Այլեւս իրացման գոտի համարվող Երեւանի 30 (Ֆիրդուսի) թաղամասում կառուցվելու են բնակելի շենքեր, սպասարկման տարածքներ, մանկապարտեզ, զբոսայգի, հանգստի գոտի եւ առեւտրի կենտրոն: Կառուցապատողը մեզ անհայտ «Գլենդել» ընկերությունն է:
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 18-ին այցելեց Ֆիրդուսի թաղամաս եւ հանդիպեց բնակիչների հետ: Կառավարության որոշմամբ՝ Ֆիրդուսին համարվել է իրացման գոտի, եւ միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման արդյունքում բնակիչները ստանում են սեփականության իրավունքի վկայական, որպեսզի հետագայում օրինական կերպով փոխհատուցվեն: Քաղաքապետը բնակիչների հետ շրջեց թաղամասի այն տարածքներով, որոնց հարցը վիճարկվել է դատական ատյաններում, ինչպես նաեւ ոչ պատշաճ լուծում է ստացել Կադաստրի պետական կոմիտեի կողմից: Հիշեցնենք, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ Ֆիրդուս թաղամասի բնակիչներն իրենց գույքի սեփականության իրավունքի ճանաչման հարցը բարձրաձայնել էին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն անձամբ բնակիչներին ընդունել էր եւ լսել նրանց պահանջը, այնուհետեւ խնդիրն ուսումնասիրելու եւ ընթացք տալու հանձնարարական էր տվել քաղաքապետին: Մինչ այդ Ֆիրդուսի բնակիչների հետ առանձին հանդիպում էր ունեցել նաեւ քաղաքապետը, որից հետո Կադաստրի պետական կոմիտեի, քաղաքապետարանի, պետական արխիվի ներկայացուցիչներից եւ Ֆիրդուս թաղամասի բնակիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել: «Մանրամասն ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ կան բազմաթիվ սեփականատերեր, բնակիչներ, որոնք տասնամյակներ շարունակ օգտագործել են գույք, շինություն, ապրել են այդ շինություններում եւ սեփականության իրավունքի վերաբերյալ համապատասխան ձեւակերպումներ չեն ունեցել»,- այցելության ժամանակ նշեց Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ թաղամասում կան 238 սեփականատերեր, որոնցից 135-ի մասով չափագրման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 65-70 բնակչի սեփականության իրավունքներն այլեւս ճանաչված են: Մյուս բնակիչների գույքի հանդեպ սեփականության իրավունքի ճանաչման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն առաջիկա 20 օրերի ընթացքում: Ե. Զախարյանը հայտարարեց նաեւ. «20 օր հետո Ֆիրդուս թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի հետ կապված որեւէ խնդիր չենք ունենա: Այն հարցերը, որոնք դատական պրոցեսների հետ կապված առանձին քաղաքացիների կողմից այսօր բարձրացվեցին՝ հանձնաժողովը եւս մեկ անգամ առանձին-առանձին կուսումնասիրի եւ կներկայացնի իր առաջարկությունները»: Կադաստրի պետական կոմիտեի աշխատանքից, ինչպես նաեւ իրենց զբաղեցրած ինքնակամ տարածքների սեփականության իրավունքը չճանաչելու խնդրից դժգոհող տեղի բնակիչներին Ե. Զախարյանը խոստացավ անձամբ ընդունել եւ լսել նրանց պահանջները: «Պիտի փորձենք իսպառ վերացնել չլուծված բոլոր հարցերը եւ մինիմումի հասցնել դատական հայցերը, որոնք, ելնելով Հողային կամ Գույքային օրենսգրքից, քաղաքապետարանը չի կարողացել լուծել: Այդ հարցերը պիտի հնարավորինս լուծենք»,- ասաց քաղաքապետը՝ տեղեկացնելով, որ իրացման գոտի համարվող Ֆիրդուսի որոշ բնակիչներ կառուցապատողների հետ արդեն պայմանագրեր են կնքել: Ոմանք իրենց համաձայնությամբ ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ բնակարան կստանան «Արարատ» գինու կոմբինատի հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում: Ի դեպ, քաղաքապետի հավաստմամբ՝ անպայման Ֆիրդուսում բնակարան ստանալ ցանկացողներին բնակարան կտրվի հենց այդ տարածքում: «Պայմանագրերը ստորագրվում են քաղաքապետարանի մասնակցությամբ: Նկատի ունենալով մեր նախկին փորձը՝ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների հետ կապված խնդիրները, ամեն ինչ անելու ենք, որ բնակիչները դժգոհություններ չունենան»,- հայտարարեց քաղաքապետը՝ նաեւ նշելով, որ գումարային փոխհատուցումները գնահատվում են անկախ գործակալությունների միջոցով՝ հաշվի առնելով ներկայիս շուկայական գները, իսկ քաղաքապետարանն այդ գործընթացում ընդհանրապես դերակատարում չունի:
Քաղաքապետ Ե. Զախարյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանն օրերս այցելել է Նորագյուղ, Կոզեռն եւ Կոնդ թաղամասեր: Վարչապետի հանձնարարությամբ՝ լրացուցիչ հանձնախմբեր են ստեղծվել, կատարվում են համապատասխան աշխատանքներ, մասնավորապես Կոնդ թաղամասում թերի մնացած աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: Կոնդ թաղամասում 535 գույքային միավորի նկատմամբ սեփականության իրավունքն ամրագրվել է, եւ աշխատանքները գրեթե ավարտվել են: Կոզեռնում նույնպես սեփականության իրավունքի ճանաչման աշխատանքներն ավարտին են մոտենում: Ինչ վերաբերում է Նորագյուղին, ապա այդ թաղամասում մոտ 2000 գույքային միավորներ կան, որոնց սեփականատերերը տասնամյակներ շարունակ շինություններ են կառուցել եւ այդ տարածքներում ապրել են առանց համապատասխան գրանցումների: «Այսօր արդեն Նորագյուղ թաղամասում մոտ 60 գույքի մասով չափագրումներն ավարտվել են, եւ աշխատանքներն ինտենսիվ պիտի շարունակվեն»,- նշեց Ե. Զախարյանը՝ վստահեցնելով, որ քաղաքապետարանի առանձին աշխատանքային խմբերի միջոցով նման աշխատանքներ տարվում են Մյասնիկյան պողոտային հարող աջակողմյան, ձախակողմյան տարածքներում, Նորքի այգիներում եւ Շենգավիթ համայնքի՝ Ներքին եւ Վերին Չարբախ թաղամասերում, ինչպես նաեւ՝ Մանանդյան փողոցի որոշ հատվածներում: Այդուհանդերձ, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրում են մայրաքաղաքի 7 հատվածներում առկա այն գույքը, որը քաղաքացիներն առանց համապատասխան գրանցումների օգտագործել են: Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանն ասաց. «Աշխատանքները բավականին ծավալուն են, որովհետեւ դրանք կապված են յուրաքանչյուր քաղաքացու, չափագրումների հետ եւ յուրաքանչյուր գույք չափագրվում է շատ մանրամասնորեն: Հատկապես չափագրումների հետ կապված քաղաքացիների հետ խնդիրները շատ են, ինչը նշանակում է, որ դա պետք է արվի առանց շտապելու, ճշգրիտ, որպեսզի աշխատանքի պրոցեսում եւ դրանից հետո քաղաքացիների մոտ հարցեր չլինեն»: Քաղաքապետարանի կողմից ստեղծված աշխատանքային 5 խմբերը կաշխատեն այնքան, մինչեւ քաղաքում առկա նման թաղամասերի բնակիչների սեփականության իրավունքները ճանաչվեն՝ անկախ իրացման գոտիների ծրագրում ընդգրկվելու հանգամանքից: Ի դեպ, վերոնշյալ մոտեցումը չի վերաբերում պետական կամ համայնքային հողատարածքների վրա կառուցված ինքնակամ կառույցներին, քանի որ ինքնակամ շինությունների վերաբերյալ գործում է այլ օրենք, ըստ որի՝ ինքնակամ կառույցները համարվում են պետական սեփականություն: Ասել է թե՝ ոչ թե տասնամյակներ, այլ վերջին տարիներին պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների վրա կառուցված ինքնակամ կառույցների հետագա ճակատագիրը տնօրինում է քաղաքապետարանը՝ դիտարկելով շինությունների նորմատիվային դաշտում գտնվելու հանգամանքը, դրանց անօրինական կամ օրինական կարգավիճակը, այնուհետեւ տալիս է համապատասխան եզրակացություն: