սակայն այդ կառույցից ներկայացուցիչներ չկային։ Դրամի արժեւորման հետեւանքների մասին խոսելիս ներկաների մեջ հակասություններ գրեթե չկային. բոլորը համակարծիք էին տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի հետ, որ այդ պրոցեսը խորացնում է աղքատությունը, վնասում արտահանմանը եւ թուլացնում մարդկանց վստահությունը պետության նկատմամբ։ Անկախ պաշտոնական վիճակագրության արձանագրած թվերից՝ ոչ ոք չընդդիմացավ, որ աղքատության եւ գործազրկության աճ կա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, գործազրկությունը տատանվում է 7-8%-ի սահմաններում, մինչդեռ Զ. Թադեւոսյանը հավաստիացրեց, որ իռլանդացի մասնագետների հաշվարկով, գործազրկությունը 33% է։ Իսկ իրենց սեփական հաշվարկներով՝ հասնում է մինչեւ 40%-ի։ Խոսք գնաց նաեւ գնաճի մասին. սխալ ցուցանիշների, արտահանման ծավալների կրճատման, կապիտալի արտահոսքի եւ այլ երեւույթների մասին։ Այս ամենի պատճառներից մեկն էլ հենց դրամի արժեւորումն է։ Սակայն այն հարցում, թե ինչու է դրամն արժեւորվում, մի տեսակ խառնաշփոթ վիճակ է ստեղծվում։ Տնտեսագետները մի կողմից՝ ասում են՝ փոխարժեքի վարքագիծը մեր երկրում ոչ մի տնտեսական տրամաբանությամբ չի կարելի բացատրել։ «Արժեւորվում է մի երկրի արժույթը, որի տնտեսական վիճակը վատթարագույնն է»,- ասաց Զ. Թադեւոսյանը։ Մյուս կողմից, սակայն, սկսում են այդ պրոցեսը բացատրել, օրինակ, դրսից եկող տրանսֆերտների աճով։ Ի դեպ, քննարկման մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, ի թիվս դրամի արժեւորման այլ պատճառների՝ նշեցին փողերի լվացումը։ Խոսք գնաց նաեւ իրավիճակի դեմ պայքարելու քայլերի մասին։ Որոշ տնտեսագետներ կարծում են, որ այդ «ավելցուկային» արտարժույթը պետք է հավաքել եւ ներդրումներ կատարել։ Սակայն Թ. Մանասերյանը կտրականապես դեմ է այդ գաղափարին. «Այդ գումարներով չի կարելի ներդրումներ անել։ Դրանք գալիս են մարդկանց սովից փրկելու համար»։ Այլ կարծիքներ եւս հնչեցին, սակայն էականը դա չէ։ Դրամի արժեւորման ու դրա հետեւանքների դեմ պայքարելու համար նախ պետք է բացահայտել պատճառները։ Իսկ այդ պատճառները հայտնի են միայն Աստծուն եւ Տիգրան Սարգսյանին (կամ՝ միայն Տիգրան Սարգսյանին)։ Նմանօրինակ քննարկումներ անցկացվել են նաեւ «168 Ժամին» կից գործող «Պրեսսինգ» ակումբում, հակադիր կողմերի բուռն մասնակցությամբ։ Սակայն իրականությունն այն է, որ որոշում կայացնողներին այդ քննարկումներն ու դրանց մասնակիցներն ամենեւին չեն հետաքրքրում։ Ընդ որում, փոխարժեքի թեմայով «Պրեսսինգի» քննարկումներին ներկա էին նաեւ անմիջական տուժողները՝ արտադրողները։ Նրանց վիճակը բարդանում է նրանով, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու «դոլարի հետ»՝ ընկնելո՞ւ է, բարձրանալո՞ւ, թե՞ մնալու նույն մակարդակի վրա։ Անորոշությունն ամենավտանգավոր բանն է բիզնեսում։ Իսկ հիմա մի ենթադրություն կանենք, որին միգուցե թերահավատորեն մոտենաք. վիճակն այնքան էլ անորոշ չէ. հաջորդ տարվա դոլարի փոխարժեքը հայտնի է։ Եկեք միասին փորձենք գտնել այն։ Շուտով կընդունվի հաջորդ տարվա բյուջեն։ Այն հաշվարկվում է դրամով։ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ կունենանք 2.5 միլիարդ դոլարի բյուջե։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ս. Սարգսյանը գիտի փոխարժեքը եւ նախարարների ներկայացրած թվերը (դրամով) վեր է ածել դոլարի։

Հիմա եկեք մի քիչ էլ տրամաբանենք։ 2006 թվականի բյուջեն եղել է 482 մլրդ դրամ, 2007-ի նախատեսվածը՝ 557.8 միլիարդ։ Աճը՝ մոտ 16%։ Սա իրական թիվն է, բայց տպավորիչ չէ։ Այ, դոլարով շատ տպավորիչ է նայվում. 2006թ. բյուջեն եղել է 1.15 մլրդ դոլար (1 դոլարը՝ 420 դրամ), 2007թ.՝ 1.56 մլրդ դոլար։ Աճը՝ մոտավորապես 36 %։ Իսկ հիմա նայենք իրականությանը։ Անցյալ տարվա տնտեսական աճը կազմել է 13.4% (այս տարի դժվար թե այդքան լինի)։ Տնտեսության մեջ ոչ մի էական փոփոխություն չի եղել, նույն մարդիկ են՝ նույն գաղափարներով։ Որ ասենք՝ չինովնիկների հոգեբանությունն է փոխվել, դարձել են ավելի պետականամետ, կամ քաղաքական կամքն է ավելացել՝ չափազանցրած կլինենք։ Մի խոսքով, ոչ մի նախադրյալ չկա, որ դրամով արտահայտված բյուջեն աճի ավելի շատ, քան նախորդ տարի (16%)։ Բայց ենթադրենք, Հարկային ծառայությունը՝ իր նոր պետով հանդերձ, սկսում է ակտիվ պայքար ստվերային տնտեսության դեմ ու ավելացնում բյուջեի մուտքերի աճը։ Այսինքն, դրամով արտահայտված բյուջեն այս տարվա համեմատ աճում է ոչ թե 16, այլ 26%-ով։ Ստացվում է՝ 702 մլրդ դրամանոց բյուջե՝ 145 մլրդ-ով ավելի։ 145 մլրդ դրամը, այն էլ՝ 1 տարվա մեջ, հանաք բան չէ։ Հիմա հիշենք Ս. Սարգսյանի ասած թիվը՝ 2.5 միլիարդ դոլար։ Պարզ թվաբանությամբ հաշվենք, թե փոխարժեքն ինչքան պետք է լինի, որպեսզի վարչապետը սխալ դուրս չգա։ Բաժանում ենք 702 մլրդ-ը՝ 2.5 մլրդ-ի եւ ստանում 280 դրամ։ Այսինքն, եթե տնտեսությունը զարգանա նույն տեմպերով՝ մի բան էլ ավելի, դոլարի գինը պետք է ընկնի մինչեւ 280 դրամ, որպեսզի մենք ունենանք 2.5 մլրդ դոլարի բյուջե։ Թեեւ դժվար թե այդքան ցածր փոխարժեք կանխատեսեն հաջորդ տարվա համար (հնարավոր է՝ ընդհանրապես կանխատեսումներ չանեն)։ Հնարավոր է՝ կլոր թիվ դնեն՝ ասենք, 1 դոլարը՝ 300 դրամ։ Ճիշտ եք, այդ դեպքում 2.5 միլիարդը չի ապահովվի։ Սակայն այստեղ փոխարժեքին օգնության կգա «ստվերի դեմ պայքարը»՝ գրական հայերենով ասած, մանր ու միջին գործարարների վրա լայնածավալ հարձակումը՝ հարկային եւ մաքսային մարմինների կողմից։ Մի խոսքով, դոլարի փոխարժեքը էապես կախված կլինի այն հանգամանքից, թե համապատասխան կառույցները որքանով պատրաստ կլինեն կլպել մանր ու միջին գործարարներին։ Մի փաստ էլ՝ հետաքրքրաշարժ մաթեմատիկայի բնագավառից. 1 դոլարը՝ 300 դրամ փոխարժեքի դեպքում այս տարվա վերջում մենք կունենանք 10 միլիարդ դոլարին համարժեք ՀՆԱ։ Փայլուն թիվ է՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթի համար։ Ի դեպ, Թ. Մանասերյանը երեկ վրդովմունքով ասում էր՝ մեր տնտեսագիտական միտքը պահանջված չէ։ Իհարկե պահանջված չէ։ Չէ՞ որ մարդիկ նայում են ոչ թե ձեր վերլուծություններին, այլ տարաբնույթ «մեսիջներին»։ Իսկ «2.5 միլիարդը» ոչ այլ ինչ է, քան փոխարժեքի ճշգրիտ կանխատեսում։ Ավելի ճիշտ՝ ուղեցույց։