Տենորն ակրոբատ լինել չի ցանկանում

20/09/2007

Հայաստանի Կոնսերվատորիայում սովորած, այնուհետեւ` Փարիզ տեղափոխված տենոր Ռուբեն Էլբակյանը պատրաստվում է բարեգործական համերգով ելույթ ունենալ Հայաստանում:

Այդ նախապատրաստվող համերգը լայնորեն գովազդվում է, երգչի լուսանկարները ոչ միայն ազդերում ու հրավիրատոմսերում, այլեւ` ամսագրերում ու օրաթերթերում են տպագրվում: Գեղեցիկ կեցվածք ու սանրվածք ունեցող տենորը պատրաստվում է սեպտեմբերի 28-ին Օպերային թատրոնի բեմում ներկայացնել նեապոլիտանական երգերից բաղկացած համերգային ծրագիրը: Երգիչը կարծում է, որ նեապոլիտանական երգերից շատերը լավ ծանոթ չեն հայ ունկնդրին, այդ պատճառով էլ ցանկանում է լրացնել այդ բացը: Ռ. Էլբակյանն արմատներով գյումրեցի է: Նա պատմեց, որ Երեւանում սովորելու տարիներին հայտնի օպերային երգիչներն իրեն ասել են, որ բացառիկ տվյալներ ունի ու պետք է Եվրոպա մեկնի` իր տաղանդը կատարելագործելու համար: Նա վիրավորվում է, երբ իրեն «հայրենիքը լքող» են անվանում. «Ես Հայաստանը չեմ լքել, պարզապես հասցես եմ փոխել: Հիմա Փարիզում ես ավելի մեծ ծառայություն եմ անում իմ ազգի համար, քան կանեի այստեղ մնալով: Եթե մնայի, մաքսիմում 300 դոլար աշխատավարձ կստանայի, իսկ հիմա ինձ ասում են` բռավո, դուք ազգ եք ներկայացնում, դուք Հայաստանի դեսպանն եք: Արտիստը ծննդավայր է ունենում, բայց հայրենիք չի ունենում: Նրա հայրենիքը ողջ աշխարհն է»: Ռուբեն Էլբակյանը, լինելով օպերային երգիչ, չի ցանկանում օպերային ներկայացումներին մասնակցել: Գերադասում է համերգային ծրագրեր անել, քանի որ այդպես իրեն ավելի ազատ է զգում: «Օպերայում հիմա արքա են դարձել ռեժիսորները, իսկ երգիչները նրանց ցանկությունները կատարող ակրոբատներ են: Ռեժիսորները հաճախ պոռնկական ինտերպրետացիաներ են առաջարկում, ես չեմ ուզում դրանց մասնակիցը դառնալ: Ես ակրոբատ չեմ: Եվ հետո էլ, ես չեմ շտապում օպերային բեմ դուրս գալ, քանի որ բավարարված եմ իմ համերգային գործունեությամբ»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երգչի վերջին ձեռքբերումներից է Ֆրանսիայի օրհներգի՝ հայտնի «Մարսելյեզի» ձայնագրումը, որը կատարվել է Փարիզի ռազմական նվագախմբի հետ: «Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց իմացեք, որ ամեն մեկին «Մարսելյեզի» կատարումը չէր վստահվի»,- ասաց նա: Եվ նշեց, որ ինքն իր վրա շատ է աշխատում, հետեւում է իր քաշին եւ կարողացել է 125 կգ քաշը կատարյալ քաշի հավասարեցնել: