Ռուսական եւ թուրքական մի քանի լրատվամիջոց իրենց դժգոհությունն են արտահայտել Բաքվում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմակերպական մակարդակից: Թուրքական ajansspor.com կայքը գրում է, որ «աշխարհի առաջնության կազմակերպական խնդիրները դժվար կացության մեջ են դրել մրցաշարի բոլոր մասնակիցներին»: Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ աշխարհի առաջնության անվտանգության ծառայությունը Թուրքիայի հավաքականի մարզիչներին թույլ չի տվել քառորդ եզրափակիչ գոտեմարտի ժամանակ մոտենալ գորգին: Անվտանգության աշխատակիցներն ասել են, որ գորգին կարող են մոտ թողնել միայն մեկ մարզչի, իսկ մյուսներին խնդրել են բարձրանալ տրիբունա: Խնդիրը լուծվել է միայն մարզիչների համառ պահանջներից հետո: Թուրքական կայքը գրում է, որ Անվտանգության ծառայությունը խոչընդոտում է անգամ լուսանկարիչներին: Անվտանգությունը մրցագորգի մատույցներից լուսանկարելու թույլտվություն տալիս է ամեն երկրից ընդամենը մեկ լուսանկարչի: Բաքվի Աշխարհի առաջնության կազմակերպական մակարդակի վերաբերյալ իր դժգոհությունն էր արտահայտել նաեւ «Սպորտ-էքսպրեսի» թղթակիցը: