Երեկ ժամը 16:40-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի մոտակայքում ականատես եղանք սարսափելի տեսարանի: «Այրարատ» կինոթատրոնից դեպի Երկաթգծի կայարան տանող ճանապարհին, կամրջի հարակից տարածքում «BMW» մակնիշի կանաչ գույնի ավտոմեքենան հարվածեց մի ծեր կնոջ, ում գրկին մանկահասակ երեխա կար: Մարդկանց աչքի առաջ ծեր կինն ուժգին հարվածից օդ նետվեց, ապա ցած ընկավ արյունլվա վիճակում: Երեխան նույնպես փողոցում ընկած էր անգիտակից եւ անշարժ վիճակում: Բարեբախտաբար, տեղում գտնվող մարդիկ երեխային արհեստական շնչառություն տալով՝ ուշքի բերեցին, իսկ կնոջ վիճակը շատ ծանր էր: Մոտ 5 րոպե նա արնաթաթախ, անշարժ վիճակում փողոցում ընկած էր, մինչեւ շտապօգնությունը կժամաներ: Նշենք նաեւ, որ կնոջն ու երեխային վրաերթի ենթարկած վարորդը սթրեսային վիճակում էր, եւ հենց նա էլ անմիջապես շտապօգնություն զանգահարեց: Թե ում մեղքով կատարվեց այս պատահարը, հավանաբար կորոշի Ոստիկանությունը, սակայն վթարի ականատես վարորդները նշում էին, որ այդ բավականին լայն փողոցում բացակայում են հոծ գծի գծանշումները: «Տրամվայի գծերը հանելուց հետո վարորդների համար էս փողոցը պատուհաս ա դարձել: Առաջ էդ գծերի միջոցով էինք կողմնորոշվում, իսկ հիմա ալարել են, որ մեջտեղից մի հատ գիծ գոնե քաշեն»,- դժգոհում էին նրանք: