Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեջ ունեցած ներդրումների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից երեկ պատվոգրեր հանձնվեցին «ArmTec 2007» համաժողովի կազմակերպիչներ «Վիասֆեր ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանին, «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին: ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով, Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոնային հովտում հուլիսի 4-7-ն առաջին անգամ անցկացված համահայկական բարձր տեխնոլոգիաների միջազգային գործարար այս համաժողովը կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը եւ գիտական արդյունքների՝ տնտեսության մեջ ներդրմանը:
Թոնի Մորոյանի դիտարկմամբ`«ArmTec 2007»-ը եզակի միջոցառում էր նաեւ այն առումով, որ առաջին համահայկական միջազգային համաժողովն էր Սիլիկոնային հովտում: Վերջինս համարվում է ներդրումային եւ ինովացիոն համակարգերի կենտրոն, մի վայր, որտեղ, նրա խոսքով, հաջողություն ունենալու դեպքում հաջողություն կունենաս նաեւ ողջ աշխարհում: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի եւ սփյուռքի գործարար համայնքի, կառավարական պատվիրակությունների, ակադեմիայի եւ համալսարանների ներկայացուցիչներ: Մասնակից 300 ընկերություններից 50-ը հայաստանյան էր, 10-ը` ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն ընկերություններ: Թ. Մորոյանը տեղեկացրեց, որ արդեն սկսված են «ArmTec 2009» համաժողովի նախապատրաստական աշխատանքները, սակայն մինչ այդ համաժողովներ կկազմակերպվեն Հայաստանում, Ֆրանսիայում, Կանադայում:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի ՏՏ քլաստերի համակարգող Գարեգին Չուգասզյանը նշեց, որ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջեւ թեեւ եղել են համագումարներ, սակայն այս համաժողովն առանձնանում էր նրանով, որ շատ ավելի գործնական էր եւ մասնագիտացված: Բանակցություններ են վարվում նաեւ 2008-ին «ArmTec»-ի հայաստանյան փուլ անցկացնելու համար, եւ արդեն կան մի քանի կազմակերպություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու միջոցառմանը: Սա հիմք կհանդիսանա, որ «ArmTec-2007»-ում հաստատված կապերը շարունակականություն ունենան: Ի դեպ, համաժողովին մասնակցած ընկերությունները շրջել են նաեւ ողջ Սիլիկոնային հովտում եւ կապեր հաստատել գործող կազմակերպությունների հետ: Այդ կապերի եւ պայմանավորվածությունների մի մասն արդեն վերածվել է պայմանագրերի, կան նաեւ ընկերություններ, որոնք արդեն պատվերներ ունեն արտերկրից: