Մեդալներ է, որ բաժանվում են

20/09/2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեքշաբթի օրվա հրամանագրերով ՀՀ Անկախության 16-րդ տարեդարձի առթիվ մեդալներ են շնորհվել Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության աշխատակիցների: Պաշտպանության բանակի թիվ 32964 զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանը պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով՝ «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, Արիության, Մարտական ծառայության մեդալներով՝ «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար»: «Հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար» ԱԱԾ մի քանի աշխատակիցներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» եւ Մարտական ծառայության մեդալներով: Ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են Արիության, Մարտական ծառայության, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով՝ «իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար»: Ինչ խոսք, օրինակ, հասարակական կարգի գերազանց պահպանման համար տրված մեդալները, հատկապես քաղաքում օրումեջ արձանագրվող հրետակոծությունների ֆոնին, շատ տեղին են ու ճիշտ ժամանակին: