Հանքարդյունաբերությունից ու գյուղատնտեսական մթերքի վերամշակումից բացի, այլ տիպի արտադրություն Հայաստանում այնքան հազվադեպ է հանդիպում, որ հայտնաբերելուց հետո էլ թվում է, թե նոր մոլորակ ես հայտնագործել:
Հանքարդյունաբերությունը Հայաստանում սահմանափակվում է ընդերքի հարստությունը՝ ոսկին, պղինձը, մոլիբդենը եւ այլ նյութեր հանելով եւ արտահանելով: Որպես արտադրություն պարզապես գոյություն չունի: Իսկ գյուղմթերքի վերամշակումն էլ սահմանափակվում է տոմատ-մուրաբաներով, կաթնամթերքի սահմանափակ տեսականիով եւ արտասահմանից ներկրած սառեցրած մսերից պատրաստած երշիկեղենով: Դրանք էլ հիմնականում սպառվում են ներքին շուկայում: Ցածրորակության կամ այլ պատճառներով արտահանման քանակը շատ փոքր է: Բոլոր դեպքերում մենք փորձեցինք հետազոտություն անցկացնել Հայաստանի արտադրության ոլորտում եւ բացահայտել եզակի ընկերություններին ու ապրանքարտադրողներին, ներկայացնել նրանց հաջողություններն ու դժվարությունները: «168 Ժամն» այսուհետ պարբերաբար կանդրադառնա հայրենական արտադրողներին ու նրանց խնդիրներին:
Իսկ առաջինը, որ գրավեց մեր ուշադրությունը, մետաղապլաստե խողովակներ արտադրող նորաստեղծ «Newplast» ընկերությունն էր: Վերջին տարիներին բնակարանաշինության բումը իր հետ բերեց շինանյութի մեծ պահանջարկ: Ցեմենտ-գաջ-ավազից բացի, անհրաժեշտ են նաեւ շինարարական շատ այլ տիպի նյութեր: Եվ եթե ցեմենտ-գաջ-ավազը Հայաստանում են արտադրվում, ապա շենքերի ներքին հարդարման եւ կոմունալ ցանցին անհրաժեշտ նյութերը հիմնականում ներկրվում են: Ներկրվում են նաեւ մետաղապլաստե խողովակներն ու դրանց միացմանն անհրաժեշտ աքսեսուարները: Հայրենի հեռուստաընկերությունների եթերում հաճախ ենք հանդիպում 10 մթնոլորտ ճնշման դիմացող «Ռիֆենգ», «Հենկո» եւ այլ խողովակների գովազդներին: Երբեմն մեր գնումները կատարում ենք այդ գովազդների ազդեցության արդյունքում, երբեմն էլ՝ վաճառողի խորհրդով: Չէ՞ որ սովորական սպառողը, նույնիսկ՝ շինարարը, պարզապես նայելով չի կարող որոշել՝ խողովակն իսկապե՞ս «10 ատմասֆեր» ճնշմանը կամ 80 տարի կարող է դիմանալ: Եվ հատկապես նման տիպի ապրանք գնելիս մենք հույսներս դնում ենք պատահականության կամ վաճառողի խղճի վրա: Իսկ շատ հաճախ մենք ընտրությունը կատարում ենք՝ նախապատվությունը տալով տեղականին կամ ներմուծվածին: Եթե, իհարկե, նման ընտրություն ունենք: Եվ ահա սա այն դեպքերից է, երբ մենք ընտրություն ունենք:
«Newplast» ընկերությունն արտադրում է երեք տիպի՝ պոլիպրոպիլենային, մետաղապլաստե 5 շերտանի եւ պոլիվինիլքլորիդային խողովակներ: Այս անունները մեզ ոչինչ չեն ասում, սակայն արտադրողները հավատացնում են, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման համար անհրաժեշտ բոլոր տիպի խողովակներն իրենք արտադրում են: Տեղեկացնենք, որ այս ընկերության հիմնադիրները ռուսաստանաբնակ հայ գործարարներ են: Նրանք Սամարայում ունեն պլաստմասսայե տարաների մեծ արտադրություն, որը, «Newplast»-ի աշխատակից Տիգրան Մնացականյանի ասելով՝ Ռուսաստանում առաջատար է: Եվ ահա գործարարներ Գրիգոր Գրիգորյանը ու Համլետ եւ Հայկ Հովհաննիսյանները որոշել են արտադրություն հիմնել նաեւ Հայաստանում: Ներկրել են գերմանական ու անգլիական սարքավորումներ, այդ սարքավորումները շահագործելու եւ փորձը փոխանցելու համար այդ երկրներից հրավիրել են մասնագետներ, հիմնել են արտադրամաս եւ, արդեն չորրորդ ամիսն է, արտադրանք են տալիս: Ընկերության մարքետինգի եւ վաճառքի բաժնի պետ Տիգրան Մնացականյանի ասելով՝ իրենց արտադրած խողովակներն ունեն ավելի բարձր որակ, քան շուկայում հանդիպող ներկրված խողովակներից շատերը: Իսկ հատկապես խողովակի դեպքում դա միանգամյա օգտագործման ապրանք չէ եւ մեծամասամբ տեղադրվում է պատի ներսում կամ հողի տակ:
«Մենք ունենք շատ լավ լաբորատորիա, եւ մեր արտադրանքի որակը նախ ինքներս ենք ստուգում,- ասում է Տ.Մնացականյանը: -Համեմատելու համար փորձել ենք ստուգել մեր շուկայում գոյություն ունեցող նաեւ մյուս խողովակների որակը: Ասենք, շատ բարձր ճնշում ենք տալիս եւ տեսնում ենք, թե որ խողովակն ինչպես է պայթում: Օրինակ, 5 շերտանի մետաղապլաստե խողովակի շերտերից մեկն ալյումին է, որն ունի կարի տեղ՝ ծայրերի միացման տեղ: Դա աչքով տեսանելի է: Եթե խողովակն անորակ է լինում, ապա բարձր ճնշման դեպքում պայթում է հենց այդ կարի երկարությամբ, իսկ եթե որակյալ է լինում, պայթում է այլ հատվածներում: Հարյուրավոր օրինակներ փորձեցինք եւ համոզվեցինք, որ Հայաստանի շուկայում բարձրորակ մետաղապլաստե խողովակ շատ քիչ կա: Իսկ մեր խողովակի դեպքում կարից էր պայթում փորձարկված նմուշների ընդամենը 3 տոկոսը: Դա շատ բարձր ցուցանիշ է»:
Իհարկե, ընկերության ներկայացուցիչը պետք է գովի իր ապրանքը, բայց արդյո՞ք դա այդպես է: Չէ՞ որ սպառողները գնելիս խողովակները փորձարկման ենթարկելու հնարավորություն չունեն:
«Գիտեք, մենք ներկրող չենք, որ անորակ ապրանքների մի քանի խմբաքանակ բերենք, իրացնենք, հետո մեկ այլ բանով զբաղվենք,- ասում է Տ. Մնացականյանը: -Այստեղ բավականին մեծ գումար է ներդրվել, արտադրություն է հիմնվել, որը երկար տարիների համար է: Մենք դրսից մասնագետներ ենք հրավիրել եւ մեր աշխատակիցներին ուղարկել ենք արտերկիր՝ մասնագիտանալու: Պարզ է, որ ներդրողը պետք է շահագրգիռ լինի որակյալ ապրանք արտադրել, մեծ շուկա գրավի, որպեսզի իր ներդրածը ետ բերի, հետո էլ շահույթ ստանա: Մեր լաբորատոր մի սարքավորման արժեքը 20.000 դոլար է: Էլ չեմ ասում հոսքագծերի եւ մյուս սարքավորումների մասին: Այնպես որ, բլեֆ անելով մեր արտադրությունը երկար ժամանակ չի դիմանա, հատկապես, որ շուկան գերհագեցած է ներկրած ապրանքներով: Վերջերս մենք մասնակցեցինք «Էքսպո-2007» ցուցահանդեսին եւ ներկայացրեցինք մեր խողովակները: Այնտեղ ներկայացված էին տարբեր ֆիրմաների մետաղապլաստե խողովակներ: Բնական է, որ նույն ապրանքը ներկայացնողները միմյանցով հետաքրքրվում են: Արձագանքներից ես հասկացա, որ մեր արտադրանքը խուճապ է առաջացրել»:
Որքան էլ թերահավատորեն վերաբերվենք հայրենական արտադրությանը, միեւնույն է, լավ է, որ նման օրինակներ գոյություն ունեն: Հատկապես ոգեւորող է, երբ հայրենական արտադրողը վճռական է տրամադրված իր գործի մեջ. նախ՝ գրավել տեղական շուկան, հետո՝ արտահանել: Տ. Մնացականյանի ասելով՝ սեփականատերերն այդ գործարանը հիմնադրելուց առաջ մասնագետներ են հրավիրել եւ երկար ժամանակ ուսումնասիրել են, թե Հայաստանի շուկան հատկապես ինչի պահանջարկ ունի, եւ Հայաստանում ի՞նչ է հնարավոր արտադրել: Երկար քննարկումներից հետո որոշել են արտադրել մետաղապլաստե խողովակներ: Սպառման առումով հեռանկարները մեծ են՝ բնակարանային շինարարություն է սկսվել, բացի այդ, հին բնակֆոնդի մետաղե կոմունալ ցանցն արդեն հնամաշ է, եւ դրանք փոխելու տենդենց է սկսվել: Բացի այդ, ամբողջ աշխարհում ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցում մետաղապլաստե խողովակը մետաղյա խողովակին դուրս է մղել: Այնպես որ, բիզնեսի հաջողության համար ընտրությունը տեղին էր: Սեփականատերերը նաեւ պարզել են, որ հարեւան Վրաստանում եւ Ռուսաստանում էլ իրավիճակը նույնն է՝ պահանջարկը կա, բայց տեղական արտադրությունը շատ քիչ է:
«Ռուսաստանը, ճիշտ է, ունի նման արտադրություն, բայց դա կարող է բավարարել պահանջարկի փոքր մասը, մնացած մասը ներկրվում է,- ասում է Տ. Մնացականյանը: -Այդ երկիրը մեզ համար շատ մեծ շուկա կարող է լինել: Վատ շուկա չէ նաեւ Վրաստանը: Այս ամռանը ես եղա Քոբուլեթիում եւ հետս նմուշներ էի տարել: Ես զարմացա, որ Քոբուլեթիում մետաղապլաստե խողովակ գոյություն չունի: Այս առումով այնտեղ դեռեւս խորհրդային ժամանակներ էին՝ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցը կառուցում էին մետաղե խողովակներով»:
Զրույցի ընթացքում հասկանալի դարձավ, որ այս ընկերությունը լավ մեկնարկ է ունեցել եւ դեռ հաղթահարել է արտադրությանը բնորոշ բնական դժվարությունները: Մեզ համար շատ զարմանալի էր, որ ընկերության ներկայացուցիչն արհեստական խոչընդոտներից դեռ դժգոհություն չուներ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտադրությունը տարբեր պատճառներով ճգնաժամ է ապրում: Հիմնական պատճառներից մեկն էլ դոլարի արժեզրկումն է: Տեղական արտադրության ինքնարժեքը գնալով բարձրանում է, եւ՝ ոչ միայն արտասահմանյան երկրներում, այլ ներքին շուկայում արդեն չի կարող մրցակցել ներմուծվող ապրանքի հետ: Գործարաններից շատերն իրենց արտադրության ծավալները կրճատում են, որովհետեւ սպառումն է պակասում: Ներմուծվող ապրանքը խեղդում է տեղական արտադրանքին: Եվ այս պայմաններում արտադրություն հիմնողները ռոմանտիկներ են համարվում: Ըստ Տ. Մնացականյանի` իրենք դեռ այդ դժվարությունները չեն զգացել հավանաբար այն պատճառով, որ ընդամենը 4 ամիս է, ինչ աշխատում են: Խոչընդոտներ չեն ունեցել նաեւ հումքը ներկրելիս: «Միգուցե նրանից է, որ մենք դեռ լայն սպառման ապրանքներ չենք ներկրում, մեր ներկրածը հումք է եւ դեռ հայտնի արտադրություն չէ,- ասում է Տ. Մնացականյանը: -Չեմ բացառում, որ հետագայում արհեստական խոչընդոտներ էլ լինեն, բայց դեռ դժգոհ չենք»:
Իհարկե, նման «երանելի» վիճակը շատերի մոտ կարող է թերահավատություն առաջացնել: Սակայն այս օրինակը ոգեւորիչ է այն առումով, որ Հայաստանում գոնե մի արտադրող աշխատում է ազատ մրցակցային պայմաններում: Միգուցե այս օրինակը վարակիչ լինի: