Փարիզ`արտառոց անունով տատիկն ապրում է ՏԷՑ-ի նախկին հանրակացարանում: 72-ամյա այս կինը ճգնաժամային տարիներից մնացած տոկոսները մարելու համար ստիպված է եղել վաճառել Սիլաչի թաղամասում գտնվող իր բնակարանը: Ասում է` պարտքերը մարելուց հետո 1200 դոլարով կարողացել է գնել Ռոստովյան 13 հասցեում գտնվող հանրակացարանի փոքրիկ խուցը, որտեղ ոչ ջուր կա, ոչ էլ կոմունալ պայմաններ: Փարիզ տատի սենյակում կարծես 1988 թիվը լինի, 2007-ի նշույլ չկա: Հեգնանքով ասում է, որ 5 տարի հեռուստացույց չի նայել ու չգիտի, թե 2007-ի ընթացքում ինչ իրադարձություններ են կատարվել աշխարհում: «Մի երազանք ունեմ, որ Սամվելս գա, հասնի ինձ, շատ եմ տանջվում երեխուս համար»,- ասում է նա` պատմելով, որ որդին մեկնել է Ռուսաստան աշխատելու, սակայն չի կարողանում վերադառնալ Հայաստան: Սամվելը քանի տարի է՝ մորը հորդորում է, թե ուր որ է վերադառնում է, սակայն ինքնաթիռի տոմսի գումար չի կարողանում հայթայթել: Փարիզ տատն ասում է` «Ախր ո՞նց կլինի, 4-5 տարի ա չի կարում գա, ես էլ արդեն ծեր եմ, ինչքա՞ն սպասեմ: Ինքը ձեռքի շնորհք ունի, ռեմոնտ ա անում ու հազիվ կնոջն ու ընտանիքին էնտեղ յոլա ա տանում: Չի հասցնում, որ տոմսի փող հավաքի, ընտանիքին առնի, գա: Էս ժողովուրդը ո՞նց սենց թափառական դարձավ, ընկավ Ռուսաստանի դռները: Ճիշտ ա, շատ եմ սպասում, բայց մեկ էլ մտածում եմ, լավ, երեխես ընտանիքի հետ եկավ, բա որտե՞ղ պիտի ապրի: Էս փոքր սենյակում ո՞նց ենք յոլա գնալու: Էդ տոկոսները շատերի տունը քանդեց, ինչքան մարդիկ փողոցում հայտնվեցին»: Փարիզ տատի հետ է ապրում նաեւ նրա 95-ամյա մայրը, ում նա չի կարողանում ինչպես հարկն է խնամել: Իսկ երբ նրան պահելու տարբերակ այլեւս չի ունենում` ուղարկում է եղբոր տուն: Ծեր կինն ապրում է 12.000 դրամ թոշակով: Ասում է` «Ախր ինչքա՞ն կարաս չոր հաշվարկով ապրես: Ամեն ամիս գիտեմ, թե քանի հարյուր դրամ հացի, քանի հարյուր կարտոֆիլի ու մյուս բանջարեղենի վրա պիտի ծախսեմ: Լույսինը, դեսը, դենը ու արդեն թոշակ չկա: Աղջիկ ջան, կհավատա՞ս, որ ես ուղիղ 5 տարի ոչ միս, ոչ էլ երշիկ եմ առել: 5 տարի ես մսեղենի երես չեմ տեսել: Ես էլ պարտք անելու սովորություն չունեմ, կյանքում պարտք չեմ անի, մանավանդ ուտելիքի համար: Սովետի ժամանակ ուրիշներն են իմ դուռը թակել, պարտք ուզել, իսկ հիմա… Պարտք վերցնեմ՝ ինձ խայտառակ եղած կզգամ»: Վատ սնվելու պատճառով Փարիզ տատի մոտ բժիշկները տարբեր հիվանդություններ են հայտնաբերել: «Պատկերացրու՛, որ 12.000-ի մի մասն էլ դեղերին եմ տալիս: Դե՛, ասա, ես ո՞նց ապրեմ, խայտառակ վիճակ ա…»,- հարցնում է հիվանդ ու միայնակ թոշակառուն: «Փարոսի» նպաստառուների ցուցակում ընդգրկված չէ, որովհետեւ տարածքային կառույցի աշխատակիցներն ասում են` բարձր թոշակ ես ստանում: Ասում է` «Ես էնքան մարդիկ գիտեմ, որ աշխատում են, լավ փող են ստանում, թոշակ էլ են ստանում, բայց «Փարոսի» նպաստառու են: Փաստորեն «Փարոսից» օգնություն ստանում են ապահովները, իսկ կարիքավորների համար 12.000 դրամը իրանց հաշվարկով կարգին, բարձր գումար ա: Է՜հ, անարդարությունը շատ ա մեր երկրում…»: Ասում է, որ ամբողջ կյանքում աշխատել է, իսկ մինչեւ թոշակի անցնելը 3-րդ կարի ֆաբրիկայում ձեւարար է աշխատել: Փարիզ տատի ոտքերն աննկարագրելի ուռած ու սեւացած են, իսկ բժիշկների խորհրդին նա չի հետեւում` պատճառաբանելով, որ հավատացյալ է. «Էս ոտքիս մատները տեսնում ես, չէ՞, սեւացած, կապտած: Բժիշկն ասեց, որ պիտի կտրենք, հեռացնենք, որ հանկարծ ոտքդ էլ չսեւանա: Ես չհամաձայնվեցի, ես հավատացյալ մարդ եմ, Աստված ինձ կբժշկի»,- ասում է նա ու երկար պատմում, թե նման դժվար պայմաններում ապրող մարդկանց համար հավատքն ինչքան կարեւոր է, որովհետեւ կյանքի հանդեպ հույսով են լցվում: Հարցնում եմ` «Առաքելական եկեղեցի՞ եք գնում, թե՞, ասենք` Եհովայի վկա եք»: Պատասխանում է` «Չէ՛, բալես, մերը Հայր, Որդի եւ Սուրբ Երրորդություն եկեղեցի ա կոչվում: Ժողովներն էս մեր կայարանում ա, մեր քարոզիչները շատ լավն են, մեզ հույս են տալիս, մեր հավատքն ամրապնդում են, ու կյանքը հեշտանում ա, էս հոգսերից թեթեւանում ենք»: Փարիզ տատի հարեւանուհին էլ Եհովայի վկա է, ով մշտապես այցելում է ծեր կնոջը՝ հավատքի մասին խոսելու: Հարեւանուհին նրան փորձում է բացատրել, որ իրենց հավատքն է ճշմարիտ, իսկ Փարիզ տատը «փաստարկներ» է բերում` ապացուցելու համար, որ հավատքի հանդեպ իր մոտեցումն է ճիշտ:
72-ամյա այս կինը պատրաստ է ժամերով խոսել հավատքի մասին: Իր կյանքի ձախորդությունների մասին պատմելիս չի մոռանում նշել «Աստծո ձայնը լսեցի, բայց իր կամքին հակառակ գնացի, դրա համար էլ տենց եղավ» արտահայտությունը: Կյանքի հանդեպ լավատեսությամբ լցվելու համար Փարիզ տատին օգնում են ինչ-որ ինքնակոչ քարոզիչներ, իսկ Առաքելական եկեղեցու քահանաներն ամեն օր աղանդների դեմ պայքարի կոչեր են անում: Փարիզ տատն ասում է, որ ինքը «հոգեւոր սնունդի կարիք ունի», ու նրա համար կարեւոր չէ, թե այդ փայլուն սկուտեղի վրա մատուցվող «սնունդը» որքանով է ճշմարիտ, այլ կարեւոր է, որ իրեն ուշադրություն են դարձնում: Մեր եկեղեցականներն ու պետական այրերը հավատքից խոսելիս միայն մեծ-մեծ մտքեր են արտահայտում, բայց գործնականում գրեթե ոչինչ չեն անում: Այս մոտեցումը գուցեեւ շատ շահեկան է, որովհետեւ Փարիզ տատի նմաններն իրենց երկրի իշխանավորներից այլեւս սպասելիք չունեն, նրանք համակերպվողներ ու ինքնաքննադատներ են: